Никогда не падать духом…Սոֆի Դևոյանն առաջնորդվում է այս սկզբունքով: Կարծում է՝ կյանքում ամեն ինչից ելք կա. երբեք պետք չէ հուսալքվել, քանի որ կենցաղում հանդիպող դժվարությունները մանրուքներ են. «Պետք է սովորել կյանքում իմանալ ու տարանջատել կարևորն անկարևորից: Մեկի համար կարևոր են ընտանիքը, ընկերները, մյուսի համար՝ աշխատանքը: Երբ մարդ իր մեջ դա հասկանում է, այդ ժամանակ կարող ենք ասել, որ նա երջանիկ է»:
Երբ մարդ ներքուստ ուրախ է, այդ ամենը արտացոլվում է նրա աչքերում, արտաքինի մեջ: Նա քայլող լույս ու սեր է դառնում, ով անտարբեր չի թողնում ոչ ոքի: Դրա համար բավական է ընդամենը մի բան՝ սեր. «Մարդիկ սեր պետք է կրեն իրենց մեջ: Հիշեցի մի դրվագ: Երբ Իսպանիայում էի, ինձ հրավիրեցին գարեջրատուն, որտեղ կողքի սեղանին նստած էր մի կին, ով, մեղմ ասած, շատ տգեղ էր իմ աչքին թվում: Լռություն տիրեց ու միացավ երաժշտություն: Ես իմացա, որ այդ կինը շուտով պետք է պարի և մտքումս արդեն ինձ համոզում էի, թե ինչպես եմ հետևելու նրան: Երաժշտության առաջին նոտաները խփեցին ու այդ կինը բեմ դուրս եկավ. ֆլամենկո էր պարում: Ես շուրջս ամեն ինչ մոռացա, տարվել էի այդ կնոջ պարով, անգամ զգացի, որ շունչս կտրվում է: Այդ կինն իմ աչքին ակնթարթի մեջ վերափոխվեց ու դարձավ ամենագեղեցիկը կանանց մեջ: Ես ծանոթացա նրա հետ: Շատ տարիներ անց իմացա, որ ես տեսել եմ աշխարհահռչակ պարուհիներից մեկին»,- իր խոսքում նշեց տիկին Դևոյանը և հավելեց. «Ուզում եմ ասել, որ մեր կյանքում կան մարդիկ, որոնց հետ խոսելիս կարող ես հիասթափվել, և կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն անի քեզ դուր գալու համար, պարզապես կանցնեն կողքովդ, և դու կզգաս մեծ չափաբաժնով ջերմություն, կստանաս անասելի մեծ էներգիա: Պատահական չէ, որ ես իմ խոսքում նշեցի երջանիկ մարդ լինելու հանգամանքը: Հենց այսպիսի մարդիկ են կյանքում երջանիկ լինում՝ իսկական, անկեղծ ու էներգիայով լեցուն»:
Սոֆի Դևոյանն անկեղծանում է, որ գտել է իրեն երջանիկ զգալու կերպը. «Ես շատ երջանիկ եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում եմ: Եթե կա քո մեջ սեր որևէ գործի հանդեպ, դու անկարելի է, որ դա վատ անես, չես կարող չստեղծագործել: Ես իմ կյանքն առանց արվեստի չեմ պատկերացնում. առանց պարի, կինոյի, նկարչության: Իմ բոլոր զգեստների հեղինակն էլ եմ հանդիսանում ես, ու դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մտքի թռիչքի արդյունք: Ես արվեստի մեջ ապրող, այդ աշխարհը գնահատողներից եմ: Ինձ անասելի բարդ է թվում այն հարցը, թե ի՞նչ է պարը. այն իմ կյանքն է, իմ սերը»:
Տիկին Դևոյանը ցանկությունների ու խորհուրդների շարքում առանձնացրեց նաև աշխատանքից երբեք չհոգնելու հանգամանքը. «Ես ուզում եմ, որ կյանքում ոչ մեկ չիմանա՝ ինչ է նշանակում հոգնել աշխատանքից: Ինքս առաջնորդվում եմ այդպես: Երբ պար եմ բեմադրում, մոռանում եմ ժամանակի, սնվելու մասին, որովհետև հոգևոր այդ զգացողությունները, երբ աշխատելիս ստանում եմ ավելի մեծ բավականություն են պարգևում ինձ: Երբ հետահայաց նայում եմ իմ ճանապարհին ու համեմատում այսօրվա հետ, հասկանում եմ, որ մեր օրերում կան բազում հնարավորություններ: Իմ ժամանակ ինձ ոչ մեկ հնարավորություն չի տվել պար բեմադրելու, իսկ ես անում եմ հակառակը՝ հավատում եմ մարդուն: Դա ամենակարևորն է. առաջին անգամ չի ստացվի, երկրորդ անգամ չի ստացվի, իսկ երրորդ անգամ արդեն նրանք կստեղծեն բեմադրություն, որը կունենա միտք, դրամա, ինչու ոչ այն կվերածվի նաև հեքիաթի: Ես ուզում եմ, որ իմ սաներն անցնեն իմ ճանապարհը՝ զգալով բեմում գտնվելու հաճույքը, որովհետև բեմը անսահմանություն է, որի մեջ կաս միայն դու»:
Լիլիանա Օսիպյան