Բարիք գործելը կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է, առանց բարության աշխարհը գոյություն չէր ունենա։ Ամեն օր, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է մտածել բարություն տարածելու և աշխարհը դեպի լավը փոխելու մասին։ Մեր կատարած յուրաքանչյուր լավ արարք միանշանակ իր պատասխանն է ստանում Տիրոջից, ուստի, երբ լավ ու կարևոր մի բան ենք անում, պատասխանը չի ուշանում։ Աստված մեզ սովորեցրել է սիրել միմյանց, կարեկցել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն, լինել հանդուրժող և հոգատր բոլորի նկատմամբ։
Աստվածաշնչում այս մասին ասվում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5։ 43-48):
Աստվածաշունչը ընթերցած յուրաքանչյուր անձ այս տողերը մշտապես պետք է պահի իր մտքում և գիտակցության մեջ, որպեսզի կարողանա նմանվել իր Երկնային Հորը։
Ու երբ ամենքս, այս կերպ մտածենք ու գործենք, աշխարհը ոչ միայն կգեղեցկացնենք, այլ մարդկությանը ցույց կտանք, թե որքան կարևոր է աշխարհի համար իրենց մարդ լինելը։ Սիրե՛ք ու բարություն տարածե՛ք, որպեսզի Տիրոջ առաջ ամաչելու ու արդարանալու պատճառ չունենաք։