Եթե պատմությունը դիտարկենք կրոնական տեսանկյունից, ապա վստահաբար մեզ կհետաքրքրի ոչ թե փաստերի շարադրման ճշգրտությունը, այլ մարդ և Աստված փոխհարաբերությունը:
Այսպիսով՝ Աստվածաշունչը պատմությունը շարադրում է բացառապես հոգևոր տեսանկյունից և մենք նրա մեջ գտնում ենք հոգևոր կամ Սրբազան պատմությունը: Մեղքի դրսևորումը աշխարհում չսահմանափակվեց միայն ադամական մեղքով: Ադամից ու Եվայից հետո հաջորդ մեծ մեղքը գործեց նրանց ավագ որդին՝ Կայենը, որը սպանեց իր կրտսեր եղբորը՝ Աբելին:
Եվ աշխարհը ներկվեց առաջին մարդու արյամբ: Այս արարքի դրդապատճառը միանշանակ նախանձի զգացումն էր: Իսկ նախանձը բոլոր ժամանակներում եղել է մարդկային կյանքի ամենամեծ չարիքը, որը կուրացնում է հոգու աչքերը, փոթորկում հոգին և մարդուն դրդում սարսափելի արարքների: Կայենը պատժվեց և Աստծուց անիծվելով՝ դարձավ թափառական երկրի վրա: Մարդկային այս անընդմեջ շարունակվող ու բազմացող մեղքերն ի վերջո հատում են Աստծո համբերությունը, և ինչպես ասվում է Աստվածաշնչում. «Երբ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց իր հոգու խորքում: Տեր Աստված ասաց . «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամեն մի էակ՝ մարդուց մինչև անասուն և սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց: Նոյը, սակայն, արժանացել էր Տեր Աստծո սիրուն» (Ծննդ. 6.5-8):
Եվ հենց Նոյին էլ համաշխարհային ջրհեղեղից առաջ Աստված պատվիրում է մի մեծ նավ՝ տապան կառուցել, և նրա մեջ տեղավորել իր ընտանիքը, ինչպես նաև մեկական զույգ բոլոր կենդանիներից, թռչուններից և սողուններից, որպեսզի կյանքը շարունակվի երկրի վրա:
Սակայն ամենացավալին այն է, որ մարդիկ շուտով մոռացան այդ սարսափելի աղետը և այն նրանց ամենևին չուսուցանեց: Եվ մարդկային ամբարշտության ու սարսափելի մեղքի հաջորդ դրսևորումը Բաբելոնյան աշտարակի կառուցումն էր:
Այս անգամ մարդիկ այնքան էին մեծամտացել, որ ցանկանում էին այնպիսի աշտարակ կառուցել, որը կհասներ Աստծուն, այսկերպ ցանկանալով հավասարվել Նրան: Սակայն այս ամենի համար նրանք չէին դիմել Աստծո օգնությանը, այլ ընդհակառակը՝ կարծում էին, թե այնքան հզոր են, որ կարող են միայնակ անել ամեն ինչ:
Մարդկային այս սրբապղծության աստիճանի հասնող մեծամտությունը հերթական արհամարհանքն ու մարտահրավերն էր Աստծուն, որը, սակայն, նույնպես ունեցավ իր կործանիչ հետևանքները:
Աստված կործանեց աշխատարակը և խառնեց աշխարհի բոլոր մարդկանց լեզուները, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ միմյանց, քանզի մինչ այդ աշխարհի բոլոր մարդիկ խոսում էին նույն լեզվով:
Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունն ունի խորը կրոնական իմաստ, որն ապացուցում է, որ առանց Աստծո մարդը ոչինչ է, ինչպես նաև փաստում, որ մարդկային աստվածուրաց մեծամտության դրսևորումներն ունենում են ողբերգական ավարտ, ինչի արդյունքում մարդիկ կորցնում են ոչ միայն Աստծուն, այլև միմյանց:
Այսպիսով, Սրբազան պատմությունն իրական աստվածային հայտնություն է յուրաքանչյուրիս կյանքում, որն առավել քան հստակ բացահայտում է մարդու կործանման և անկման բոլոր պատճառները, ինչպես նաև մարդկային բոլոր դժբախտությունների ակունքը, և այսկերպ ներկայացնում մարդ և Աստված փոխհարաբերության ճշմարիտ կառուցման եղանակը:
Արմեն Չաքմիշյան