Մարդու կոչումի և բարոյական օրենքի մասին

Մարդու կոչումի և բարոյական օրենքի մասին

Մարդու կոչման մասին խոսվել է դեռևս Աստվածաշնչի առաջին գլուխներում . «Լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդ. 1.28): Այսկերպ Աստված ուղենշում է աշխարհի հետ մարդու փոխհարաբերությունը և մարդու առաքելությունը: Աստված մարդուն օժտել է երկրի վրա իշխելու և այն կառավարելու իրավունքով, որպեսզի մարդը արարչակից լինի Տիրոջը: 

 

Աստված մարդուն ստեղծեց Իր  պատկերով և նմանությամբ̀ շնորհելով բանականություն, ազատություն և  հոգի: Մենք կոչված ենք զարգացնել այդ շնորհները, որպեսզի կարողանանք գտնել դեպի Արարիչ տանող ճանապարհը և մոտենանք Նրա կատարելությանը:

 

Այս առաքելությունը պայմանավորված է հատուկ օրենքի անխախտ պահպանմամբ, որն Աստված հաստատել է մարդու մեջ, և դա բարոյական օրենքն է: Այդ օրենքը սովորեցնում է մեզ, թե ինչպես վարվել, որպեսզի չխաթարվի մեր կյանքի ամբողջականությունը, ինչպես նաև պահպանվի ֆիզիկական ու հոգևոր աշխարհների ներդաշնակ փոխհարաբերությունը: 

 

Առանց բարոյական օրենքի պահպանման մարդը պարզապես անկարող է բյուրեղացնել Աստծո̀ իր մեջ դրված պատկերը, լինել Աստվածանման:

 

Աստված մարդուն ոչ միայն պատվիրել է ապրել բարոյական օրենքով, այլ նաև շնորհել է այն ճանաչելու և գիտակցելու միջոցը, և դա խիղճն է: Բարոյական օրենքի վերաբերյալ ամեն ինչ նկարագրվում է Սուրբ Գրքում և այդ ամենից դուրս ցանկացած մեկնաբանում կամ տեսակետ միմիայն մարդկային հորինվածք և կեղծիք է:

 

Եվ չափազանց կարևոր է իմանալ, որ բարոյական օրենքը պահպանող մարդը երբևէ միայնակ չի մնա, քանզի նրան մշտապես պաշտպանում, ուղղորդում և առաջնորդում է հենց Աստված:

 

Անչափ կարևոր է նաև անկեղծ վստահությամբ իմաստավորված հավատքը, որը մարդ և Աստված հարաբերության հիմնական պայմանն է: Այն Աստծուն մոտենալու և Նրան ճանաչելու ամենաուղիղ ճանապարհն է, որի արդյունքում մարդը խորապես հասկանում և գիտակցում է  աստվածային  բոլոր օրենքները, և իհարկե այդկերպ պահպանում բարոյական օրենքը:


 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-03-25
×