Սիրո ամենամեծ չափը անձնազոհությունն է

Սիրո ամենամեծ չափը անձնազոհությունն է

Սիրելի՛ ընթերցող, նյութն ընթերցելուց առաջ ուզում եմ խորհուրդ տալ, խնդրել, որ ամեն պահի անսահման ուշադիր լինես քեզ հանդիպող մարդկանց, լինի՝ ուղևոր, հացթուխ, շինարար, վաճառող, ուսուցիչ կամ վարորդ։ Նրանցից ամեն մեկի մեջ մի լույս, ոգեշնչման աղբյուր կգտնես։ Վստահ եմ։ Վստահությանս առիթը իմ այսօրվա հերոսն է՝ Սեդրակ Հովհաննիսյանը, ում հետ կարելի է զրուցել գիտությունից, տիեզերքից, հասնել Աստծուն, աստվածային սիրո գաղափարին և վերադառնալ մարդուն, առօրյային, մարդկային փոխհարաբերություններին։ Իմ զրուցակիցը՝ Սեդրակը, 68 տարեկան է, մասնագիտությամբ ֆիզիկոս, ով միևնույն ժամանակ Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիներում հոգևոր ծառայություն է իրականացնում:

 

- Մեզ հայտնի է, որ գիտնականների մեծ մասը եղել է անհավատ։ Դուք ի՞նչ կասեք գիտության և Աստծո մասին։ Ինչպե՞ս, ինչո՞վ են կապված մեկը մյուսին։

- Ո՛չ, այդպես չէ։ Մեզ խաբել են։ Գիտության ամենախորքերում գալիս հասնում ենք Աստծո գաղափարին, որը ոչ թե բացատրելի է, այլ հավատալի։ Ավելի խորանալով գիտության մեջ՝ հասկանում ես, որ բացարձակ մի բան կա՝ Աստված՝ կատարյալ Արարիչը ամեն ինչի։ Կյանքը մեր մեջ հենց Աստված է։ Քրիստոս հենց այդպես էլ ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես ԺԴ 6)։ Երբ  շուրջդ ես նայում, մարդկային հատկանիշներով մեկին ես գտնում, իմացիր, որ իր մեջ  Աստծուն է կրում։

 

- Իսկ որո՞նք են, ըստ Ձեզ, աստվածային հատկանիշները։

- Բանականություն,  ստեղծագործելու կարողություն, սիրելու հատկություն։ Աստվածաշնչի մեջ Հովհաննեսի  Ավետարանն է ամենախորքայինը բացատրում աստվածային հատկանիշները, աստվածհայտնությունը։ Նարեկացին էլ։ Նարեկացի շատ կարդացեք։

 

- Ի՞նչն եք համարում մարդկության չարիքների պատճառը։

- Մարդիկ իրարից տարբերվում են  իրենց  աշխարհայացքով  և  գաղափարներով։ Աշխարհայացքն այն է, թե ինչն է քեզ համար համարվում արժեքավոր, իսկ աշխարհայացքից և գաղափարներից վեր՝ քո   հոգեվիճակն է, որոնք են քո դավանական հիմքերը։ Մեր այսօրվա չար գործերի պատճառը Աստծուց հեռանալն է։

 

- Ո՞րն է սիրո դրսևորման ամենաբարձր չափը։

- Այն սերը, որը տանում է անձնազոհության։ Զարմանալի բան է։ Անձնազոհությունը սիրո ամենամեծ դրսևորումն է, բարձրագույն աստիճանը։ Սիրես ու քեզ զոհաբերես։ Բա շշմելու չի՞…

 

Պատրաստեց Շուշան ԲԱԲԱՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-03-24
×