«Սաղմոսը գովերգություն է Աստծուն, իսկ մեր նպատակը՝ հասնել այն կետին, որ մեր աշխատանքը նույնպես գովերգություն դառնա»:
«Սաղմոս կերամիկա»-ն հիմնել են Անդրանիկն ու իր ընկերուհին՝ Անին: Կավի հետ առաջինը ծանոթացել է Անդրանիկը, երբ Տավուշի մարզի Մովսես գյուղի դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով ֆիզկուլտուրա էր դասավանդում: Հենց սահմանապահ Մովսեսում էլ հիմնված կավագործության խմբակը փոխեց ֆիզկուլտուրայի ուսուցչի կյանքը՝ դարձնելով նրան կավագործ վարպետ: Մովսեսում ծրագիրն ավարտելուց և մի քանի աշխատանքային առաջարկներ մերժելուց հետո Անդրանիկը նախ ընկերոջ՝ վարպետ Ջիվանի արվեստանոցում մասնակցում է կավագործության դասերի, ապա Անիի հետ գրանցվում «Թումո ստուդիաներե-ի կավագործության դասընթացին: «Թումո»-ում սկսում են սովորել ճապոնացի վարպետ Չիհարու Իշիկավայից: Դեռ Մովսեսում՝ կավի հետ առաջին հանդիպումն է սովորեցրել ամենակարևոր դասերից մեկը՝ լինել համբերատար: «Մովսեսում մի հին բրուտագործական հաստոց ունեինք, առաջին անգամ փորձեցի ինքնուրույն ինչ-որ բան պատրաստել, բայց քանդվեց: Դրանից հետո երկար ժամանակ բրուտագործական հաստոցին չէի մոտենում: Միայն ամիսներ անց, այն էլ 2-րդ չստացված փորձից հետո կարողացա «խոսել» կավի հետ: Երբ սկսեցի սովորել, հասկացա, որ չի կարելի շտապել. կավը սիրում է, որ նախ իր հետ ծանոթանաս, հասկանաս՝ ինչ է ուզում քեզանից… Շատ նման է մարդուն, մարդն էլ է այդպես, չի ուզում, որ միանգամից մտնես իր կյանքի մեջ, ուզում է փոքր-փոքր քայլերով գնաս»:
Անին էլ չէր պատկերացում, որ կընտրի կավագործի մասնագիտությունը: Հիմա ամեն անգամ կավին դիպչելիս զգացողությունը նույնն է, ինչպես առաջին անգամ: «Կավն ինձ միանգամից չհետաքրքրեց: Առաջին անգամ, երբ դիպչեցի, Անդրանիկը և Հռիփսիմեն՝ վարպետ Ջիվանի կինը, նայեցին ու սկսեցին ծիծաղել: Ուզում էի հասկանալ, թե կավն ինչ է իրենից ներկայացնում: Կավագործությունն ինձ հետաքրքիր էր որպես հոբբի, բայց ոչ՝ մասնագիտություն: Հետո կավն ինձ էլ ամբողջությամբ կլանեց: Հիմա մեծ սիրով եմ աշխատում և ամբողջովին խաղաղվում եմ: Բարկացած կամ բացասական մտքերով չես կարող նստել, կավի հետ աշխատել: Հաստատ չի ստացվի»:
Կավի հետ մտերմությունն արտահայտվեց նաև կավ գտնելով և մշակելով: Անդրանիկն ասում է՝ Հայաստանում որևէ տեղի կավը շատ նման է այդտեղ ապրող մարդուն, ինչպես 2 գյուղի բնակիչներն իրար նման չեն, այնպես էլ 2 գյուղի կավը միևնույնը չէ: «Միայն թրծվելուց հետո են նմանվում: Հետաքրքիր է, որ որակյալ կավ ստանալու համար մի քանի տեսակի կավ պետք է խառնել: Առհասարակ, մարդիկ էլ չէ՞ պիտի մի քանիսով, գաղափարակիցներով հավաքվեն, որ մի լավ բան անեն»:
Կավագործության գաղտնիքներին տիրապետելուց հետո երիտասարդ զույգը իրենց կավագործ աշխատանքներին (զարդեր, աքսեսուարներ, սպասք, ծաղկամաններ, տարոսիկներ, նշխարամաններ) «Սաղմոս» անունը տվեց, ինչը միանշանակ չընդունվեց բոլորի կողմից: «Անվան ընտրության հարցում երկար ենք մտածել,- հիշում է Անին,- որոշեցինք «Սաղմոս» անվանել, որովհետև մեր հեռահար պլաններում չունենք ավելի շատ բիզնես նպատակներ: «Սաղմոս»-ը մեզ համար հոգևոր արժեքները տարածելու միջոց է: Հիմա մեր արտադրանքի մեջ այնքան շատ խոսք չունենք, որովհետև դեռ ուսումնասիրող ենք: Ուսումնասիրում ենք կավը, կավի տեսակները, ջնարակները, ամեն ինչ, որ կապված է կավի հետ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ ամբողջ ուսումնասիրությունների արդյունքում նորովի հանդես կգանք: Շատերը մեզ խորհուրդ են տալիս «Սաղմոս» անունը փոխել և ավելի ժամանակակից անվանում տալ, մտածելով, որ հաջողությունն ավելի մեծ կլինի, բայց մեր կարծիքով հաջողության հիմքը նաև անունն է»:
«Սաղմոս կերամիկա»-ն հոգևոր կյանքին մոտ լինելու, հոգևոր արժեքներով ապրելու արտահայտություն է: Եթե նախկինում հավատքն ու եկեղեցին մշակույթ էր, խաղաղվելու, հանգստանալու միջոց, այսօր այն կյանքի, առօրյայի, ամեն օրվա մի մասն է: Անդրանիկի կյանքում այս առումով էլ խորհրդանշական է սահմանապահ Մովսեսը, որտեղ առաջին անգամ Սուրբ Պատարագի է մասնակցել՝ խորանին ծառայելով: Հիմա խորանի ծառայությունը շարունակում է Դաշտավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: «Երբ հասկանում ես, որ խորանը դրախտի խորհուրդ ունի, որ այնտեղ Տիրոջ ներկայությունը կա, վերաբերմունքդ այդ ամենին միանգամից փոխվում է: Գիտեմ, որ կան վանքեր, որտեղ ամեն օր Պատարագ է մատուցվում: Կուզեի ամեն օր Պատարագի մասնակցել: Ամեն օր հոգևորի մեջ լինելը ամեն օր սթափ լինելն է»:
Պատրաստեց Արաքսյա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ