Հոգևոր մարտ

Հոգևոր մարտ

Մեր հավատքի ճանապարհը ոչ միշտ է, որ խաղաղ է: Մեր կյանքի ընթացքում լինում են նաև պահեր փորձությունների, որոնք սակայն է՛լ ավելի են հաստատուն դարձնում մեզ մեր հավատի մեջ:

 

Ահա, այդ փորձություններից է նաև հոգևոր մարտը՝ չարի դեմ: Այս ասելով մասնավորապես նկատի ունենք զանազան գայթակղությունները, այն արարքները, որոնք քրիստոնեության տեսակետից ողջունելի չեն: Դրանք աաջարկվում են մեզ չարից, սակայն հաղթահարելու դեպքում ուղեկցում են մեզ դեպի Աստված: Մեր հոգևոր մարտը ֆիզիկական անձի դեմ չէ, և ուստի մեր սպառազինությունն էլ չի կարող լինել ֆիզիկական, եթե ցանկանում ենք իսկապես հաղթող դուրս գալ նման մարտում, մոտենալ, ճանաչել Աստծուն: 

 

Սուրբ գրքում՝ Պողոս առաքյալի՝ Եփեսացիներին ուղղված թղթում, մեր հոգևոր սպառազինության մասին ասված է.  «Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը» (Եփես. 6:13-17):

 

Հոգևոր մարտում մեր ամենահզոր զենքերից մեկը պիտի լինի աղոթքը, որով էլ պիտի երկխոսությունը կառուցենք Աստծո հետ՝ ստանալով մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները: Անշուշտ, անկեղծ աղոթքն է, որ կառուցում է մեր երկխոսությունն Աստծո հետ, և ոչ թե այն, որն արված է պարտադրաբար կամ որպես պարտականություն:

 

Մեզ օգնության է գալիս նաև մեր համբերությունը, որը մեր ուղեկիցը պիտի լինի՝ չարիքի դեմ պայքարելիս: Պիտի ունենանք գիտակցումը, որ ոչ միշտ է հնարավոր լինում անմիջապես հաղթել փորձությունը, երբեմն անհրաժեշտություն է զգացվում երկարատև հոգևոր պայքարի: Հենց սրա համար է, որ Տիրոջից պիտի անսահման համբերություն խնդրենք: 

 

Այսպիսով՝ թեև հոգևոր մարտը շարունակ խանգարում է մեր հոգևոր անդորրը, պիտի գիտակցենք, որ դրանց միջոցով մենք է՛լ ավելի ենք մոտենում Աստծուն, ավելի հաստատվում մեր հավատքի մեջ: Ուրեմն՝ սպառազինվենք հենց այսօր:

  • 2022-03-25
×