Տիրամոր վերափոխման պատկերագրական արվեստը

Տիրամոր վերափոխման պատկերագրական արվեստը

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Ամենասրբուհի Կույսը Տիրոջ խաչելությունից հետո Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո ապրում է ևս 12 տարի, որից հետո, ինչպես Ավետման ժամանակ, վերստին գալիս է Գաբրիել հրեշտակը և ասում, որ եկել է Տիրամոր՝ երկրից երկինք վերափոխվելու ժամանակը:
 

Հայ արվեստում վերափոխման առաջին երկու արտահայտությունները գտնում ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում և Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու 1215 թ. որմնանկարներում:
 

Հայկական մանրանկարչությունում վերափոխման թեման առաջինը հանդիպում է Գրիգոր Ծաղկողի 1232 թ. նկարազարդած «Թարգմանչաց» անվանվող Ավետարանում, որը պահվում է Երևանի Մատենադարանում: Այս մանրանկարում իր ամբողջական արտահայտությունն է գտել վերափոխման պատկերագրական կանոնը, որը հիմնված է եկեղեցական ավանդության վրա: Կենտրոնում պատկերված է ձեռքերը խաչաձև կրծքին դրած և հանդարտորեն ննջող Տիրամայրը՝ շրջապատված առաքյալներով, իսկ գլխավերևում՝ Քրիստոս՝ երկնային զորքերի՝ հրեշտակաց դասի հետ միասին: Քրիստոսի շուրջը խմբված հրեշտակները շեշտում են վերափոխման տեսարանի աստվածահայտնական բնույթը: Աստվածահայտնության այս բնույթը մի շարք մանրանկարներում երկնային զորքի փոխարեն ներկայացվում է Քրիստոսից ճառագող աստվածային Լույսով, որը խորանաձև կամարով պատում է Տիրոջը:
 

Վերափոխման պատմության մեջ ասվում է, որ Համբարձումից առաջ Տիրամայրը Հիսուսին ասում է, թե ուր է իրեն թողնում այդպես անօգնական, շրջապատված նրան խաչ հանողներով: Տերը խոստանում է, որ երբ ժամանակը գա, ոչ թե հրեշտակներին և հրեշտակապետերին կուղարկի, այլ ինքը կգա իր ձեռքերում ընդունելու Սրբուհի Կույսի հոգին:
 

Այս պատմության հետևողությամբ մանրանկարներում Քրիստոս պատկերվում է Տիրամոր հոգին որպես բարուրված մի մանուկ ընդունելիս:
 

Երկնային արքայությունում արդարները պատկերվում են որպես ճերմակազգեստ մանուկներ, որն արտացոլվել է նաև վերափոխման պատմության մեջ, ուր ասվում է, թե Տիրամայրը երբ հոգին ավանդեց Իր Միածին Որդու ձեռքերում՝ զվարթ դեմքով, Տերը առնելով Իր մոր հոգին, այն հանձնեց Միքայել հրեշտակապետին և ոչ ոք չի կարող Տիրամոր հոգու պատկերը ներկայացնել, քանի որ այն սպիտակ էր և ասես լույսով պատված:
 

Քրիստոսի աջ և ձախ կողմերում երկնքից իջնող երկու հրեշտակներ են, որոնք գալիս են Տիրոջ ձեռքից վերցնելու և երկինք փոխադրելու Տիրամոր հոգին: Կապվելով հոգեհանգստյան արարողության հետ, հրեշտակները երբեմն պատկերվում են ձեռքներին սրբիչ պահած:
 

  Ինչպես «Թարգմանչաց» Ավետարանում, այնպես էլ մի շարք այլ մանրանկարներում Վերափոխման տեսարանում պատկերվում են երկու դիմահայաց շինություններից Տիրամորը նայող երկու կանայք: Նրանք անվանվում են սգարկու կանայք, ովքեր Տիրամորը սպասավորել և ուղեկցել էին նրա կենդանության ժամանակ, իսկ այստեղ էլ սգում են նրա երկրային կյանքի ավարտի համար:
 

Տիրամոր աջ և ձախ կողմերում վեց հոգանոց երկու խմբերով կանգնած են 12 առաքյալները Պողոս և Պետրոս առաքյալների գլխավորությամբ:
 

Վերափոխման պատմության մեջ նաև   ասվում է, որ երբ Տիրամայրը վերադառնում է Ձիթենյաց լեռից և պատրաստվում հոգին ավանդելու Սուրբ Հոգու ազդմամբ գալիս և Տիրամոր շուրջն են հավաքվում առաքյալները: Երբ իմանում են, որ Տիրամոր երկրային կյանքը մոտենում է իր ավարտին և դառնորեն լաց են լինում:
 

Համաձայն միջնադարյան մեկնությունների՝ վերափոխման ժամանակ կատարվեցին Ղուկասու Ավետարանի այն խոսքերը, թե ուր մարմինն է, այնտեղ են ժողովվում և արծիվները: Տիրամայր-արծիվներ զուգահեռը իր արտացոլումն է գտել նաև հայկական ժողովրդական երգերից մեկում, որը սկսվում է հետևյալ տողերով.

 

Սուրբ Աստվածածնա տոնին

Արծիվն էր կանգնել ի քարին:

 

Տիրամոր աջ և ձախ կողմերում առաքյալներից բացի պատկերված են նաև խաչանիշ հանդերձներով երկու հոգևորականներ, ովքեր խորհրդանշում են քրիստոնեական եկեղեցու նվիրապետության ձևավորումը առաքելական շրջանում: Նրանցից աջ կողմում գտնվողը Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալն է, իսկ երկրորդը՝ Դիոնիսիոս Արեոպագացին, որը, համաձայն ավանդության, առաջինն է գրել Տիրամոր վերափոխման պատմությունը Տիտոս առաքյալին ուղղված իր թղթերից մեկում:
 

Մի շարք մանրանկարներում առաքյալներից մեկը պատկերվում է խոնարհված Տիրամոր մահճին, որը արձագանքն է Վերափոխման պատմության հետևյալ դրվագի: Առաքյալները Տիրամորը ասում են. «Քանի որ շուտով երկինք ես փոխվելու քո Միածին Որդու մոտ, վերցրու քո այս պատկերը, որը նկարել է Հովհաննեսը և դիր աստվածազարդ քո դեմքի առջև և օրհնիր այն ու տուր մեզ, որպես հիշատակ, ինչպես որ քո Միածին Որդին չարչարանքի իր փայտը տվեց որպես նշան փրկության աշխարհի, և տեսնելով այս պատկերը, մխիթարվենք, ինչպես քեզ տեսնելիս»:
 

Վերափոխման պատմությունում ասվում է, որ երբ Տիրամորը հողին են հանձնում, երեք օր հրեշտակային օրհներգություն է լսվում:
 

Ավանդությունը պատմում է, որ ի մխիթարություն Բարդուղիմեոս առաքյալի, ով Սուրբ Հոգու տնօրինությամբ ուշացել էր և չէր տեսել Աստվածամորը, նրան տալիս են Տիրամոր պատկերը, որը նա իր հետ բերում է Հայոց աշխարհ: Ահա այս պատճառով Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է Տիրամոր պատկերը ձեռքին, իսկ Թադեոս առաքյալը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ձեռքին, որը նա իր հետ Հայաստան էր բերել: Վերափոխման պատկերներում այս պատմության իրարահաջորդ բոլոր դրվագները ի մի են հավաքված:
 

Պատկերագրական իր յուրահատկություններով և կառուցվածքային առումով բավականին հետաքրքիր է Անանուն Սյունեցու՝ 15-րդ դարում նկարազարդած Ավետարանի վերափոխման պատկերը, որը խաչաձև կառուցվածք ունի, որի հորիզոնական թևը ներկայացնում է ննջող Տիրամորը. ուղղահայաց թևի վերին մասում Քրիստոսն է, իսկ ներքևում գրակալին բացված Ավետարանն է՝ Տիրոջ խոսքը: Քրիստոս մի ձեռքով օրհնում է Տիրամորը, և մյուսով Տիրամոր հոգին հանձնում այն վեր տանելու համար ձեռքերը պարզած հրեշտակին: Այստեղ պատկերված աստղազարդ երկինքը խորհրդանշում է, որ այս արարողությունը տեղի է ունենում գիշերը, ինչպես որ Վերափոխման պատմությունում է ասվում, թե գիշերով սաստիկ շարժում և դղրդյուն է լինում, ու սքանչելի փայլատակում, և Տերը հայտնվում է հրեշտակների բազմությամբ:
 

Տիրամոր վերափոխումը խորհրդանշական մի զուգահեռ է գծում Ավետման հետ և համարվում է երկրորդ ավետում: Գաբրիելի տված առաջին ավետումը՝ Ծննդյան, երկրորդ ավետումը՝ մի նոր սկզբի: Ծնունդը՝ երկրային փառքը, վերափոխումը՝ երկնային փառքը Տիրամոր երկնային թագադրմամբ, որը հայ արվեստում իր գեղարվեստական բարձրակետին էր հասնելու 18-րդ դարի հայ դասական գեղանկարչության մեջ և ի մասնավորի՝ Հովնաթան Հովնաթանյանի նույնանուն նշանավոր կտավում:

 

 

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×