Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ինչպես նաև Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի հետ զրուցել ենք թատերական արվեստի նրբությունների և թատրոնի փոխանցած հոգևոր արժեքների մասին:
-Ո՞րն է թատրոնի առանձնահատկությունը արվեստների բազմազանության մեջ:
-Մեր ազգի համար թատրոնը յուրահատուկ դեր ունի: Հայ մարդը աշխարհի տարբեր անկյուններում, համախմբման և ազգային ինքնության պահպանման համար, եկեղեցու և դպրոցի հետ կառուցել է նաև թատրոն: Փիլիսոփաներից մեկն ասում էր՝ մարդիկ գալիս են թատրոն, որ կիսեն միևնույն երազանքը:
Թատրոնը առավել կենդանի է մյուս արվեստներից, որովհետև աշխատում են դահլիճում գտնվող հանդիսատեսի բոլոր զգայարանները: Ի տարբերություն կինոյի՝ թատրոնը մոնտաժ չունի: Կինոյում կարողանում ես նկարահանել տասը կադր՝ ընտրելով լավագույնը, ինչն այլևս փոփոխման ենթակա չէ, իսկ թատրոնում ամեն հաջորդ ներկայացում նման չէ նախորդին, որովհետև դերասանը հասունանում է ամեն ներկայացման հետ:
-Ի՞նչ ճշմարտություններ կարելի է բացահայտել թատրոնի բեմում:
-Թատրոնում դու զգում ես դերասանի կենդանի շունչը, բեմից հորդող էներգիան: Թատրոնում հանդիսատեսը ձուլվում է բեմին՝ ապահովելով նաև իր ներկայությունը, որովհետև գալիս է մի զգացմունքային պահ, երբ հանդիսատեսը մոռանում է՝ բեմու՞մ է, թե՞ դահլիճում, և կատարվում է միաձուլման այն կարևոր ընթացքը, որից զուրկ են շատ արվեստներ: Լավ թատրոնն առողջարան է, հոգու առողջարան: Թատրոնից կարող ես դուրս գալ շատ հարցերիդ պատասխանները ստացած, մաքրված, «առողջացած»:
-Որտե՞ղ են խաչվում քրիստոնեական պատգամներն ու թատրոնի ասելիքը:
-Լավ թատրոնի քարոզը քրիստոնեական է: Այն, ինչ ցանկանում են հոգևորականները փոխանցել մարդկանց, նույնը նաև թատրոնի նպատակն է: Թատրոնում հոգիդ մաքրվում է, և ավելի ես մոտենում Ամենակալ Տիրոջը: Այստեղ հայտնի վրացական ֆիլմի վերջաբանի նմանությամբ պիտի ասեմ՝ ու՞մ է պետք ցանկացած արվեստի ճանապարհ, եթե դա չի տանում դեպի տաճար, դեպի ճշմարտության որոնում: Ցանկացած արվեստագետ իր ամբողջ ստեղծագործական կյանքում այդ ճշմարտությունը որոնելու ճանապարհին է: Այլ հարց է՝ կգտնե՞նք, թե՞ ոչ. ընթացքն է կարևոր: Ուսանողական տարիներին Անդրեյ Տարկովսկու հետ հանդիպման ժամանակ նրան հարցրին՝ ի՞նչ է ճշմարտությունը, որին նա տվեց շատ պարզ պատասխան. «Այնպես, ինչպես Դուք եք մտածում, Ձեր ճշմարտությունն է, իմը՝ իմ ճշմարտությունն է, բայց մեր ճշմարտություններից զատ, կա բացարձակ ճշմարտություն, որին ձգտումը ապահովում է արվեստի ճանապարհը»:
-Քրիստոնեական ո՞ր պատգամն է ամենադժվար իրագործվողը:
-Բոլորը, որովհետև եթե դժվար չլինեին, գրված չէին լինի: Դրանք կարծես զսպաշապիկ են հագցնում մարդու կենդանական բնազդներին: Դրանցից հրաժարվելն ու հոգիդ դեպի Լույսն ուղղելն ամենադժվարն է: Ընդհանրապես մարդ լինելն է շատ դժվար, երբ հաղթահարելով բնազդներդ, պիտի հասնես սրտի և մտքի ներդաշնակության, ինչն էլ ղեկավարելու է հետագա գիտակցական կյանքդ:
-Ո՞րն է Բարձրյալ-թատրոն-հանդիսատես կապի ամենախորհրդավոր գաղտնիքը:
-Բարձրյալը դերասանին տալիս է շնորհ, ինչը նա փոխանցում է հանդիսատեսին: Դա ցանկացած արվեստագետի առաքելություն է այս կյանքում: Նրանց կյանքը միայն իրենց չի պատկանում: Դրա համար բոլոր տաղանդավոր, հանճարեղ արվեստագետների կենցաղն ու մտածելակերպը տարբերվում է: Կարծում եմ արվեստագետները կապն են Աստծո և մարդկանց միջև: Այդ առումով ես միշտ համեմատության եզրեր եմ տեսնում հոգևորականների հետ, ովքեր Աստծո խոսքն են փոխանցում հավատացյալներին:
- Ձեր արվեստում լռության մասին խոհերը շատ-շատ են: Արդյո՞ք դա Աստծուն մոտենալու ևս մի միջոց է:
-Այո՛, լռության ձայնն Աստծո ձայնն է, որից մենք շատ ենք հեռացել: Թե՛ 20-րդ, թե՛ 21-րդ դարերը չափազանց աղմկոտ էին և լեցուն բառերով, ուստի պիտի կարողանանք լռել և լսել Աստծո ձայնը: Մորիս Մետերլինկը մի շատ հետաքրքիր գործ ունի, որտեղ փորձում է բոլոր երևույթներին բացատրություն տալ, այդ թվում և լռություն բառին: Նա ասում է, երբ հանդիպում են երկու մարդ և ոչ մի ընդհանուր բան չեն ունենում իրար հետ, առաջին բանը, որ անում են, քշում են իրենց թշնամուն՝ լռությունը, և այդ դատարկությունը սկսում են լցնել սին բառերով: Իսկ երբ շատ ընդհանուր բան կա, մարդիկ կարողանում են վայելել այդ լռությունը, որովհետև լռության մեջ ավելի հետաքրքիր և խորը հոգևոր երկխոսության կարող է ծավալվել: Ի վերջո, սերն էլ է լռության մեջ ծնվում: Լռության նշանակության մասին շատ երկար կարելի է խոսել, որովհետև այն ունի և՛ իր բարեբեր, և՛ կործանարար ուժը:
-Ի՞նչ եք տվել Ձեր արվեստը սիրող մարդկանց:
-Դժվար հարց է: Ընդհանրապես ցանկացած պարագայում շատ կործանարար է սեփական ես-ի վկայակոչումը: Միայն զավակներիս և ուսանողներիս պարագայում կարող եմ պատասխանատվություն վերցնել, որովհետև լավ եմ տվել, թե՝ վատ, ես եմ տվել: Ինչ վերաբերում է իմ ֆիլմերին, դրանք արդեն լայն հասարակությանն են պատկանում և չեմ կարող կանխատեսումներ անել: Ելնելով տարբեր կարծիքներից՝ միայն մի բան կարող եմ վստահաբար ասել. իմ ստեղծագործական գործունեության քառասուներկու տարիների ընթացքում երբևէ չեմ բախվել անտարբերության, ինչը արվեստագետին սպանող միակ երևույթն է: Ես այն բախտավորներից եմ, ում ֆիլմերը աշխարհի լավագույն կինոթատրոններում առաջնախաղ են ունեցել, ինչը նաև Հայաստանը ներկայացնելու հնարավորություն է ինձ համար: Մեկ տարի առաջ՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերայից երեք շաբաթ հետո, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ինձ հանձնեց «Ճանաչում» հատուկ հավաստագիրը՝ «Վիգեն Չալդրանյանին՝ իբրև կինոդեսպանի՝ աշխարհում հայ ազգային մշակութային արժեքները տարածելու համար»: Սա պարտավորեցնող էր և երջանկաբեր: Սրանից բացի՝ ինձ համար կան հանդիսատեսի թանկ ու բացառիկ կարծիքներ: Օրինակ՝ «Ձայն բարբառոյ...» ֆիլմից հետո մի կին ինձ ասաց. «շնորհակալ եմ Ձեզ. ես կարծես երկու ժամ նստած էի բաց Ավերտարանի առաջ և հիմա մաքրված գնում եմ տուն»: Սա ամենաբարձր գովեստն է և որևէ արվեստագետի բարձրակետը, երբ քո արարչական ստեղծագործությամբ կարողանում ես մարդկանց հոգիները մաքրել՝ ուղղելով դեպի լույսը:
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ