Իր մեկդարյա գոյության ընթացքում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը տվել է 2000-ից ավելի շրջանավարտ, որոնց թվում՝ 60 հոգևորական: Այս շրջանավարտների մեծամասնությունը բացառիկ դեր կատարեց հայ ժողովրդի հոգևոր կյանքի, գիտության ու արվեստի զարգացման ու տարածման բոլոր ասպարեզներում:
Վարժարանը հիմնվել է 1824 թվականին, բայց կարճատև է եղել նրա առաջին շրջանը: Հիմնվել է որպես հոգևորական պատրաստության կրթական օջախ՝ Ներսես Աշտարակեցու ջանքերով և իր անունն էլ ստացել է Աշտարակեցուց:
Ներսիսյան վարժարանը բացվել է 140 աշակերտով: Հինգերորդ տարում աշակերտների թիվը հասել է 400-ի: Դպրոցի առաջին տեսուչն էր Լազարյան ճեմարանի ուսուցիչ և տեսուչ Հարություն Ալամդարյանը (1824-1830 թթ.): Նրա ջանքերով հրատարակվել է շուրջ 30 անուն դասագիրք, որոնց մեծ մասը՝ աշխարհաբար, նաև «Երախայրիք Ներսիսյան դպրոցի»-ն, որտեղ տպագրվում էին աշակերտների բանաստեղծություններն ու արձակ գործերը:
1848 թ. սեպտեմբերի 17-ին դպրոցը կրկին վերաբացվում է և դառնում հայության համար լույս բաշխող կարևորագույն կենտրոն:
Հատուկ ընդգծելի է այս դպրոցի դերը աշխարհաբար լեզվի ուսուցման ու տարածման, ինչպես նաև աշխարհաբար գրքեր թարգմանելու ու գրելու գործում:
Իր գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում Ներսիսյան դպրոցը եղավ այն վայրը, որտեղ իրենց մկրտությունը ստացան Փարիզից, Բեռլինից, Մոսկվայից, Աստրախանից, Պոլսից, Պարսկաստանից ու Հայաստանի բոլոր տարածքներից այստեղ ժամանած մեծաթիվ հայ և ոչ միայն հայ երիտասարդներ: Նրանցից շատերը դարձան նշանավոր մտավորականներ ու քաղաքական-հասարակական գործիչներ:
Հայ գիտության, մշակույթի ու հոգևոր կյանքում չկա որևէ բնագավառ, որտեղ իրենց ներդրումները չունենան այս դպրոցի շնորհալի ներկայացուցիչները:
Ճեմարանի մանկավարժների գլխավոր նպատակը ոչ միայն լավ աշակերտներ, այլ նաև իսկական անհատականություններ դաստիարակելն էր։
Ճեմարանի շրջանավարտները քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ են դարձել, բոլորն էլ իրենց հետքը թողել են պատմության մեջ։
Ճեմարանի հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր էր կնքել աշակերտների ծնողների հետ, որի համաձայն` աշակերտների դժգոհություններն ու դպրոցը վարկաբեկող բողոքները բացառվել են։ Ճեմարանը ևս մեկ յուրահատկություն է ունեցել. հոգաբարձուները շրջել են երկրի շրջաններով և հավաքել տաղանդավոր երեխաների։ Հաճախ նման երեխաների ծնողներն ի վիճակի չեն եղել վճարել ուսման վարձը, և այդ ժամանակ հոգաբարձուներն այդ հոգսը վերցրել են իրենց վրա, երեխաներին բերել են քաղաք և տեղավորել դպրոցում։
Ճեմարանի գրականության և արվեստի բնագավառի նվիրյալներից են՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պերճ Պռոշյանը, Ամո Խարազյանը, Ավետ Ավետիսյանը և ուրիշներ:
Երգ-երաժշտության ներկայացուցիչներից են՝ Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուադյանը, Ազատ Մանուկյանը, Կարո Զաքարյանը և ուրիշներ:
Ներսիսյանցիները նշանակալի ավանդ ունեն նաև գիտության ու մանկավարժության բնագավառներում: Ահա նրանցից մի քանիսի անունները՝ Երվանդ Լալայան, Աշխարհաբեկ Քալանթարյան, Համազասպ Համբարձումյան Ռուբեն Զարյան, Գուրգեն Սևակ և ուրշներ: Նրանցից շատերին շնորհվել են գիտության վաստակավոր գործչի, դոկտորի ու ակադեմիկոսի աստիճաններ ու կոչումներ:
Ներսիսյան դպրոցում դասավանդել են իրապես մեծ ու նվիրյալ մտավորականներ, որոնցից պետք է առանձնացնել Հովսեփ Շիշմանյանին՝ (Ծերենց) հայոց լեզվի և գրականության ոլորտում:
Ներսիսյան դպրոցը փակվել է 1924 թվականին, երբ նորահաստատ խորհրդային կարգերի կողմից ամեն ինչ պետականացնելու քաղաքականությունը վերջակետ դրեց նաև հայաշունչ այս կենտրոնի կյանքին ու գործունեությանը:
Պատրաստեց՝ Քրիստինե ՆԱՋԱՐՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ