Շուշին ժամանակին եղել է հայ հոգևոր արարման կենտրոններից մեկը, ուր գործել են բազմաթիվ կրթական ու մշակութային օջախներ: Այս գողտրիկ հայաքաղաքի հարուստ հոգևոր-մշակութային անցյալի մի մասն է կազմում թեմական հոգևոր դպրոցը: Հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին` Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կողմից` ուսման 9 տարվա տևողությամբ:
Դպրոցը ստեղծվել է իբրև նյութապես անապահով մի հաստատություն, ինչպես կրթօջախի սաներից Լեոն է ասել. «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր»։ Սկզբնական շրջանում այն հազիվ 20 աշակերտ ուներ, գործում էր տնտեսապես ծայրաստիճան ճնշիչ պայմաններում։ Առաջին ուսուցիչները դասավանդում էին առանց վարձատրության:
Վարժարանի կյանքում շրջադարձային են եղել 19-րդ դարի 60-ական թվականները. 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշիի հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Վերջինիս հաջողվում է զգալիորեն բարելավել կրթօջախի նյութական դրությունը։ Շուշիի թեմականը մեծ բարեփոխությունների է ենթարկվում, երբ Լուսավորչի գահին Ներսես Աշտարակեցուն հաջորդած Մատթեոս Կոստանդնուպոլսեցին, ընդառաջելով շուշեցիների խնդրանքին, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ Պետրոս Շանշյանին: Տեսուչի օգնական է նշանակվում Պերճ Պռոշյանը, ով ստանձնում է նաև հայոց լեզու, հայ գրականություն և հայոց ազգային պատմություն առարկաների դասավանդությունը։ Շանշյանի և Պռոշյանի՝ այս երկու անձնվեր գործիչների համատեղ ջանքերով Շուշիի թեմական դպրոցը մեծ ծաղկում է ապրում, դառնում եռադասյա՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անվանունը՝ «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ Ավարայրի երգիչ Եղիշեի անունով:
Դպրոցը պահվել է նվիրատվություններով, եկեղեցական եկամուտներով, աշակերտների ուսման վարձով, այն թեմի միակ ազգային արական միջնակարգ դպրոցն էր, 1917-ից գործել է որպես լրիվ միջնակարգ դպրոց, փակվել է 1920-ին:
Շուշվա թեմական դպրոցը ազգին տվել է կյանքի տարբեր ոլորտների մի շարք երևելի գործիչներ՝ Արամ Մանուկյան, Արշակ Աթայան, Բախշի Իշխանյան, Գարեգին Ա Հովսեփյան, Գրիգոր Ներսիսյան, Լեո, Հակոբ Խանլարյան, Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան, Նիկոլ Դուման, Սողոմոն Մելիք-Շահնազարյանց, Ստեփան Աղաջանյան, Վաղարշ Վաղարշյան, Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան (Կոստանդին Մելիք-Շահնազարյան) և այլն։
Դպրոցը իր ուսուցչակազմով և աշակերտությամբ վճռորոշ դեր է խաղացել հայոց եկեղեցապատկան կալվածները բռնագրավելու 1903-ի ցարական հրամանագրի դեմ ժողովրդական ուժգին ըմբոստացման և տարած հաղթանակի գործում: Մեծ եղավ նաև Շուշիի թեմական դպրոցի հեղափոխական ուսուցիչների և աշակերտների դերը ցարական իշխանության կողմից հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայկական ինքնապաշտպանության կազմակերպման գործում։ 1913-ին մեծ շուքով նշվել է կրթօջախի 75-ամյակը:
Պատրաստեց Հրաչյա ԲԱԼՈՅԱՆԸ
Բանասիրական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ