Ուրախության վերածվող վիշտը

Ուրախության վերածվող վիշտը

Քրիստոսին ամեն ժամ մեզ հետ ունենք, անշուշտ, սակայն սպասում ենք Գալստյանը, որն ըստ մեզ, ուշանում է: Այս պատճառով վշտանում ենք, քանի որ չունենք պատասխանը՝ ե՞րբ վերջապես կհայտնվի Նա: Հովհաննեսի Ավետարանում Ինքը՝ Քրիստոս ասում է. «Մի փոքր ժամանակ, և այլևս ինձ չեք տեսնի, և ապա մի քիչ ևս՝ և ինձ նորից կտեսնեք. և Ես գնում եմ Հոր մոտ» (Հովհաննես 16:16):


 

Շարունակ ունենք արդարության հաստատման կարիքը: Մեր մեղքերի համար մշտապես զղջում ենք, ապաշխարում՝ Գալուստի սպասումով, սակայն չի ավարտվում Փրկչի նշած «մի փոքր ժամանակ»-ը, որից հետո պիտի արժանանանք Նրան կրկին տեսնելու երջանկությանը: 


 

Ինչպե՞ս ենք պատրաստվում Գալուստին:
Արդյոք հենց մենք պատրա՞ստ ենք Քրիստոսի Գալստյանը, թե՞ երբեմն անգամ մոռանում ենք այն, որ Քրիստոսին չտեսնելը վիշտ է քրիստոնյայի համար: Եվ այս միտքը մոռացած լինելով՝ ապրում ենք, ինչպես կամենանք, հաճախ մեր հոգևոր կյանքում սխալներ գործելով և չպատրաստվելով Գալստյանը: 

Իմացած պիտի լինենք, որ Գալուստը լինելու է այն ժամանակ, երբ մե՛նք պատրաստ լինենք դրան, և ոչ թե Նա: Երբ մե՛նք արժանի լինենք Տիրոջը միանալու: 

Մեր հոգևոր տրտմությունը հաճախ կապված է այդ անվերջ սպասման և «ուշացման» հետ: Սակայն դա ուշացում է սոսկ անկատար մարդ արարածի համար, իսկ Քրիստոս՝ Կատարյալը գիտի ճիշտ ժամանակը և սպասում է այդ պահին: Փրկիչն ինքն ասաց. «Դուք էլ այժմ տրտմություն ունեք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհաննես 16:22):


 

Ե՞րբ է այդ ժամը:
Մենք հարցնում ենք շարունակ՝ ակնկալելով հստակ պատասխան: Մարկոսի Ավետարանը մեզ սովորեցնում է, որ այդ օրը անհայտ է ամենքին. «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե՝ ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը» (Մարկոս 13:32):
Որդուն ցանկանում ենք տեսնել կրկին, քանի որ Նրա բացակայության օրվանից շարունակ ավելանում է անարդարությունը, և կարիք կա արդարության հաստատման: Ցանկանում ենք տեսնել, քանի որ Նա է հույսը և ապավենը ամեն քրիստոնյայի համար: 

Այժմ՝ պահքի այս շրջանում, մեզ ենթարկում ենք մի շարք սահմանափակումների, միաժամանակ մեր հոգիներում տրտմություն է, քանզի հավերժ իր ներկայությամբ բացակա է Քրիստոս: Սակայն եկեք ականջալուր լինենք պատգամին՝ մեր հոգիներում ունենալով հավատը և ուրախության վերածվող այս տրտմությունը:


 

Սպասումը՝ արթնությամբ և աղոթքով

Գալստյանը սպասման մեր կերպը նույնպես պիտի քրիստոնյային վայել լինի: Այն ևս, ինչպես մեր հավատի ճանապարհին ամեն մի երևույթ, սահմանված է Սուրբ Գրքում.«Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը. ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը և իր ծառաներին իշխանություն կտա և յուրաքանչյուրին՝ իր գործը և դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի:

Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ: Գուցե, հանկարծակի գալով, ձեզ քնի մեջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում. արթո՛ւն կացեք» (Մարկոս 13:33-37):

  • 2022-03-12
×