«Գեղարդ» երգեցիկ խմբի և երաժշտության փոխանցած հոգևոր ապրումների ու զգացողությունների մասին զրուցել ենք «Գեղարդի» խմբավար, մենակատար, Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի տնօրեն Անահիտ Պապայանի հետ:
Զրուցակիցս պատմում է, որ «Գեղարդը» ստեղծվել է 2001-ին: Սկզբում Անահիտը միայնակ երգել է Գեղարդավանքում: Հետագայում, երբ աստիճանաբար նրան միացել են «Գեղարդի» մյուս անդամները, խումբը սկսել է ծավալել նաև համերգային գործունեություն: Այժմ «Գեղարդը» ունի ութ անդամ: Ցանկացած նոր անդամի ընտրում են միասին՝ հաշվի առնելով թե՛ մարդկային հատկանիշերը, թե՛ մասնագիտական կարողությունները: Խմբի կազմում հայտնվելու համար առաջնահերթ կարևոր է Հայ Առաքելական Եկեղեցու անդամ լինելն ու ամեն կիրակի Գեղարդավանքում Սուրբ Պատարագներին մասնակցելու պատրաստակամությունը: Դա խմբի որդեգրած անփոփոխ սկզբունքներից է, քանի որ հոգևոր երաժշտությամբ զբաղվելու համար հավատքը կարևոր պայման է: Առանց դրա կատարումը միշտ տուժում է. որքան էլ մարդն ունենա երաժշտական լավ տվյալներ, հանդիսատեսին հոգևոր լիցք ու բովանդակություն փոխանցելու համար նախ պիտի խորությամբ զգա նյութը:
Անահիտը խոստովանում է՝ խմբի անդամներն ամեն կիրակի Գեղարդավանք հասնելու հետ կապված կարող են երբեմն ինչ-ինչ խնդիրներ ունենալ, բայց վանքում ամեն բան մոռացվում է: Մնում է միայն Գեղարդավանքի հզոր պատմության շղթայում մի փոքրիկ օղակ լինելու և ամեն կիրակի այդ սրբությանը հաղորդվելու ներքին ուրախությունը, որն ուղղակի չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ խմբի անդամների կյանքում: Գեղարդավանքը խմբի անբաժան մասնիկն է՝ հարազատ ու կանչող: Անահիտը ուրախ է, որ եկեղեցում երգելը իրենց համար աշխատանք չդարձավ: Նրա խոսքով՝ Սուրբ Պատարագի ընթացքում մարդը, գտնվելով հոգևոր միջավայրում, ունենում է այլ հոգեվիճակ: Խմբի անդամները, հոգևոր երաժշտության ներքին պաշարները քաղելով հենց ակունքից, իրենց հարազատ միջավայրից, համերգների ժամանակ արդեն միաձուլում են կատարումները և առավել կատարյալ ձևով փոխանցում հայ մարդուն, աշխարհին՝ արդեն որպես գեղարվեստական արժեք: Արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում նրանք հաճախ են մշակութային հպարտություն ապրում՝ հասկանալով ու հասկացնելով՝ որքան խորն ու լայնաշերտ է հայկական մշակույթը: Արտասահմանցիների համար հայ հոգևոր երգն ու հայկական մշակույթը հիմնականում նորություն են. նրանք մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ են մասնակցում «Գեղարդի» համերգներին:
«Գեղարդի» երգացանկը բաղկացած է հայ հոգևոր երաժշտության նմուշների և ժողովրդական երգերի դասական կոմպոզիտորական մշակումներից: Երգերը կարող են առաջարկել խմբի անդամները, բայց ծրագիրը վերջնական կազմում և հաստատում է «Գեղարդի» գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ-միջնադարագետ Մհեր Նավոյանը՝ հաշվի առնելով ցանկացած երգի պատմական ետնախորքը, ոճային առանձնահատկությունները, կատարման որոշակի սկզբունքները:
Բացի Երևանում և դրսում անցկացվող համերգներից «Գեղարդը» համերգային շրջագայություններ է ունենում նաև Հայաստանի մարզերում՝ հայ հոգևոր երաժշտության կենտրոնի աջակցությամբ: Համերգների ընթացքում պարզ է դառնում, որ մարդիկ անտարբեր չեն հայ հոգևոր երաժշտության նկատմամբ: Արդյունքում այդ համերգները դառնում են հոգևոր երաժշտության քարոզի յուրահատուկ միջոց:
Հաջորդիվ զրուցեցինք հայ հոգևոր երաժշտության առանձնահատկություններից: Անահիտը շեշտեց՝ մարդիկ հաճախ, հոգևոր երաժշտություն ասելով, պատկերացնում են միայն շարականներ: Այնինչ հայ հոգևոր երաժշտությունը աչքի է ընկնում իր ժանրային բազմազանությամբ: Յուրաքանչյուր հոգևոր երգ ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել հեղինակին, դարաշրջանին, ոճին, որով գրված է տվյալ ստեղծագործությունը: «Հայտնի է՝ հոգևոր երաժշտությունն ի սկզբանե ստեղծվել է զուտ ծիսական անհրաժեշտությունից ելնելով՝ սպասարկելու եկեղեցում կատարվող հոգևոր արարողությունները: Վաղ եկեղեցին ծեսը վարում էր սաղմոսերգությամբ, և ըստ Կոմիտասի դրա երաժշտական բաղադրիչն ազգային էր: Բնական է՝ հայ հոգևոր երաժշտությունը հենված է մեր քրիստոնեական դավանանքի վրա և դրանից դուրս չի կարող գոյություն ունենալ, ուստի որպես կանոնական երաժշտություն՝ ցանկալի է, որ այսօր շատ զգույշ կատարվի՝ հաշվի առնելով հայ հոգևոր երաժշտության անցած ողջ ճանապարհը, իր մտահոգությունն է հայտնում Անահիտը, ապա մանրամասնում՝ հայ հոգևոր երաժշտության հիմնադիրներն են սուրբ Մեսրոպ Մաշտոցը և սուրբ Սահակ Պարթևը:
Սկզբնավորման փուլում մեր ինքնուրույն հոգևոր ստեղծագործությունները կցուրդներն էին, որ, լինելով շատ փոքր, կցվում էին սաղմոսներին և կատարվում դրանցից հետո: Դեռևս չկար «շարական» տերմինը: Հետագայում հանդիսավոր ծեսի պահանջով ձևավորվեցին այլ երգատեսակներ ևս, օրինակ՝ կացուրդները, որ տոնական երգեր են: Դրանց ամենանշանավոր օրինակը Կոմիտաս Աղցեցու՝ Հռիփսիմյանց կույսերին նվիրված «Անձինք նվիրյալք» շարականն է: Կոմիտասը այն մշակել է աղջիկների խմբի համար: Միջնադարյան հոգևոր երաժշտությունը մինչ իր զարգացման դասական շրջանի ավարտը (14-15-րդ դդ.) ունեցել է շատ հզոր ներկայացուցիչներ՝ սուրբ Հովհան Օձնեցի, սուրբ Գրիգոր Նարեկացի, Սուրբ Ներսես Շնորհալի և այլք: Արդեն 19-րդ դարում մեր երաժիշտները վերաձայնագրեցին այն, ինչ խազերով կորցրել էինք, բայց փոխանցվել էր բանավոր ավանդույթով: Հսկայական աշխատանքի արդյունքում ունեցանք նոր հայկական նոտագրությամբ գրանցված «Շարակնոց» և այլ մատյաններ: 19-րդ դարում ձևավորվեց նաև մեր կոմպոզիտորական դպրոցը, որի հիմքը դարձան հոգևոր ու ժողովրդական երգերը: Հայ կոմպոզիտորական արվեստը բյուրեղացավ և իր ազգային դրսևորումը ստացավ Կոմիտասի արվեստում: Այսօր էլ շատ կոմպոզիտորներ անդրադառնում են հոգևոր երաժշտությանը՝ թե՛ միջնադարյան շարականների մշակումների, թե՛ սեփական ստեղծագործությունների տեսքով»:
Այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է լսել հոգևոր երաժշտություն և միանգամից հասկանալ, Անահիտը պատասխանեց. «Հոգևոր երաժշտությունը պահանջում է զարգացածության որոշակի մակարդակ, որքան էլ որ երաժշտությունն ունենա ուղիղ հոգու լարերին և զգացմունքային աշխարհին ներազդելու հատկություն: Լսելով՝ մարդը գուցե կարող է իր մեջ որոշ բաներ բացահայտել, բայց բովանդակության մեջ խորամուխ լինելու համար հարկավոր է ճանապարհ անցնել: Հոգևոր երաժշտությունը, ի սկզբանե ստեղծված լինելով ընդհանրական աղոթքի կազմակերպման նպատակով, ինքն էլ իրականում աղոթքի տեսակ է, որով ցանկացած պարագայում կարող ես դիմել Աստծուն: Հոգևոր երաժշտությունը հայ մարդու կյանքի բաղկացուցիչը դարձնելու հարցում շատ եմ կարևորում ընտանիքը, ստացած դաստիարակությունը և կրթական համակարգի որակը»:
Անդրադարձանք նաև ներկայումս երաժշտության՝ հայ մարդու կյանքում ունեցած դերին: Ըստ Անահիտի՝ երաժշտությունն այսօր մեծ մասամբ ժամանցի միջոց է, և մեծ կարևորություն չի տրվում դրա որակին, բովանդակությանը և մարդու հոգևոր կյանքի ու զարգացման վրա ունեցած ազդեցությանը: Բնական է՝ որևէ առիթի կամ խնջույքի ժամանակ մարդիկ ցանկություն ունեն արտահայտելու իրենց ուրախությունը, բայց մեր ժողովուրդը դրա գեղեցիկ ավանդույթն էլ ունի: Ուրախությունը հայերիս համար պարզ ժամանց չի եղել, և հիմնականում այդ ծիսականացված ուրախությունը տոնվել է մեր ստեղծած շքեղ երգային ժառանգությամբ, տիեզերական խորհուրդ ունեցող շուրջպարերով և ծիսական հնամենի երգերով: Այսօր դրանք կարող են մարդկանց միասնության, միության ուժը զգալու և կենսատու արմատին կառչած լինելու ապրումը պարգևել:
Զրուցակիցս բարձրաձայնելով երաժշտության՝ ժամանակային արվեստ լինելու հայտնի ճշմարտությունը՝ նշում է, որ երաժշտական կատարողական արվեստի մի շարք հարցեր և ընկալման մի շարք առանձնահատկություններ կապված են կատարման գործընթացի հետ և դրսևորվում են հենց կատարման ժամանակահատվածում: «Օրինակ՝ նկարիչը որևէ կտավ ավարտին հասցնելուց հետո պատրաստ է այն ներկայացնել հանրությանը, իսկ երաժշտական ստեղծագործությունը տարբեր կատարողների կողմից ամեն անգամ տարբեր կերպ է ներկայանում: Մարդկությունն իր պատմության դեռ ամենասկզբից է կապված եղել երաժշտությանը: Հայ մարդը ժամանակին կյանքի բոլոր դրվագների համար երգեր է ստեղծել: Երաժիշտ-բանահավաքները մի հետաքրքիր պահ են առանձնացնում. շատ դժվար է երգին հատուկ հանգամանքներից դուրս, զուտ ձայնագրելու համար երգել տալ մեր մեծերին: Այսինքն, եթե նրանք այդ պահին, օրինակ, երեխա չեն քնեցնում, չեն հասկանում՝ ինչո՞ւ պիտի օրորոցային երգեն: Սա ցույց է տալիս, թե երգը որքան փոխկապակցված է եղել հայ մարդու առօրյային՝ լինելով ոչ թե ժամանցի միջոց, այլ կենսակերպ»,- պատմում է Անահիտը և մաղթում, որ երաժշտությունը, հատկապես՝ հոգևոր, շնորհիվ իր ներքին լիցքերի և հավատի միաձուլման, կարողանա հրաշքներ գործել՝ դառնալով հոգու և մարմնի սպեղանի:
Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ