Փակվեց «Ստամբուլի աչքը»

Փակվեց «Ստամբուլի աչքը»

Հոկտեմբերի 18ին՝ Ստամբուլում, 90 տարեկան հասակում վախճանվեց Արա Գյուլերը, ով  XX դարի ամենահռչակավոր վավերագրողներից էր, Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայ ամենահայտնի լուսանկարիչը: Աշխարհում շատերն առաջին անգամ Գյուլերի օբյեկտիվի միջոցով են տեսել, թե ինչպիսին են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը կամ Յասեր Արաֆաթը: ««Թայմի» մեջ Արաֆաթի առաջին պատկերն իմն է, ասում էր Գյուլերը, ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր ռեպորտաժ  անում: Եթե ուզեմ Ձեզ հետ ռեպորտաժ անել, չեմ ասի, նախ կընկերանամ»: Նա նկարել է Պիկասոյին ու Դալիին, Ինդիրա Գանդիին ու Մարկ Շագալին, Ալֆրեդ Հիչքոքին ու Արամ Խաչատրյանին: Արա Գյուլերի լուսանկարչության գոհարը ստամբուլյան պատկերներն են: Պատահական չէ, որ տարածաշրջանի լուսանկարչության կնքահորն անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», մինչդեռ նա իրեն համարում է «վիզուալ պատմաբան»՝ խոստովանելով, որ չափազանց կարևորում է մարդու ներկայությունը կադրում:

 

Ընտանիքը

 

«Ես Պոլիս ծնած եմ 1928ի օգոստոս 16ին` ցերեկը ժամը 4:30ին: Լա՞վ», իր կյանքի պատմությունն է սկսում Արա Գյուլերը: Նա արմատներով ՇապինԳարահիսարից է: Հոր՝ Տաճատ Գյուլերի  ընտանիքի ազգանունը Տերտերյան է եղել, սակայն 1934ին՝ Թուրքիայում ազգանունների թուրքացման մասին օրենքի ընդունումից հետո նրանք վերցրել են Գյուլեր ազգանունը: «Հայրս մի օր ասաց. «Տղա ջան, ամբողջ աշխարհը պտտեցար, բայց մեր գյուղը չեկար»: Որոշեցինք գյուղ գնալ, ամբողջ տեղը պտտվեցինք, հայրս իրենց տունը փնտրեց, բայց չգտավ, որովհետև քանդել էին: Հետո գերեզմանատուն գնացինք, այնտեղ էլ էին քանդել», պատմում է Արա Գյուլերը: Գյուղից վերադառնալիս Արայի հայրը հիշում է, որ մոռացել է ամենակարևորը` գյուղում աճող պտուղները: «Երկու հարյուր կիլոմետր անցել էինք, եթե հետ գնայինք, օրը կավարտվեր: Դրա համար ասացի` մի անգամ էլ հետո կգանք, կառնենք: Վերադարձանք Պոլիս», հիշում է լուսանկարիչը:

Ամիսներ անց Տաճատ Գյուլերը մահանում է: Հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ դուռը թակում են: Շեմքին կանգնած երկու մարդ ասում են, որ Տաճատ Գյուլերին են փնտրում. «Ասացի՝ մեռել է, թաղմանն ենք գնում, դուք էլ եկեք: Մեկ էլ ասացին, որ ՇապինԳարահիսարից են, բան են բերել Տաճատի համար: Ի՞նչ պիտի լիներ` պտուղներն էին, գյուղի պտուղներն էին բերել արկղով: Պտուղները տոպրակների մեջ լցրեցի, գերեզմանատուն գնացինք: Արարողությունն ավարտելուց հետո վարդապետին պատմեցի, վարդապետն ասաց` պտուղները դրեք իր հետ: Պապաս իր գյուղի պտուղների հետ գնաց»:

 

Ճանապարհը դեպի լուսանկարչություն

 

 Արա Գյուլերը սովորել է Պոլսի Մխիթարյան դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում: Այնտեղ ուսանելու տարիներին սկսել է հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական խմբակ. «Հայրս թատերական ու կինոաշխարհի բոլոր մարդկանց հետ ընկեր էր, թատրոնի մեջ եմ մեծացել: Սցենարիստ էի ուզում դառնալ: Եթե լինեի, հիմա այդպես էլ պիտի մնայի, բայց աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներից մեկը դարձա», գոհունակությամբ ասում է Գյուլերը: Վարժարանն ավարտելուց հետո հոր կամքով ընդունվում է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության բաժին: «Հայրս մեծ դեղատուն ուներ՝ 15 հոգի մոտը կաշխատեին, կուզեր, որ իր համար աշխատեի», բացատրում է նա: Ուսանողական տարիներին Գյուլերը տարվում է լուսանկարչությամբ: 1950 թ. սկսում է աշխատել թուրքական «Յենի Իսթանբուլ» ամսագրի համար: 1958ին, երբ ամերիկյան «TimeLife» հեղինակավոր հանդեսը մասնաճյուղ է բացում Թուրքիայում, Արա Գյուլերը դառնում է դրա առաջին թղթակիցը Մերձավոր Արևելքում` միաժամանակ աշխատելով «Paris Match» և «Der Stern» ամսագրերի համար: 1953ից նա միացել էր Փարիզի «Մագնում» ֆոտոգործակալությանը: 1961ին բրիտանական Լուսանկարիչների ամենամյա անթոլոգիան նրան հռչակեց տարվա լավագույն յոթ լուսանկարիչներից մեկը, նույն տարում դարձավ Լուսանկարիչների ամերիկյան ընկերության անդամ: 

 

Արա Գյուլերը և Արամ Խաչատրյանի լուսանկարը

 

Արամ Խաչատրյանին լուսանկարելու պատմությունը Արա Գյուլերը հիշում էր ջերմ ծիծաղով: Նա պատմում էր, որ Խաչատրյանին լուսանկարում էր կոմպոզիտորի մոսկովյան բնակարանում: Հայազգի կոմպոզիտորը բավականին լարված էր նստել լուսանկարչի առջև, արհեստական կեցվածք ընդունել: «Մարդը հազար ու մի մոդել կընե: Ես ադանք պատկեր չեմ քաշեր», պատմում էր Գյուլերը: Լարվածության մթնոլորտն ավելի էր թեժացնում այն հանգամանքը, որ չէին կարող շփվել մեկ լեզվով. Գյուլերը խոսում էր արևմտահայերեն, Խաչատրյանը՝ ռուսերեն:  Կոմպոզիտորին լարվածությունից հանելու համար Գյուլերը որոշում է մի փոքր դադար վերցնել: Ժամանակ շահելու համար լուսանկարիչը որոշում է փոխել լույսերի դիրքը: Տեղափոխում է լույսերը և բարձր լարման տակ գտնվող լույսերը փորձում միացնել վարդակին: «Ամբողջ շենքի լուսերը գնացին: Հիմա մենք Խաչատուրյանի հետ մնացել ենք մութին մեջ: Արամ Խաչատուրյանը մեկ բառ չիդե, ռուսերեն ուրիշ լեզու չիդե: Հիմա ինչերե՞ն պիտի խոսենք մարդու հետ, մթին մեջ ենք մնացել երկուքս»: Հետո երկուսով գնացել են խոհանոց: Քանի որ էլեկտրականություն չի եղել, և  ոչինչ տաքացնել չի հաջողվել, տանտերը սեղանին մի կտոր հաց է դրել, պանիր, և նրանք առանց որևէ բառ արտասանելու՝ միմյանց նայելով, հաց և պանիր են կերել: «Երևի դա իմ կյանքում ամենաանհաջող ռեպորտաժն էր», ասում էր Գյուլերը:
 

Հ. Գ. Գյուլերի հոր հիմնած դեղատունը չի «մահացել»` կյանք ստանալով «Արա» անունով սրճարանում, որտեղ գրեթե միշտ հերթ է: Լավ թեյ ու ընտիր սուրճ, տաք շոկոլադ ու խաղաղություն` ահա թե ինչ են այստեղ փնտրում մարդիկ:  Լուսանկարիչն ասում էր. «Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է»: Եվ նա թողեց իր հետքը՝ երկու միլիոնանոց ժառանգություն, ասել է թե` երկու միլիոն մարդկային պատմություն՝ պատսպարված հայրական տան վերնահարկում, որն էլ դարձավ Արա Գյուլերի տունթանգարանը:

 

Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×