…2015 թվական: Ապրիլի 23: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատի Բաց խորանում տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Ազգի հավաքական գիտակցության մեջ նրանք վաղուց էին սրբացվել, բայց այդ օրը՝ խորհրդանշական ժամից՝ 19:15-ից սկսած աշխարհն ականատես եղավ մեր ազգի հոգևոր վերափոխմանը: Մեր եկեղեցու հայրերը, աշխարհասփյուռ հայությունը հավատացած էին, որ այսուհետ մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք գնալու ոչ թե սգալու, այլ մեր սրբերի բարեխոսությունը խնդրելու: Այսօր նոր իմաստ են ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքերը.
«Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում՝ Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով»:
Եվ սրանք հենց այնպես ասված խոսքեր չէին: Վեհափառ Հայրապետի ուղերձում իր մեծ նախորդներից ստացած պատմական դասերն ու պատգամներն էին: Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել էր դեռ 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի (հետագայում՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս.-հեղ.) Հայաստան այցի ժամանակ։ Այս ընթացքում երկու հայրապետերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար: Շուրջ երեք տասնամյակ նվիրական գաղափարով ապրելուց հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն կյանքի կոչեց, երբ համայն հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սա վերարթնացումի կոչ էր մարդկությանը, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր՝ ծանրագույն հանցանքներ՝ վտանգելով սերունդների ապագան:
Պատմության ընթացքում հայ ազգն իր հոգևորականներին մշտապես տեսել է ազգային-ազատագրական պայքարում, հերոսամարտերում: Նրանցից շատերին վիճակված էր առաջնորդել նաև Հայ Դատի և Հայոց պահանջատիրության պայքարը:
1878 թ. Բեռլինի հայտնի վեհաժողովից հետո Խրիմյան Հայրիկը սերունդներին պատգամեց «երկաթե շերեփ»-ի կարևոր դասը: Ու ինքն էլ դարձավ մեր ազգի լինելիության համար ուժեղ հայրենիք կառուցելու գաղափարախոսներից մեկը:
Խրիմյան Հայրիկին հաջորդող գահակալներից և ոչ մեկին երբեք չի լքել պատմական հայրենիքի սահմանները՝ որպես ցեղասպանության հատուցում վերականգնված տեսնելու գաղափարը: Եվ անգամ ստալինյան բռնաճնշումների տարիները խոչընդոտ չեղան, որ Գևորգ Զ Չորեքչյան Հայրապետը 1945-ից դեպի Հայաստան սկսված ներգաղթի ընթացքում հուշագրով դիմեր ԽՍՀՄ-ի ղեկավար Իոսիֆ Ստալինին, ԱՄՆ-ի նախագահ Հարի Տրումենին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կլիմենտ Էտլիին` պահանջելով Թուրքիայի կողմից գրավված հայկական տարածքները վերադարձնել Խորհրդային Հայաստանին:
Հայաստանի Ազգային արխիվում, ինչպես նաև ժամանակի մամուլում բազմաթիվ նյութեր վկայում են, որ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսը հատուկ կոնդակով շեշտել է նաև ներգաղթի կարևորությունը և դրա հետ կապված հրահանգներ տվել արտասահմանի թեմական առաջնորդներին: Ավելին` Գևորգ Զ-ի կոնդակներն ու դիմում-նամակները հատուկ շեշտադրում են ունեցել հայկական հողերի վերադարձի և ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայության ՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հետ կապված հարցերում, որոնք իրենց հերթին նոր էջ էին բացելու հայկական հողերի պահանջատիրության պայքարի տարեգրության մեջ: Եվ այս գաղափարների ու գործի շարունակողն էր լինելու Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնում Գևորգ Զ Չորեքչյանին փոխարինած Վազգեն Ա Պալճյանը՝ անուն պաշտելի, ով նույնպես Հայ Դատի ջահակիր էր:
…Պահպանվել են բազմաթիվ պատմություններ, որոնք տարիների հեռվից ավելի են ուրվագծում ազգի անժամանցելի իրավունքների համար պայքարող հոգևոր մեծ առաջնորդի կերպարը: Ժամանակակիցները վկայել են, որ մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը:
Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում Վեհափառի աջը:
Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Վեհափառը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ապրած ազգը երբևէ պետք է ստեղծեր իր հիշողությունն ու պատմությունը պահպանող թանգարան: 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի նախօրեին բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը ստեղծվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ Լավրենտի Բարսեղյանի նվիրական ջանքերով ու դարձավ Հայ Դատի համար մեր պայքարի սուրը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանին վիճակված էր տեսնել թանգարանի ստեղծման ամբողջ ընթացքը: Նա աշխարհասփյուռ հայությանը 1995 թ. ապրիլի 24-ին հղել է բացառիկ ուղերձ, որում դրա կարևորությունն այսպես էր ընդգծել.
«…Մեր Հայաստանի պետության որոշմամբ և հատուկ հանձնաժողովի կազմակերպական ջանքերով, առաջին անգամ ըլլալով, Հայաստանի Մայր հողին վրա թանգարան մը բացվեցավ, որուն մեջ մշտաբարբառ պիտի ապրին մեր նահատակները, և Հայաստանի բազում թանգարաններուն մեջ եզակի վկայարան մըն է այս թանգարանն ինձ համար և պետք է լինի ձեր բոլորի համար: Եթե մեկը ուզեր ճշգրիտ բնորոշումով նկարագրել այդ թանգարանի իմաստը, թանգարան բառեն ավելի հայերեն լեզվին մեջ վկայարան բառն էր, որ մենք պետք է ընտրեինք այդ հաստատության համար: Տեղ մը, ուր վկաները կխոսին, վկայությամբ կխոսին և մեր կյանքին մեջ ներգործություն կկատարեն ամեն անգամ, երբ այդ թանգարանին մեջ ոտք կդնենք…»:
Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը պատգամում էր, որ ամեն հայ կյանքում որևէ քայլ կատարելուց առաջ ինքն իրեն հարց ուղղի. «Մենք թե ի՞նչ ենք, ո՞վ ենք մենք նահատակներու հայելիին մեջ»:
…Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղավ պատմական արդարության համար պայքարի հոգևոր մարտիկը: Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հազարավոր մտավորականների փաղանգի շարքում էին հոգևորականները, ովքեր ընկան՝ խաչն ու սուրը ձեռքին:
Մեկ դար անց՝ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ, ամբողջ աշխարհի հեռուստաընկերությունները հեռարձակեցին մի կադր, թե ինչպես սպիտակ աղավնին թևածելով իջավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սրբապատկերի վրա: Աղավնին արդարության մարմնավորումն ու խորհրդանիշն էր: Ազգային գաղափարախոսության վրա հիմնված ուժեղ պետություն կառուցելով է, որ պետք է հասնենք պատմական արդարության հաստատմանը և արժանի լինենք մեր նախնիներին, որ զոհվեցին հընթացս ցեղասպանության՝ «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:
Պատրաստեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ