Մատենադարանը՝ մեր ինքնության պահապան

Մատենադարանը՝ մեր ինքնության պահապան

«Մատենադարանը մեր ազգային ինքնության պահապանն է»,- այս պատգամով է շարունակում առաջնորդվել 2018 թ. մարտից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնած պատմական գիտությունների դոկտոր, հայագետ-արևելագետ Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա մեզ հետ  ունեցած զրույցում պատմել է անցնող տարվա ընթացքում արձանագրած ձեռքբերումների և ծրագրերի մասին:
 

-Մեծ թվով երիտասարդներ նվիրվել են Մատենադարանում գիտական-հետազոտական աշխատանքին և գիտակցում են, որ բացի իրենց անմիջական պարտականությունները կատարելուց, պատասխանատու են նաև մեր հասարակության առաջ: Չէ՞ որ Մատենադարանը  պարզապես ազգային խորհրդանիշ չէ: Ձեռագիր մատյանները պետք է շարունակ կենդանի շփման մեջ լինեն մարդկանց հետ, որպեսզի  դրանցում  ամբարված իմաստությունը յուրացվի սերունդների կողմից: Այդ հարցում Մատենադարանի աշխատակիցները յուրատեսակ կապող օղակի դեր պետք է կատարեն: Դեռևս մեծ գործ կա անելու` ձեռագրացուցակների ամբողջական պատրաստում,  բնագրերի գիտական հրատարակում, մատենագրական ծովածավալ ժառանգության ուսումնասիրում:

 

-Ինչպե՞ս պահպանել Մատենադարանի դերը մեր ժողովրդի կյանքում և համաշխարհային քաղաքակրթության մեջ:

-Հինգերորդ դարից մինչև ուշ միջնադար հայկական մշակույթին ու գիտության տարբեր ճյուղերին վերաբերող մատենագրական ժառանգության մեծ մասը պահպանվում է այստեղ՝ Մատենադարանում: Մատենադարանը մի վայր է, որը մարդուն մղում է խորանալ պատմության ու գրականության մեջ՝ անցյալի մարգարիտները փնտրելու և գտնելու ճանապարհին: Ինչ վերաբերում է միջազգային  նշանակությանը, ապա Մատենադարանը միշտ էլ համաշխարհային հռչակ է ունեցել: Բայց այն առավել հանրահռչակելու համար մեր աշխատակազմը լուրջ գործ ունի  կատարելու՝ կապված մի քանի խնդիրների հետ: Նախ, շատ կարևոր է, որ թե՛ մեր միջնադարյան երկերը և թե՛ գիտահետազոտական արդյունքները առավելագույնս  ներկայացվեն  օտար լեզուներով: Նույնը հարկավոր է իրականացնել «Բանբեր Մատենադարանի» կիսամյա գիտական պարբերականի և մեր կայքէջի միջոցով:

Երկրորդ մեծ նշանակություն ունեն ցուցադրությունները: Դրանցից կուզենայի առանձնացնել այս տարի Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված  «ARMENIA» ցուցահանդեսը, որը բացառիկ է իր ընդգրկումով: Ցուցադրությանը ներկայացված էին հայ մշակույթի շուրջ 150 գանձեր՝ ձեռագրեր, խաչքարեր, հնատիպ գրքեր, եկեղեցական մասունքներ, ասեղնագործ արվեստի նմուշներ: «ARMENIA» ցուցահանդեսը  կազմակերպվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Պատմության թանգարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Վենետիկի Մխիթարյան միաբանության և մի շարք այլ թանգարանների ու անհատների համատեղ ջանքերով: Ցուցահանդեսն ընդգրկում էր IV-XVII դարերը: Այս չորս ամիսների ընթացքում ցուցահանդեսը  դիտել է շուրջ մեկ միլիոն մարդ: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին արժեքավոր ցուցահանդես ունեցանք  նաև Չեխիայում՝ Պրահայի Ստրահովյան վանքում:

Երրորդ կարևոր խնդիրը միջազգային համագործակցությունն է՝ ամենատարբեր գիտաժողովների, սեմինարների, համատեղ հետազոտական աշխատանքների միջոցով:  Մենք ունենք միջազգային համագործակցության հսկայական դաշտ: Օրինակ, այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ սիրիացի մասնագետների համար Մատենադարանում կազմակերպվեց հնագույն ձեռագրերի վերականգնման հարցերով վերապատրաստման դասընթաց, որն արժանացավ կառույցի բարձր գնահատականին:  Այսպիսի ծրագրերը ստանում են միջազգային հնչեղություն  ու հռչակ են բերում Մատենադարանին:

Համագործակցություն է ձևավորվել նաև բազմաթիվ գիտական կենտրոնների հետ: Ամուր գործընկերություն է ստեղծվել Բելգիայի Լուվենի, Իտալիայի Բոլոնիայի, Գերմանիայի Ֆրանկֆուրտի  և  Հալլե-Վիտենբերգի համալսարանների հետ: Ձեռագրերի վերականգնման բաժինը համագործակցում է Բեռլինի պետական գրադարանի հետ: Այս շարքը շատ երկար է: Վերջերս էլ համաձայնագիր կնքեցինք  Ղազախստանի մեր գործընկերների հետ՝ կապված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության հետ: Ունենք համագործակցության  ծրագրեր Ռուսաստանի և Իրանի տարբեր կենտրոնների հետ: Եվ դա շարունակական բնույթ է կրում:

 

-Անցնող տարիների ընթացքում սկիզբ են դրվել այնպիսի հեղինակավոր միջազգային գիտաժողովների, ինչպիսիք են «Հիշողության կերպարանքները»,  «Նարեկացիական ընթերցումներ»: Որքանո՞վ են ընդլայնվել դրանց՝ օտարազգի գիտնականների մասնակցության  շրջանակները: Ինչպե՞ս կգնահատեք Մատենադարանում պահվող մեր ազգային ժառանգության ճանաչելիությունն աշխարհում:

-Մատենադարանում հետևողականորեն շարունակում ենք գիտաժողովների կազմակերպումը: Սովորաբար տարեկան կազմակերպվում է մոտ 5-6 տարբեր բնույթի գիտաժողով ու սեմինար:  Այս տարին ևս բացառություն չէր. կազմակերպեցինք միջազգային գիտաժողով՝ նվիրված  Մատենադարանի հիմնադիր-տնօրեն Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին, ով մեծ դեր է ունեցել Մատենադարանի  կազմակերպման, բաժինների ստեղծման, կադրերի բացահայտման ու պատրաստման գործում:

Հետևողականորեն շարունակելով 2007-2016 թթ. Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի սկսած գործը՝ կազմակերպում ենք ամենամյա «Նարեկացիական ընթերցումներ», որոնց իրենց մասնակցությունն են բերում աշխարհի լավագույն հայագետները: Միջոցառման ավարտին միշտ գրքերի շնորհանդես է լինում, որտեղ ներկայացվում են Նարեկացու «Մատյան»-ի տարբեր թարգմանությունները կամ գիտական նոր ուսումնասիրություններ: Անցյալ տարի ներկայացվեց «Նարեկ»-ի լատվիերեն թարգմանությունը, իսկ այս տարի՝ հոլանդերենը:

 

-Պարո՛ն Տեր-Ղևոնդյան, այս տարի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության XVII գագաթնաժողովը տեղի ունեցավ Երևանում, և Մատենադարանը այդ իրադարձությունը հմտորեն ծառայեցրեց աշխարհում հայ մշակույթը հերթական անգամ հանրահռչակելուն:

-Այո՛, Մատենադարանն ակտիվ մասնակցություն ունեցավ Ֆրանկոֆոնիայի երևանյան օրերի ծրագրերին: Բացվեց հատուկ ցուցադրություն՝ «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով, որը համադրեց մեր կողմից հրավիրված ճանաչված հայագետ Արմեն Մութաֆյանը: Լույս տեսավ երկլեզու հատուկ գրքույկ, որը ներկայացնում է հայ-ֆրանսիական առնչությունները՝ սկսած Կիլիկյան թագավորության ժամանակներից մինչև մեր օրերը: Հրատարակեցինք նաև հայկական մանրանկարչությունը ներկայացնող ալբոմ՝ ֆրանսերեն տեքստերով և տպագրական բարձր որակով:

 
 

Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2022-02-08
×