Բանակում սպասավորող գնդերեցները, Հայաստանի և արտերկրի թեմերից նրանց միացած հոգևորականները 44 օր Արցախում էին, զինվորի կողքին՝ աղոթքով ու զենքով: Պատերազմում ծնված բազմաթիվ պատմություններ լսեցինք Աստծո հրաշքով, աղոթքով, խաչի զորությամբ փրկված կյանքերի մասին:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը սպասավորում է ՊՆ զորամասերից մեկում ու սեպտեմբերի 28-ից մինչև պատերազմի ավարտը իր զորքի հետ Արցախում էր: Տանը նրան սպասում էին երեցկինն ու 4 երեխաները: Տղան՝ Մոնթեն, փայտից զենք էր սարքել, որ պապայի մոտ՝ Արցախ գնա:
Տեր Մանուկն առանց հուզմունքի չի կարողանում հիշել սարսափելի օրերը, նահատակված ընկերներին: Հավատում է՝ Աստված Իր ձեռքը չի վերցրել մեզնից, միայն թե ուղիղ հավատք է սպասում:
«Միշտ ասում էի՝ երբ ծայրահեղ վիճակում հայտնվեք, շատ բարձր գոռացեք՝ Տե՜ր, ողորմեա»:
Պատերազմի ամբողջ ընթացքում ես եղել եմ իմ զորքի հետ: Դա նաև Զինված ուժերի հոգևոր առաջնորդության հրահանգն էր՝ գնդերեցը պետք է լինի զորքի հետ:
Արցախ գնացինք սեպտեմբերի 28-ին: Գնացինք ու մտանք կրակի մեջ: Առաջին սարսափը զգացինք, երբ հարվածեցին մեր մեքենային: Բարեբախտաբար, բոլորս՝ 220 հոգի, այդ պահին դրսում էինք: Մեքենան ամբողջությամբ այրվեց, հրաշքով փրկվեցինք: Ես հավատում եմ՝ լանջախաչս, որ մեքենայում էր, ամբողջ ծանրությունն իր վրա առավ:
Ամեն գործողություն, խնդիր կատարելուց առաջ աղոթք ենք արել, նոր գնացել: Պատահում էր՝ խմբերի էինք բաժանվում, ես մնում էի մի խմբի մոտ, բայց միշտ ասում էի. «Տղե՛րք, երբ ծայրահեղ վիճակում կհայտնվեք, շատ բարձր գոռացեք՝ Տե՛ր, ողորմեա: Ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ դեպքեր են եղել, որ ողջ-առողջ հետ են եկել ու պատմել, որ արկի ընկնելուց բարձր գոռացել ենք «Տե՛ր, ողորմեա», արկն ընկել, չի պայթել, էդպես փրկվել են»:
«...ու բոլորս՝ 50-60 հոգի, ծնկեցինք աղոթքի»:
Բանակում հոգևորականի ծառայությունը մեր եկեղեցու ամենակարևոր ծառայությունն է: Հատկապես այս պատերազմի ընթացքում հոգևորականը բացառիկ դեր ստանձնեց: Նա ոչ միայն զինվորի համար թաքուն աղոթողն էր, այլ զենքը ձեռքին կռվողը: Հաճախ հոգևորականն ավելի արագ էր կողմնորոշվում, քան՝ զորքը:
Շատ ծանր ապրումներ ունեցան հոգևորականներն այս ընթացքում: Հիշում եմ՝ բազմաթիվ կորուստներից հետո գնացինք Խնձորեսկ: Երկաթյա սյուներով ու տանիքով լքված մի տեղ կար, մտանք, շորերով, վերմակներով փակեցինք, որ զինվորները տաքանան: Զանգ ստացա տղաներից մեկից. ասաց՝ ծանր վիճակում ենք, ծուղակի մեջ. եթե 15 րոպեից դուրս չգանք, մեզ մի՛ սպասեք: Դրանք երևի պատերազմի ամենասև պահերն են եղել: Վազեցի ուղիղ մեր զորքի մոտ, ասացի, որ տղերքը ծայրահեղ վիճակում են, պիտի աղոթենք: Աղոթք արեցինք, անցավ 5 րոպե, խնդրեցի նորից ծնկել ու աղոթել: Սարսափելի անհանգիստ էինք: Զինվորներից մեկն ասաց. «Տե՛ր հայր, եկեք մի անգամ էլ աղոթենք»: Ու նորից բոլորս՝ 50-60 հոգի, ծնկեցինք, վերջին աղոթքը Նարեկացու «Որդի Աստուծոյ կենդանւոյ»-ն էր: 15-րդ րոպեին նույն համարից զանգ եկավ. «Տե՛ր հայր, փառք Տիրոջը, հրաշքով դուրս եկանք, ոչ մեկս չի վնասվել»: Երբ հասան մեզ, սարսափելի ցեխոտ էին: Տեսնեիք՝ զինվորներն ինչ հոգատարությամբ վառարանը վառեցին, ով ինչով կարող էր, օգնեց, արագ շորերը հանեցին, չորացրեցինք: Հաջորդ օրը նույն ուժով ու եռանդով էլի դուրս եկանք մարտի:
«Մեր նահատակները մահվանն ասացին՝ «ո՛չ»:
Աստված բոլորին փրկեց: Նահատակված մեր տղաներն ավելի կենդանի են, քան՝ մենք: Մենք մեղքի մեջ թաղված, հոգով մեռած ենք, իսկ իրենք վասն հայրենյաց, հավատքի, հայ ընտանիքի, սուրբ եկեղեցու գնացին, մահվան առաջ կանգնեցին ու մահվանն ասացին՝ ո՜չ, հաղթեցին մահին: Իհարկե, վախկոտ մարդկանց էլ հանդիպեցինք, բայց ով հավատք ուներ, պինդ մնաց ու կռվեց մինչև վերջ: Մեր նահատակները հավատքով մեռան:
Ես առիթ եմ ունեցել խոսելու մի զինվորի՝ Տիգրանի հետ: Պատմում էր, որ դիպուկահարներն իրեն նկատել ու երկու կողմից կրակում էին: Ասում էր՝ խաչակնքեցի ու ասացի. «Տե՛ր Աստված, Հիսո՛ւս Քրիստոս, եթե հիմա պիտի նահատակվեմ, ուզում եմ առաջինը քեզ տեսնել, դու իմ ձեռքը բռնած տար»: Ու պատմում է, որ հրաշքով կրակոցները դադարեցին: Քրիստոս մեր ժողովրդի հետ էր:
Ով ինչպես կուզի, թող մեկնաբանի, ես մտածում եմ, որ այս պատերազմը ոչ թե թուրք-ադրբեջանցիների՝ մեզ բնաջնջելու, հողերին տիրանալու համար էր, այլ սատանայի պատերազմն էր Աստծո ժողովրդի դեմ: Մեր էրեխեքը նահատակության պսակն իրենց գլխին գնացին երկնքի արքայություն: Գալու է սատանայի պարտության օրը, միայն թե Աստված մեզնից ուղիղ հավատք է սպասում, որ ասի՝ ապրե՛ք բարի ու հավատարիմ ծառաներ, ժառանգե՛ք ձեր երկիրը:
«Աստծուն խնդրենք, որ մի դուռ բացի մեր երկրի համար»:
Ես շատ կենսախինդ էի, մանավանդ՝ հոգևոր հարցերում միշտ ընկերներիս ոգևորող եմ եղել: Բայց հիմա աշխարհի գույները փոխվել են, ոչինչ չեմ կարողանում անել: Միայն Եռաբլուրում հարյուրավոր զինվորների հուղարկավորություն ենք արել: Թվում է՝ պիտի արդեն սառած լինեինք, բայց ամեն զինվորի հետ վերքը նորից բացվում է, արյունահոսում է, լացդ ու աղոթքդ շաղախվում են, պիտի մարդկանց Տիրոջ խոսքը փոխանցես, հանգստացնես ծնողներին, բայց դու ինքդ մխիթարության կարիք ունես: Աստված ուժ է տալիս, անկեղծ եմ ասում: Պատահել է՝ 15 զինվորի հուղարկավորություն արել, նստել ու զարմացել եմ՝ ինչպե՞ս արեցիր: Աստված ուժ է տալիս, ես հավատում եմ, որ Աստված Իր ձեռքը մեզնից չի վերցրել:
Ցավալիորեն, մեր ժողովուրդն Աստծուց շատ-շատ է հեռացել, դարձել է հայհոյող, բամբասող, չարախնդող, մեկս մյուսին ձեռք չենք մեկնում, մոռացել ենք, որ բոլորս մի ավազանի ծնունդ ենք: Մենք, ցավոք, մեր առավել լավ օրերին, երբ պիտի Աստծուն հիշենք ու աղոթենք, չենք անում: Հենց ընկնում ենք նեղության մեջ, նոր հիշում ենք Տիրոջը:
Այս դժվարությունների, նահանջի մեջ մենք հուսահատվելու իրավունք չունենք: Բոլորս պիտի աղոթենք մեր աշխարհիկ և հոգևոր իշխանության, մեկս մյուսի համար: Կոչ եմ անում, որ ամեն մարդ կանգնի աղոթքի, Աստծուն խնդրի, որ մի դուռ բացի մեր երկրի համար: Դրա հետ մեկտեղ՝ ի գործ, աշխատանքով կհաջողենք:
Պատրաստեց Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ