Հաճախ ենք խոսում այլոց նկատմամբ հոգատարության, միմյանց օգնելու մասին, սակայն երբ հերթը գալիս է մեզ նեղություն տալով որևէ մեկին օգտակար լինելուն, վարանում ենք: Պատճառներից մեկը, թերևս, կարող է լինել անարդարության զգացումը: Օրինակ՝ կարող ենք մի պահ կասկածել՝ ինչո՞ւ իմ ազնիվ աշխատանքով ձեռք բերած բարիքներով պիտի կիսվեմ, ինչո՞ւ Աստծուց ինձ տրվածը բաշխեմ ամենքին: Կամ կարող է լինել հանգիստ ու առանց խնդիրների ապրելու ցանկությունը: Օրինակ՝ մտածում ենք՝ իմ խնդիրներն ինձ բավական են, ինչո՞ւ պիտի մեկ ուրիշի խնդիրը փորձեմ լուծել: Ահա, մեր այս խորհրդածություններում է, որ կասկածում ենք ու հեռանում Քրիստոսի պատգամներից:
Աստվածաշնչում մշտապես խոսվում է միմյանց կարեկից, աջակից լինելու մասին: «Միմյանց բեռը կրեցե՛ք» (Գաղ.6:2),- ասված է մասնավորաբար Պողոս առաքյալի՝ Գաղատացիներին ուղղված թղթում:
«Եթե մեկը կարծում է, թե ինքը մի բան է, և սակայն չէ, ինքն իրեն է խաբում: Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը և ապա՝ ինքն իր վրա՛ միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով. որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու» (Գաղ. 6:3-5): Այս հատվածը գալիս է՝ որպես պատասխան մեր կասկածների: Անարդարության զգացումը, թե մեր մերձավորներից շատերն այն չեն, ինչ ներկայանում են, մեզ չի ազատում միմյանց բեռը կրելու, միմյանց կարեկից ու օգնական լինելու պատգամից: Այո՛ յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար, սակայն միակ Դատավորն Աստված է, և միայն Նա է որոշում՝ ով և որքանով պիտի պատասխան տա:
Այլոց սխալական լինելը չի նշանակում, թե պիտի ստանձնենք դատավորի կեցվածք, այլ ընդհակառակը՝ պիտի փորձենք էլ ավելի սիրել մեր սխալական մերձավորին, որպեսզի փորձենք նրան այդպիսով ճիշտ ուղին ցույց տալ: Հիշենք, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր գործածի համար, չընկնենք հպարտության մեղքի մեջ՝ համեմատվելով մեր գործած սխալներից ավելի մեծ սխալներ ունեցող մարդկանց հետ, այլ օգնենք նրանց՝ կրելով նրանց բեռը, որպեսզի քավեն մեղքերն ու անցնեն խաղաղ կյանքի: Ինչպես մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, լինելով անսխալական ու կատարյալ, կրեց ամենքի բեռը և զոհեց իր ունեցած ամենաթանկը՝ հանուն ամենքիս: