Թանգարանագիտության և թանգարանային կրթության մասնագետ Ջորջ Հայնը խոսում է այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որ տարբեր տարիքային խմբերի այցելուները սովորեն թանգարանում: Նա կարևորում է երկու հարց, որոնք պետք է հաշվի առնել ցուցադրության կազմակերպման ժամանակ. ի՞նչ պետք է սովորի այցելուն և ինչպե՞ս:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Հասկաքաղ. Միհրան Թումաճան» ժամանակավոր ցուցադրության մեջ այցելուին հնարավորություն էր տրված ճանաչել մատուցվող նյութը դիտելով, լսելով, շոշափելով, զգալով:
Դիտելիս
Ցուցադրության ժապավենաձև զարգացումը այցելուին ծանոթացնում է Կոմիտասի սան, երաժշտագետ-բանագետ, բանահավաք, խմբավար Միհրան Թումաճանի կյանքին ու գործունեությանը: Արխիվային լուսանկարները, փաստաթղթերը, նամակները, նոտաները, հուշատետրերը բացում են այցելուի առաջ երախտավոր բանագետի կատարած հսկայածավալ աշխատանքը:
Լինելով Հայոց ցեղասպանության ժամանակ հայրենիքը կորցրած և Սփյուռքում ապաստան գտած հայերից մեկը՝ Միհրան Թումաճանը, տեսնելով օտար ափերում հայերի ձուլման վտանգը, շարունակում է իր ուսուցչի՝ Կոմիտասի գործը՝ սփյուռքում հաստատված հայերից գրառելով մոռացության վտանգի տակ գտնվող հազարավոր երգային ու բանահյուսական նմուշներ:
Լսելիս
Բացի ցուցադրված նմուշները դիտելուց՝ այցելուն հնարավորություն ունի նաև ականջակալներով լսելու Թումաճանի ձայնը: Նա պատմում է հինգ սաների՝ Կոմիտասին Փարիզում այցելության մասին, ներկայացնում իր բանախոսությունը հայ երաժշտության մասին, արտահայտում Կոմիտասի սան և իր ընկեր Բարսեղ Կանաչյանի մահվան առթիվ իր հույզերը: Խմբավար Թումաճանին բացահայտում են մի ձայնագրության միջոցով, որտեղ Թումաճանի ղեկավարած երգչախումբը կատարում է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի «Աբեղան» ստեղծագործությունը:
Այս ամենից զատ՝ ցուցադրության ավարտին այցելուն մտնում է մի առանձին սենյակ՝ ձայնադարան, որտեղ կարող է լսել Թումաճանի հավաքած երգային նմուշներից ավելի քան 40 օրինակ, որոնց ձայնագրությունները արվել են թանգարանի ձայնագրման սրահում: Հենց այս սենյակում է, որ ցուցադրությունը այցելուին թույլ է տալիս մատուցվող նյութը յուրացնել մի քանի զգայարաններով համատեղ՝ դիտելով, լսելով և շոշափելով: Երբ զգայուն էկրանից ընտրում են նախընտրած երգը, քարտեզին հայտնվում է երգի ծննդավայրը, ինչպես նաև երգասացի, կատարողի անունները և թե որտեղ ու երբ է գրառվել երգը:
Զգալիս
Միջավայրը, որտեղ Թումաճանը գրառում էր երգերը, օտար էր հայերին, և բանասացներին դժվար էր վերհիշել, վերարտադրել այն երգերը, որոնք իրենց հարազատ միջավայրի, առօրյայի անբաժան մասն են եղել: Մտնելով առանձին սրահ՝ այցելուն զգում է Թումաճանի կատարած գործի դժվարությունը՝ օտար ափերում հայերին վերհիշել տալ երգային ու բանահյուսական այն պատառիկները, որոնք հայրենիքից փրկվել են իրենց հիշողությամբ: Սենյակում նյույորքյան միջավայր է, որտեղ պատկերված է հային պատկանող վարսավիրանոցի՝ «Anoush barbershop»-ի մի տեսարան, որտեղ վարսավիրանոց հիմնողը՝ Անուշ Գրիգորյանը, աշխատելուն զուգընթաց երգում է: Այդ երգերը հենց բանասացի կատարմամբ հնչում են ցուցադրության այս հատվածում:
Շոշափելիս
Ովքե՞ր էին Կոմիտասի հինգ սաները, որոնք, նրա մոտ մասնավոր դասեր առնելով, շարունակեցին նրա գործը՝ երգչախմբեր կազմելով, համերգներ տալով, գրքեր հրատարակելով, երգեր հավաքելով: Նրանց ինքնատիպ բնորոշումներով նկարագրում է Թումաճանը: Հինգ սաներին ծանոթանալու համար այցելուն կանգնում է նրանց խմբակային լուսանկարի առջև և պտտելով յուրաքանչյուրի դեմքը՝ բացահայտում յուրաքանչյուրի կերպարը՝ կարդալով նկարի տակ գրված տողերը: Ցուցադրության այս անկյունում վերանում է թանգարանային ցուցանմուշներին ձեռք տալու տաբուն. այցելուն շոշափելով է քաղում ներկայացված տեղեկությունը:
Հ. Գ. Միհրան Թումաճանի՝ Կոմիտասին ուղղված հուզիչ խոսքը՝ «Մենախօսութիւն Կոմիտաս Վարդապետի հոգիին հետ», որ ընդգրկված է ցուցադրության մեջ, ներկայացնում ենք ստորև.
«Հա՛յր սուրբ,
-Կը յիշե՞ս, հայր սուրբ, մենք քեզ այսպէս կկանչէինք, քեզմէ հեռու կամ քեզ հետ, մեր դասերու ժամանակ կամ խաղերու ընթացքին. դուն Վարդապետ մը,- այլ յորջորջմամբ հայր սուրբ մը,- չէիր մեզի համար կարծես: Դուն Կոմիտաս Վարդապետն էիր, միշտ եւ յաւիտեան, Կոմիտաս անունիդ վերդիրն էր Վարդապետը, լրացուցիչը՝ լրացեալին, ամբողջութիւնը՝ պատկեր մը ինքնին, որ ո՛չ պարզ անուն մը կո’գեկոչէ, ո՛չ ալ սոսկ տիտղոս մը: Գիտէինք եւ մեծ յարգանքով կը մօտենայինք մանաւանդ այն պահերուն երբ դուն էիր որ կը պատարագէիր Ղալաթիոյ Սբ. Լուսաւորիչ եկեղեցիին խորանէն, կը զգայինք խորապէս թէ պատարագի խորհուրդը կը մարմնանար, կ’անձնաւորուէր, ու դուն աստուածացած կարծես, կը դառնայիր մեզի, քու անդրաշխարհեան, երկակապոյտ ու եթերային նայուածքներուդ մէջէն, մենք կարծես կը զգայինք թէ դուն ես որ Հաց եւ Արիւն եղած՝ կը բաշխուիս մեզի... մանաւանդ երբ քու անդրախորհուրդ ձայնիդ մէջէն երբ կ’արձագանգէիր.- ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց...»:
Պատրաստեց Ալետա ՀԱԿՈԲՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ