Տերունական աղոթքի մեր վերջին խնդրանքը հնչում է հենց այսպես։ Հետաքրքրական է այն փաստը, որ աղոթքը սկսվում է «Հայր մեր»-ով՝ Աստծուն՝ որպես մեր Երկնավոր Հոր հիշատակությամբ, և ավարտվում է չարի հիշատակմամբ։ Կարծես այսպիսով ցանկանում ենք առաջնայնությունների վրա սևեռել ուշադրությունը՝ նշելով, որ մեզ համար ամենակարևորը մեր Հայրն է, իսկ չարի մասին կհիշենք միայն վերջում՝ Աստծո շնորհիվ նրանից հեռու մնալու խնդրանքով։
Մենք հաճախ ընկնում ենք գայթակղության գիրկը՝ չարն անտեսելու և Աստծո զորությանը չապավինելու արդյունքում։ Սակայն պիտի փնտրենք ուղիները՝ չարից ազատվելու համար, չարը չհանդուրժելու, չար չդառնալու համար։ Պիտի զգոն լինենք ամեն պահ՝ գիտակցելով, որ Աստծո սերն ու զորությունը չարին հաղթելու կարևոր պայմանն են։
Չարը նման է մի հիվանդության, որը տանում է մահվան։ Իհարկե, հնարավոր է և բուժել հիվանդությունները, սակայն ի սկզբանե դրանք ոչ թե բուժվելու, այլ մահվան հանգեցնելու համար են։ Այստեղ մեր խնդիրն է մտածել՝ ուզում եմ բուժվե՞լ, թե՞ անտարբերությամբ հասնել կործանման։
Մեր շուրջն այսօր շատ են նման մարմնական ու հոգևոր հիվանդությունները։ Մենք պաշտպանվում ենք աշխարհում լայն տարածում գտած ախտից, որ վարակել է շատ մարդկանց մարմինները՝ որոշներին մինչև անգամ սպանելով։ Չենք մոռանում հետևել կանոններին, լվանալ ձեռքերն ու կրել դիմակ, մինչդեռ միաժամանակ անտեսում ենք մեր հոգևոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը՝ չցանկանալով դրանցից պաշտպանվելու համար ևս քայլեր ձեռնարկել։
Մեր խնդիրն այս ճանապարհին մեր անսպառ հավատը չկորցնելն է, քանի որ հենց հավատն է, որ կապում է մեզ մեր Աստծու հետ։ Մեր աղոթքները թող լինեն վահան մեր հոգևոր հիվանդությունների դեմ, և ամեն անգամ խնդրենք, որ Աստված էլ մեզ զորակից լինի չարը շրջանցելու, չարին բարությամբ հաղթելու ճանապարհին՝ ասելով․ «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13)։