Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի ժառանգորդը Տիրոջ և Փրկչի աշխարհ գալուց հետո դարձավ Աստծո ժողովուրդը, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցին: Այսպիսով՝ Աստվածաշունչը Եկեղեցու գիրքն է, հետևաբար՝ այն հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես հասկանում է այն ընտանիքը, որին պատկանում է գիրքը, այսինքն՝ Եկեղեցին:
Առհասարակ, այսօր հավատացյալների կողմից ամենից շատ տրվող հարցն է, թե ինչպես է հարկավոր կարդալ Աստվածաշունչը: Միանշանակ է, որ Աստվածաշունչը սովորական գիրք չէ, հետևաբար՝ այս պարագայում ամենևին կարևոր չէ, թե որքան ժամանակում և քանի անգամ ես այն ընթերցում, այլ կարևոր է գրքի բովանդակությունն ամբողջապես և խորապես հասկանալն ու ընկալելը, որն, անշուշտ, պահանջում է հոգևոր նախապատրաստություն:
Սուրբ հայրերն ուսուցանում են, որ Աստվածաշնչի ընթերցանությանը պետք է նախորդեն աղոթքն ու մտավոր ուժերի կենտրոնացումը, որպեսզի մարդ կարողանա ամբողջապես ըմբռնել աստվածային պատգամները:
Աստվածաշունչն ընթերցելիս այն պետք է ընկալել ոչ միայն բանականությամբ, այլև սրտով: Եվ ինչպես արդեն շեշտեցինք, Աստվածաշունչն պետք է ընթերցել առանց շտապողականության:
Չափազանց կարևոր է Սուրբ Գրքի մեջ նկատել բոլոր անհասկանալի բառերն ու գրի առնել դրանք, որպեսզի հետագայում դիմելով մեկնությանը կամ հոգևորականի օգնությանը, ստանանք Աստծո Խոսքի ընթերցանության ժամանակ ծագած հարցի պատասխանը:
Աստվածաշունչն Աստծո շնչով և Աստվածային ներշնչմամբ գրված գիրք է, և Աստծո՝ աշխարհին ու մարդուն հղած ուղերձի էության մեջ ներթափանցելու համար նախևառաջ անհրաժեշտ է առաջնորդվել Սուրբ Հոգով:
Կարևոր է նաև մեր հոգևոր ցանկությունը՝ Աստվածաշնչի միջոցով ճանաչել Աստծուն, ճանաչել ինքներս մեզ, ընդառաջ գնալ Տիրոջն ու նրա հրաշափառ զորությամբ մաքրագործվել: Եվ եթե մարդու մեջ բացակայում է այս ամենակարևոր հոգևոր ցանկությունը, ապա Եկեղեցու նշանավոր հայրերի և, առհասարակ, շրջապատի ցանկացած խորհուրդ, հորդոր և ուղղորդում դառնում է պարզապես անիմաստ և ինքնանպատակ:
Արմեն Չաքմիշյան