Այցելել էի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի: Նախատեսվածից ավելի շուտ էի հայտնվել այնտեղ: Շրջում էի բակում, երբ լսեցի երեխաների աշխույժ ձայներ և բուռն քննարկումներ: Ներս մտա և տեսա ավելի քան քսան երեխաներ իրենց մոլբերդների դիմաց նստած մտածում էին, թե ինչ նկարեին, և մեկը մյուսին խորհուրդներ էին տալիս: Երկար ուսումնասիրեցի նրանց. մեկը մյուսի հանդեպ այնքան սիրալիր, ուշադիր ու պտրաստակամ էին, որ միանգամից գրավեցին ինձ, և սկսեցի խոսել նրանց հետ: Իմանալով, որ լրագրող եմ՝ ոգևորվեցին, աթոռները շարեցին, շրջափակեցին ինձ ու համակ ուշադրությամբ ինձ էին լսում:
Տպավորություն էր՝ նրանք չէին րոպե առաջ աղմկում սենյակում: Երեխաների հետ զրույցում հասկացա, որ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում է նկարչական խմբակ, որտեղ նրանց հնարավորություն է տրվում զարգացնել նկարչական հմտություններն ու կատարելագործվել այս բնագավառում: Խմբակն արդեն երկու տարի է՝ գործում է շնորհիվ նրանց ուսուցչի՝ Արմինե Մովսիսյանի. «Երկու տարի առաջ իմ և ամուսնուս մոտ ցանկություն առաջացավ բարեգործական դպրոց հիմնել Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ ես ինքս էլ նախատեսում էի դասավանդել նկարչություն: Արձագանքները ոգևորիչ էին, իսկ երեխաների հոսքն՝ անսպասելի: Արդեն շուրջ երկու տարի է՝ գործում է խմբակը, և երեխաների թվաքանակն այնքան շատ էր, որ ստիպված էի կրճատել՝ թողնելով միայն նրանց, ում մեջ նկատել եմ նկարչական մեծ ձիրք: Տիկին Արմինեի համոզմամբ նկարչական ձիրքը կամ լինում է մարդու մեջ կամ ոչ. «Երկու դուստրերիս օրինակով էլ կարող եմ փաստել, որ մարդը կամ լինում է արվեստի մեջ կամ ոչ: Երկուսն էլ, արդեն հասուն տարիքում, նկատել են, որ իրենց մոտ շատ լավ է ստացվում նկարելը: Օրինակ փոքր աղջիկս այնպիսի աշխատանքներ է նկարել, որ ինքս ապշել ու հիացել եմ»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ գույներով է հարուստ տիկին Արմինեի գունապնակը, հիմնականում ի՞նչ գույների հետ է սիրում աշխատել, տիկին Արմինեն պատասխանեց. «Գունեղ, բազմերանգ: Ես գույների մեջ գույներ եմ փնտրում, ամեն ինչ պայծառ տեսնում»: Նման պատասխան տվող մարդուց, թերևս, կարելի է ենթադրել, որ գործ ունենք բնույթով աշխույժ, ջերմ մարդու հետ, ով ջանք ու եռանդ չի խնայում իր ունեցած փորձն ու գիտելիքները փոխանցել փոքրիկներին, ում հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ տիկին Արմինեն, նույն ինքը՝ երեխաների սիրելի ընկեր Արմինեն, վերը նշված բնութագրիչների լիիրավ կրողն է:
Տիկին Արմինեն մեզ հետ զրույցում նշեց, թե կոնկրետ ի՞նչ հմտությունների տեր երեխաները կարող են մնալ և շարունակել ուսանել. «Առաջին առաջադրանքը, որ տրվում է երեխային արտանկարելն է, որից ես հասկանում եմ երեխան ունի՞ աչքաչափ, զգու՞մ է գույները, թե՞ ոչ»: Այս ամենի հետ մեկտեղ Տիկին Արմինեն խոստովանում է, որ երբեք ոչ մի երեխայի մեջ սովորելու ցանկությունը չի կոտրել. «Ես փորձում եմ հնարավորինս օգնել երեխային, բայց, երբ նկատում եմ, որ, այնուամենայնիվ չի ստացվում, չեմ տանջում: Երեխաներն իրենք են անձամբ հրաժարվում հաճախել, երբ հասկանում են, որ ապարդյուն են բոլոր ջանքերը մի քանի անգամ փորձելուց հետո»:
Արդեն 6 ամիս է, ինչ Լևոնը համալրել է խումբը ու, չնայած կարճ ժամանակամիջոցին, հասցրել է դառնալ լավագույն նկարողներից մեկը. «Իրականում երևի գեներն էլ մեծ դեր ունեն, քանի որ թե՛ մայրս, թե՛ պապիկս նկարել են, բայց ես այստեղ իրականում հայտնվել եմ դասընկերներիս խորհրդով, ովքեր տեսնում էին, որ ես լավ եմ նկարում և առաջարկեցին իրենց հետ միասին հաճախել նկարչական խմբակ»:
Գունապնակի մեջ ամենից շատ դիմում է սպիտակի օգնությանը, վստահ է, որ ցանկացած կտավի մեջ այն ցանկալի է. «Եթե մուգ երանգների մեջ է ստացվել կտավը, ապա սպիտակով կարելի է կոտրել այդ ամենը և հակառակը»:
Լևոնի ամենասիրելի աշխատանքի մասին խոսելիս պարզ դարձավ, որ գլխարկով աղջկա նկարն ամենից շատն է հավանել, սակայն չկարողացավ բացատրել թե ինչու, միայն նշեց ամենակարևորը. «Երբ մեծանամ, կցանկանամ նման գեղեցիկ աղջիկ ինձ հանդիպի կյանքում»:
Լևոնն իր խոսքում նշեց, որ շատ դժվար է իրականում տարբերակել կտավը տղայի՞ թե՞ աղջկա ձեռքի աշխատանք է. «Մեր օրերում կա այն կարծրատիպը, որ աղջիկներն ավելի մոտ են կանգնած արվեստին, և ցանկացած դեպքում էլ գեղեցիկ կտավը կասոսացվի աղջիկ հեղինակի հետ: Ես խոստանում եմ ապագայում սեփական օրինակով կոտրել այս կարծրատիպը»:
8-ամյա Անահիտը խմբի, թերևս, ամենափոքրիկն ու ամենաակտիվն է: Պատմում է, որ նկարչության հանդեպ իր հետաքրքրությունը դեռ վաղ մանկուց է նկատվել.«Երբ մայրիկս իմ ձեռքը գրիչ կամ մատիտ էր տալիս, ես աջ ու ձախ խզբզբում էի՝ էական չէր թղթի թե պատի վրա, միևնույն է նկարում էի (ժպտում է)»: Իր աշխատանքներից Անահիտն առանձնացրեց Գտնված երազ մուլտֆիլմի աղջկա կերպարը, որին այնքան խնամքով էր վերաբերվում:
Ուսուցչի՝ տիկին Արմինեի մասին խոսելիս Անահիտն անկեղծացավ, որ ընկեր Արմինեին երբեք բարկացած չի տեսել. «Ընկեր Արմինեն էնքան բարի է, որ անգամ նկատողություն անելիս շատ լավ է անում և շատ հանգիստ է. երբեք չի բարկանում: Ես նրան շատ եմ սիրում»: Իսկ ահա երբ խնդրեցինք Անահիտին պատկերացնել, թե բարությունն ի՞նչ տեսք կունենար նրա կտավում, միանգամից սկսեց ներկայացնել. «Ես կնկարեի ծերունի, ով գումարի կարիք ունի, և բոլորը նրան օգնում են. սա է ինձ համար բարությունը»:
Կուռոյան Լալան, ով հանդիսանում է խմբի առաջին սաներից մեկը, մեզ հետ զրույցում նշեց, որ իր նկարած աշխատանքները միշտ կասկածի առիթ են տվել ծնողներին. «Երբ փոքր ժամանակ նկարում էի, մաման ու պապան կարծում էին, թե ես չեմ նկարել, այլ արտանկարել եմ»:
Սիրելի աշխատանքների շարքում Լալան առանց երկմտելու առանձնացրեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու նկարը.«Եկեղեցիս եմ շատ սիրում: Այստեղ բնությունն ամբողջացրել է եկեղեցու տեսքը: Նկարն ավարտել եմ մոտավորապես մեկ շաբաթում, և այն ինձ շատ է դուր գալիս: Նկարելու ընթացքում ամբողջ ուշադրությունս կենտրոնացրել էի նրա վրա, որ եկեղեցին գեղեցիկ ստացվի, իսկ ահա բնության մասնիկները ձևափոխել էի իմ նախընտրությամբ»:
Հիմա, երբ արդեն 2 տարի է՝ Լալան հաճախում է նկարչական խմբակ, համոզված է, որ առջևում բազում հաջողություններ է գրանցելու այս ասպարեզում, քանի որ ուսուցչի նկատողություններն ընդունում է ամենայն պատասխանատվությամբ և կարծում է, որ դրանք իրեն կօգնեն լավագույնը դառնալու ճանապարհին:
13-ամյա Սյուզին խմբի ամենաամաչկոտ աշակերտն է: Բոլոր երեխաները համակարծիք էին, որ Սյուզին լավագույններից լավագույնն է խմբում, սակայն միշտ իրեն ու իր աշխատանքները թերագնահատում է. «Իրականում նկարելիս ոչինչ ինձ համար բարդ չի թվում: Ես կարողանում եմ նկարել, պարզապես երբեք չեմ սիրում խոսել դրանց մասին, իսկ խոսելու դեպքում էլ՝ թերություններն եմ նշում: Երբ ինքդ սեփական սխալներդ տեսնել և ընդունել գիտես, ապա ամեն ինչ վաղ թե ուշ լավ կստացվի հաստատ»,- իր խոսքը եզրափակեց Սյուզին:
Թե ի՞նչ պլաններ կան ապագայում, տիկին Արմինեն բացեց փակագծերը. «Սեպտեմբերից նախատեսվում է կավագործություն և մակրամե ուսուցանել»:
Մեկ բան անհերքելի է. երեխաներն այստեղ հաճախում են սիրով և ամենայն պատասխանատվությամբ: