«Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները

«Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները

Հին Կտակարանի գրքերը կարդալիս ընթերցողներից շատերը տեսնում են որոշ հակասական գաղափարներ: Օրինակ «Տասնաբանյա»-ի պատվիրաններից մեկում Աստված խստիվ արգելում է սպանությունը, սակայն Իսրայելի գրեթե ամբողջ պատմությունը շաղախված է արյունալից պատերազմական կոտորածներով և բազմաթիվ մահապատիժներով: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է սպանությունն արգելող Աստված նույն գրքում հրամայել բնաջնջել հսկայական քաղաքներ իրենց ողջ բնակչությամբ, ինչպես նաև մահվան դատապարտել օրինազանց իսրայելացիներին: Ամենավառ օրինակներից է Երիքովի գրավումը, երբ Տերն Ինքը կործանում է քաղաքի պարիսպները և իսրայելացիները, ինչպես վկայում է Սուրբ Գիրքը. «Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ, թե՝ կին, երիտասարդ, թե՝ ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին» (Հեսու Զ 21): Այդպես է լինում և այլ քաղաքների հետ, որոնց Տերը մատնում է իսրայելացիների ձեռքը. «Տերը մատնեց այն իսրայելացիների ձեռքը, և Հեսուն նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց, նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց» (Հեսու Ժ 31): Նման դեպքերը տեսնելով՝ տարբեր գնոստիկյան և այլ աղանդավորական մեկնաբաններ տարբերություն էին դնում Հին և Նոր Կտակարանների Աստծու միջև՝ համարելով Հին Կտակարանի Աստծուն դաժան և անարդար: Իրականում ինչպե՞ս կարելի է հասկանալ սպանության վերաբերյալ այդքան տարբեր մոտեցումները. Աստված արգելում է սպանելը, սակայն հրամայում է սպանել ինչպես թշնամիներին, այնպես և օրինազանց իսրայելացիներին:

 

Այս բարդ խնդրին լուծում տալու համար հարկ է նախ և առաջ անդրադառնալ Սուրբ Գրքի բնագրին և կատարել լեզվաբանական վերլուծություն: Տեքստի ուշադիր ընթերցանությունը ցույց է տալիս, որ բնագրի լեզվում՝ հին եբրայերենում, առկա են 4 բայեր, որոնք մենք թարգմանում ենք «սպանել» («հարագ»` սպանել, կործանել, բռնության ենթարկել (հանդիպում է  160 անգամ), «մուտ»/«մավատ»` մահվան պատճառ դառնալ, սպանել (200 անգամ), «քաթալ»` կոտորել մարտում, ջախջախել (4 անգամ), և «ռացախ»՝ սպանել, մարդասպանություն անել (47 անգամ)։ Վերոնշյալ բայերից միայն «ռացախ»-ն  է կիրառվում վեցերորդ պատվիրանում:

 

«Ռացախ» բայի մասնավոր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ այն նշանակում է անօրինական, մտադրված սպանություն կամ էլ ոչ մտադրված պատահական սպանություն մերձավորի նկատմամբ: Այդ բայը երբեք չի օգտագործվում թշնամուն սպանելու կամ օրինազանցին մահապատժի ենթարկելու դեպքում, բացառությամբ միայն Թվոց 35.30 համարի, որն ասում է. «Մարդասպանը թող սպանվի», այսինքն՝ նա, ով մտադրված սպանություն է գործում, պետք է ստանա նույն հատուցումը: Մյուս դեպքերում այս բայն օգտագործվում է, երբ խոսվում է ապաստանի քաղաքների մասին, որոնք նախատեսված էին նրանց համար, ովքեր ակամայից էին սպանել իրենց մերձավորին: Այլ պարագաներում այն օգտագործվում է Իսրայելի մեջ տեղի ունեցած անարդարությունների, բռնությունների և դրանցից բխած սպանությունների դեպքում. «Իսկ եթե դուք գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը» (Երեմիա Է 9), ինչպես նաև՝ Դատավորաց Ի 6, Սաղմոս ԿԲ 3, ՂԴ 6, Եսայի Ա 21, Օվսե Դ 2, Զ 9, Գ Թագավորաց ԻԱ 19, Դ Թագավորաց Զ 32 և այլն։

 

 Քննելով սուրբգրային այն հատվածները, որտեղ օգտագործվում է «ռացախ»՝ սպանել բայը, կարող ենք հանգել այն եզրակացության, որ մի կողմից այն նշանակում է քրեական պատասխանատվության ենթակա հանցանք, ինչպես՝ կողոպուտը, բռնաբարությունը և այլն, մյուս կողմից` մերձավորի սպանությունը առանց մտադրության, ինչ-որ պատահարի հետևանքով, օրինակ. «Եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել...» (Թվոց ԼԵ 22-23): Բոլոր դեպքերում խոսքը ներհամայնքային հարաբերությունների մասին է: Աստված տալիս է «Մի՛ սպանիր» պատվիրանը, որպեսզի կարգավորի ընտրյալ ժողովրդի մեջ միջանձնային հարաբերությունները և վերացնի եղբայրասպանության չարիքը: Վեցերորդ պատվիրանը ընթերցող հրեան չէր կարող տեսնել որևէ հակասություն Աստվածաշնչում, քանզի հստակ տարբերում էր «ռացախ»-ը «հապագ»-ից կամ «քաթալ»-ից, որոնք թեև նույն հետևանքների են բերում, սակայն ամենևին նույնիմաստ չեն:

 

Մարդ արարածը իր կյանքը ստացել է իր Արարչից, որի պատկերով և ստեղծվել է։ Անգամ մարդն ինքը իրավունք չունի ոտնահարել Աստծուց տրված այդ պարգևը։ Սակայն հանդիպում են դեպքեր, երբ Աստված է որոշում բնաջնջել որոշ ցեղեր, որոնք կորցնելով աստվածային պատկերը՝ իմաստազրկել են իրենց կյանքը և հակառակվել Աստծու կամքին: Հենց այդ պատճառով է Հին Կտակարանի պատմությունը շաղախված է մեղքի հետևանք հանդիսացող արյամբ ու սպանություններով։ Աստվածաշունչը ցույց է տալիս մեզ իրական նկարագիրն այն հին աշխարհի, որը հեծեծանքով ու տառապանքով սպասում էր Նրան, Ով Իր Անմեղ Արյամբ կնորոգի աշխարհը և նոր՝ սիրո ուխտ կկնքի մարդկության հետ՝ նոր սիրտ և նոր՝ սիրող հոգի կտա մարդուն, ավելին՝ մահվանից հարություն կտա մեղքով սպանված Ադամի զավակներին:

 

Պատրաստեց Տաթևիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-04-24
×