Երևան-2800. Երևանը միջնադարում

Երևան-2800. Երևանը միջնադարում

9-13-րդ դարերի աշխատություններում որոշակի հիշատակումներ կան ճարտարապետական կառույցների, հնությունների և առանձին թաղամասերի մասին: 20-րդ դարում, երբ Կարմիր բլուրի տարածքում հայտնաբերվեցին ուրարտական Թելշեբաինի բերդաքաղաքի հետքերը,  ուշադրություն դարձվեց նաև նրա գագաթին գտնվող դաստակերտի ավերակների վրա: Պարզվեց, որ այն գոյություն է ունեցել 11-12-րդ դարերում: Ճարտարապետական առումով այդ ավերակներն առանձնապես հետաքրքրություն չէին ներկայացնում, բայց պատմության առումով շատ կարևոր էին:  Երևանի տարածքում հայտնաբերված դրամների մի մասը, որոնց մասին խոսել ենք  առևտրի հետ կապված, հայտնաբերվել էին հենց այս տարածքում: Դրանք իրենց վրա կրում էին սելջուկյան սուլթանների ու աթաբեկերի և այն քաղաքների անունները, որտեղ հատվել էին: Հայտնաբերվել էին նաև կավե առարկաների մնացորդներ, որոնց համադրությունը դրամների հետ հաստատում էր դաստակերտի ունեցած տնտեսական նշանակությունը: 10-13-րդ դարերում է գոյություն ունեցել նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող բերդը, որի մասին մենք արդեն հիշատակել ենք, իսկ տեղանքը բնակեցված է եղել շատ ավելի վաղ ժամանակներից: Նույն այդ ժամանակներում է գոյություն ունեցել Նորքը, որը հետագայում՝ 1837 թ. միանում է Երևանին: Նորքը Երևանի շրջակայքի այն գյուղերից էր, որը մինչև միանալն էլ սերտորեն կապված էր քաղաքի հետ: Այն առաջին անգամ հիշատակվում է 1297 թ. մի հիշատակարանում:
 

Հին Երևանի կառույցներից արվեստի և ճարտարապետության առումով զգալի հետաքրքրություն է  ներկայացնում Սբ. Կաթողիկե եկեղեցին:  Ժ. Շարդենը, ում մասին արդեն հիշատակել ենք, հենվելով տեղացիների պատմածների վրա, գրում է, որ Կաթողիկեն քաղաքի ամենահին եկեղեցին է և գոյություն է ունեցել հայոց թագավորների  ժամանակներից: Նրա կարծիքն ընդունել են նաև  քաղաք այցելած մյուս ճանապարհորդները  (Հ. Լինչը նույնպես գտնում է, որ Երևանի ամենահին եկեղեցին Կաթողիկեն է): Բայց ճարտարապետների կարծիքով Կաթողիկեն 13-րդ դարի կառույց է, քանի որ իր ընդհանուր կառուցվածքով և, այսպես կոչված, «սելջուկյան շղթայովե, որը ձգվում է քիվի երկայնքով՝ հարազատ է այդ շրջանի ճարտարապետությանը: 20-րդ դարի սկզբին քաղաքի վերակառուցման տարիներին քանդվեց նաև այս եկեղեցու մի մասը: Եկեղեցու ուսումնասիրության նպատակով կատարված պեղումներից  պարզվեց, որ մեծ սեղանի տեղում եղել է ավելի հին եկեղեցի: Կաթողիկեից գտնված 7 վիմագիր արձանագրություններից  5-ը (13-14 դդ.) գրված էին այդ եկեղեցու պատերին, որոնցից մեկի՝ 1264 թ. արձանագրության մասին մենք հիշատակել ենք: Նման կառուցվածք է  ունեցել նաև Երկերեսնի Սբ. Նշան եկեղեցին, որի գտնվելու վայրի մասին հայագետների կարծիքները բաժանվում են:  1679 թ. երկրաշարժից հետո Երկերեսնին  այլևս  չի հիշատակվում, բայց համեմատությունները ցույց են տալիս, որ պետք է գտնված լիներ  Սբ. Սարգիս եկեղեցու տարածքում:
 

Ճարտարապետական առումով միջնադարյան Երևանի կարևոր կառույցներից կարող ենք համարել նաև Կոզեռնի, Գեթսեմանի և Սուրբ Անանիայի մատուռները: Կոզեռնի մատուռը գտնվում էր Կոնդում, քաղաքի ամենահին գերեզմանատանը (այժմյան Բաղրամյան պողոտայի տարածքում), կառուցվել էր 11-րդ դարում, մեր հիշատակած Հովհաննես վարդապետ Կոզեռնի  շիրիմի վրա: Հետագայում, ըստ Առաքել Դավրիժեցու, նրա կողքին  էին թաղվել վարդապետ Մելիքսեթ Վժանեցին և կաթողիկոս Մովսես Սյունեցին: 1679 թ. երկրաշարժից մատուռը խարխլվում է: 1829 թ. Երևանի մելիք Սահակ Աղամալյանը այն ամբողջովին վերականգնում է և դարձնում իր տոհմական դամբարանը: Չնայած դրան երևանցիները շարունակել են մատուռը և դրա անունով նաև գերեզմանատունը կոչել Կոզեռն: Քաղաքի վերակառուցման տարիներին քանդվում են նաև գերեզմանատունն ու մատուռը: Շինարարական աշխատանքների ժամանակ գտնվեցին հեթանոսական շրջանի  և  4-7-րդ դարերի քարե դամբարաններ: Գեթսեմանի մատուռը գտնվել է քաղաքի հին թաղում՝ ներկայիս օպերայի և բալետի շենքի տեղում: Քանդվել էր 1679 թ. երկրաշարժի ժամանակ, բայց հիմքերը պահպանվել էին, որի շնորհիվ էլ մի քանի անգամ վերականգվել էր: Բայց քաղաքի վերակառուցման տարիներին այն քանդվեց ամբողջությամբ: Ճարտարապետները նրա ընդհանուր կառուցվածքի մեջ տեսնում էին նմանություններ 12-13-րդ դարերի եկեղեցական ճարտարապետության ոճի և ձևի հետ: Սակայն  կառուցման կոնկրետ դարը հայտնի չէ (արձանագրությունները գրեթե անընթեռնելի էին, կարդացվում էր միայն 1901 թ. գրվածը, որը Մելիք Աղամալյանի կողմից վերանորոգելու մասին էր): Ե. Շահազիզը հաղորդում է, որ մատուռը նորոգելիս  հատակի տակ գտնվել է դամբարան, որը հավանաբար այն նշանավոր երևանցունն էր, ով ուխտագնացություն էր կատարել Երուսաղեմ, եղել էր Գեթսեմանի պարտեզում, որի պատճառով էլ նրա դամբարանի վրա կառուցված մատուռը համաքաղաքացիներն  այսպես են անվանել:  Նույն ժամանակաշրջանում է հավանաբար գոյություն ունեցել նաև Սուրբ Անանիա առաքյալի դամբարանի վրա կառուցված մատուռը: Այն գտնվել է Նոր թաղում  (այժմյան Բարեկամության փողոցի սկզբնամասում): Ըստ Առաքել Դավրիժեցու՝ մատուռը  կառուցվել է 12-13-րդ դարերում: 17-րդ դարում, Ամիրգունա խանի օրոք, Մովսես Սյունեցի վարդապետը (հետագայում՝ կաթողիկոս) այստեղ կառուցում է համանուն եկեղեցի, որին ժողովուրդը տվել է Զորավոր անունը:  Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում է գոյություն ունեցել նաև Երևանի հայտնի աշտարակը, որի մասին առատ տեղեկություններ է հաղորդում Շարդենը: Նա գրում է, որ աշտարակը կառուցվել է հին ժամանակներում, ունի յուրահատուկ ճարտարապետություն և հայերեն տառերին նման գրերով անընթեռնելի արձանագրություններ: Աշտարակը և նրա շուրջն ընկած ավերակները նկարելով ու նկարագրելով՝ նա գալիս է այն եզրակացության, որ այստեղ վանք է եղել, որի կենտրոնում էլ գտնվել է աշտարակը: 1679 թ. ավերիչ երկրաշարժից քանդվում է նաև այս շինությունը, այդ է պատճառը, որ հետագա ճանապարհորդներն անգամ հնարավորություն չեն ունեցել  իմանալ Շարդենի հիշատակած աշտարակի ճշգրիտ տեղը: Հայագետների մեծ մասի կարծիքով  այն գտնվել է Հրազդանի աջ ափին, Ձորագյուղի դիմաց:          

 
 

Պատրաստեց Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոր պատմություն» բաժնի վարիչ     

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ           

  • 2022-02-08
×