Աստծո ողորմածությանը արժանանալով՝ լցվում ենք անբացատրելի ուժով, ներքին զորությամբ, անպարտելիության զգացումով։ Քո ներսում սկսում է հավատքը զորանալ: Ապրածդ ամեն օրը ավելի ես սիրում ու գնահատում, այնտեղ Տիրոջ ներկայությունն ես նկատում, հավերժ նրա հետ լինելու ցանկությունն ավելի է սաստկանում։ Այն իրողությունը, որ Աստված սիրում է քեզ, դառնում է պատճառ՝ ներշնչվելու, ստեղծելու և վերջապես աշխարհը փոխելու։
Եվ, ավելին, հավատալով Աստծո Խոսքին և մեծացնելով Նրա սերն ու ողորմությունը քո մեջ` պատվում ես քո երկնային Հորը: Պատվում ես Նրան, երբ խոսում ես Նրա բարության և հոգատարության մասին, երբ խոսում ես Նրա մասին, որպես սիրող Հայր, Ով միայն բարին է կամենում:
Հավատալու համար հավատք է հարկավոր։ Գուցե մեր վախերը շատ են մեզ խանգարում՝ թույլ չտալով առաջ ընթանալ, բայց Տիրոջ հետ կատարած ամեն քայլ հույս է ներշնչում, որ նպատակակետը շատ մոտ է ու հասանելի։
Ավետարանում ասվում է․«Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք՝ այս լեռանը կասեք տեղափոխվիր այստեղից այնտեղ և այն կտեղափոխվի ու ոչինչ ձեզ համար անհնար չի լինի» (Մատթեոսի 17. 19):
Հավատքը կիրառել է հարկավոր, պետք չէ սպասել ու մտածել, որ Տերը յուրահատուկ հավատք կներշնչի ձեզ։ Գործի՛ դրեք ձեզ տրված հավատքի չափը հոգևոր, ֆիզիկական, մտավոր և որևէ այլ խոչընդոտ հաղթահարելու համար։
«Ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով» (Հռոմեացիներ 12։3):
Հավատքը Ավետարանի առաջնային սկզբունքն է: Դա հոգևոր պարգև է, և այն անհրաժեշտ է մեր փրկության համար: Փորձենք մեծացնել մեր հավատքը՝ աղոթելով Երկնային Հորը մեր հույսերի, ցանկությունների և կարիքների համար։
Ասա՛ «Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու
օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին.
թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած
հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ,
որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս»
Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ»: