Խիղճը մի կողմից համընդհանուր բարոյական օրենք է, իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուրիս առաքելությունն այդ օրենքներն իրագործելու: Խիղճը դաստիրակման արդյունք չէ, այն բնական որակ է, որ տրվում է յուրաքանչյուրին: Սակայն մենք հաճախ ենք լռեցնում մեր խղճի ձայնը:
«Մաքուր խղճմտանք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս.» (Պետրոս Ա 3:16):
Աստվածաշնչում «խիղճ» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «ինքնաճանաչում»։ Մարդ արարածը օժտված է ինքն իրեն ճանաչելու ունակությամբ։ Մենք կարող ենք մեզ կողքից նայել և դատել ինքներս մեզ։ Դատավորի պես՝ խիղճը քննում է մեր գործերը, մտքերը և որոշումները։ Այն նաև հուշում է, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Երբ ճիշտ որոշում ենք կայացնում, այն օգնում է, որ հանգիստ լինենք, իսկ երբ սխալ ենք վարվում, այն դատապարտում է ու տանջում։
Ինչ-որ բան որոշելուց կամ անելուց առաջ հաճախ հետևում ենք սրտի ձայնին՝ ինչ կհուշի այն մեզ, այդպես էլ կանենք։ Հետո կասենք՝ «Իմ խիղճը հանգիստ է»։ Այո՛, սրտի ցանկությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ ազդեն խղճի վրա։ Աստվածաշունչն ասում է. «Սիրտը խոր է, քան ամեն բան. մարդ արարած է, ով՞ կարող է ճանաչել նրան» (Երեմիա 17։9)։ Մեր սրտի ցանկացածը չպետք է դառնա առաջնային և կարևոր մեզ համար: Նման իրավիճակներում շատ կարևոր է, որպեսզի հասկանանք՝ ինչ է ցանկանում Աստված և ինչը հաճելի կլինի Նրան։
Ցավոք, այսօր շատերը փորձում են լռեցնել խղճի ձայնը, քանի որ չեն ցանկանում տանջվել ամոթի կամ մեղավորության զգացումով։
Իրականում մեղավորության զգացումը մեր խղճի արձագանքն է սխալ արարքին։ Այդ զգացումն է, որ մղում է մեղավորին զղջալու, ինչի շնորհիվ նույնիսկ ամենալուրջ մեղքերը կարող են ներվել։
Ուրեմն, աղոթքով խնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի մաքրի մեր խիղճը և հոգևոր զգայարանները մեղքի ապականությունից՝ ասելով.
Արդ, ո՜վ երկնավոր, հզոր ու բարի
դու խնամակալ,
Ստեղծիչդ ամեն ինչի` ոչնչից,
Կայծն իմաստության զորավոր խոսքիդ
մոտեցրու լեզվիս,
Որպեսզի դառնա առիթ մաքրության`
Քո ձեռքով կերտված մարմնիս մաս
կազմող զգայարանքներիս:
Եվ ես նրանցով` քո կամքով կազմված և
քեզնով բուժված`
Նոր պատրաստությամբ, անպակաս
ձայնով, անհատ բարբառով
Քեզ վերընծայեմ գոհաբանություն`
Ի փառս քո Հոր` մեծ Աստուծո,
հավիտյանս. ամեն:
(Նարեկ, Բան 22)