Այսպես դիմեց Քրիստոսին հիվանդ երեխայի հայրը, երբ Փրկիչն ասաց, որ «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկոս 9:22):
«Օգնի՛ր իմ անհավատությանը»: Իրականում սա հավատքի բարձրակետն է բարձրագույն գիտակցման պահը, երբ հոգին գիտակցում է իր հավատի աստիճանը, միաժամանակ իր փոքրությունն ու Աստծո զորությունը:
Մարդիկ կարծում են, թե մեկ անգամ ասելով, որ հավատում են, այն սահմանում են իրենց կյանքի բոլոր օրերի, բոլոր ժամանակների համար: Մինչդեռ իրականում ամեն րոպե հավատքը ենթակա է խարխլման ու թուլացման՝ մեղքի արդյունքում: Մենք շատ հաճախ ենք գործում մեղքեր, որոնց մի մասը գիտակցված են, իսկ մյուս մասը՝ ոչ: Եվ քանի որ մենք ցանկանում ենք շարունակ պահպանել մեր հավատքն առ Աստված, պիտի խնդրենք Աստծուց շնորհել մեզ ուժը՝ հավատքի ճանապարհին հաստատուն մնալու:
Մենք սխալմամբ կարծում ենք, թե հավատը անփոփոխ երևույթ է, մինչդեռ այն իրականում պայքար է: Հավատքի ճանապարհը լի է փորձություններով, որոնցով անցնելիս հնարավոր է և կորցնել հավատը՝ հայտնվելով չարի ճիրաններում: Այս պայքարը բնավ բացասական երանգավորում չունի, քանի որ այն իրականում հանուն լույսի է, ոչ թե ընդդեմ խավարի: Եվ այս գիտակցմամբ է, որ պիտի առաջ շարժվենք, որպեսզի մեր մտքերն ուղղենք միայն դեպի դրականը և թույլ չտանք, որ չարը՝ բացասականի տեսքով, ներխուժի մեր կյանք, մեր մտքեր:
Երբ ընկնում ենք մոլորության մեջ՝ կարծելով, թե Աստված լքել է մեզ, մի պահ հասկանանք, որ մեր այս մտքի, այս զրպարտանքի արմատը չարից է, և ետ քաշվենք նման մտքերից՝ խնդրելով Տիրոջը. «Օգնի՛ր իմ անհավատությանը»:
Մենք՝ որպես հավատացյալներ, չպետք է մեր հավատքը կառուցենք՝ ելնելով այլոց անհավատությունից: Փորձենք դառնալ անկախ մեր հավատքի մեջ և ինքնահաստատում չփնտրել՝ այլոց թուլությունների, անհավատության հաշվին: Եվ երբ զգանք, որ թերանում ենք մեր հավատքի մեջ, ուշիմ գտնվենք ու խնդրենք Քրիստոսից. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9:23):