Մեկ մարդով՝ մեղք, մեկ մարդով՝ փրկություն

Մեկ մարդով՝ մեղք, մեկ մարդով՝ փրկություն

Ավետարանական այս հատվածն այն մասին է, որ ինչպես մեղքը մեկ մարդու՝ Ադամի միջոցով տարածվեց աշխարհում, այնպես էլ մեկ մարդու՝ Քրիստոսի միջոցով եկավ փրկությունը: 

 

Ժողովրդական խոսքը թեև մեզ համոզում է, թե «մի ծաղկով գարուն չի գա», սակայն Քրիստոսի միջոցով մենք՝ քրիստոնյաներս տեսնում ենք ճիշտ հակառակը: Քրիստոս  դարձավ խարիսխը փրկության: Նա իր կյանքով և անգամ մահով դարձավ հենց փրկություն բոլորի համար, ովքեր մեղքերի մեջ էին: «Ապա ուրեմն, ինչպես մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության մատնվեցին, նույնպես և մեկի արդարությամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կյանքի արդարության շնորհին.  որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան, նույնպես և մեկի հնազանդությամբ շատ արդարներ պիտի լինեն» (Հռոմ 5:18-19):

 

Շատերս այսօր մեր կյանքում ընդունում ենք առաջին՝ ոչ աստվածաշնչյան խոսքը՝ ասելով. «Չեմ կարող ինքս գործել, դառնալ առաջինը և փոխել ինչ-որ բան, քանզի, միևնույն է, անհնար է, որ մեկ հոգին փոփոխություն կարողանա անել»: Ինչո՞ւ ենք այսպես անում: Արդյոք մեղք չէ՞ տեսնել անարդարությունը և լռել այդ մասին՝ ոչինչ չանելով: Գուցե մեզ կաշկանդում է վախը: Իսկ ի՞նչ է այն, եթե ոչ չարի կողմից մտածված հերթական արգելքը՝ բարի գործերից ետ պահելու համար: 

 

Հաղթահարե՛նք մեր վախերը, եթե դրանց հաջորդող նպատակը բարիք պիտի ստեղծի, եթե մեր նպատակը բարին է:  Գործե՛նք չվախենալով, չերկմտելով, եթե մեր գործը բարի է: Չընկճվե՛նք, երբ կզգանք մեզ միայնակ այդ ճանապարհին, քանզի մշտապես մեզ հետ է և մեզ առաջնորդում է Աստված: Աղոթե՛նք անդադար, որպեսզի մեր գործը պսակվի հաջողությամբ:

 

Եվ երբ կցանկանանք դառնալ որևէ դրական փոփոխության առիթ, հիշենք այս երկու՝ Ադամի և Քրիստոսի օրինակները, որոնցից մեկը աշխարհ բերեց մեղքը, իսկ մյուսը՝ փրկությունը և շնորհները: Եվ քանի որ տեսնում ենք, որ մեկ մարդով հնարավոր է թե՛ մեղք, թե՛ փրկություն, ընտրե՛նք մեր ճանապարհը, մեր առաքելությունը:  Ի՞նչ ենք ցանկանում ավելացնել աշխարհում:

  • 2022-03-20
×