Մենք առանց Աստծո գոյություն չունենք, մեր ամեն առավոտը բացվում է Տիրոջ կամքով ու ողորմածությամբ։ Հավատն առ Աստված եղել է ու կլինի միակ փրկությունը։
Աստվածաշնչում ասվում է. «Եթե լսես Տիրոջ՝ մեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ ողջ երկրում» (Բ Օրինաց 30.16)։
Սուրբ Գրքի այս հատվածի մեջ ամփոփ նկարագրվում է, Աստծո օրհնությունները ստանալու ճանապարհը։ Այն շատ պարզ է, ընդամենը երեք բայ՝ սիրել, ընթանալ և պահել։ Դրանք գործադրելով միայն կարժանանանք Աստծո անսահման օրհնություններին։
Միաժամանակ, Աստծո հետ հաղորդակցվելու համար հարկավոր է աղոթքի լեզուն սովորել և այդ կերպ Իր հետ խոսել։ Նա նկատում է այն ջանքերը, որ գործադրում ենք Իրեն մոտ գտնվելու համար, նույնիսկ երբ դա մեզ երբեմն չի հաջողվում, միևնույնն է, Աստված պատրաստ է ներելու և մեզ ընդառաջ գալու։
Սակայն, որքան էլ կարևոր լինի աղոթքը, այնուհանդերձ, մարդու փրկության գլխավոր զենքը հավատն է: Հավատով է միայն հնարավոր փրկություն: Բայց ինչպիսի՞ հավատը: Նարեկացին առաջարկում էր հավատի մեջ լինել մաքուր, անկեղծ, ճշմարիտ: Ըստ նրա ձևական, արտաքին, կեղծավոր հավատի փոխարեն մարդ պետք է ունենա հոգեփոփոխ, ապրեցնող հավատ: Մեջբերելով Հովհան Ոսկեբերանի խոսքերը, թե «Մենք պետք է այնպիսի սրբակրոն վարք ուենայինք, որ գրքի կարիք չունենայինք, ինչպես՝ Նոյը և Աբրահամը և նրանց որդիներն ու թոռները, ինչպես Հոբը և Մովսեսը, և առաքյալները, որոնց սրտի մեջ էր բնակվում, գրի փոխարեն սրտի տախտակների մեջ էր գրում և ոչ թե գրքերի», այս կերպ ցույց է տալիս հավատի հանդեպ այն բարձ գիտակցումը, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ունենա:
Հիշեք, հավատքի համար չկա ավելի կործանարար բան, երբ ցույց ես տալիս, թե հավատում ես, բայց շարունակում ես ապրել անհավատի կյանքով: