Աստվածամարդը

Աստվածամարդը

Ադմանական մեղքն, իհարկե, մարդուն չզրկեց Աստծո հետ ապրելու նրա առաքելությունից, սակայն մեղքը անջրպետ  ստեղծեց Աստծո և մարդու միջև: Իսկ մարդն անընդունակ եղավ իր ուժերով հաղթահարելու այդ խոչընդոտը:

 

Այսպիսով, Աստված ուխտ է կնքում մարդկանց հետ՝ խոստանալով իր օրհնությունն` ի պատասխան նրանց հավատքի ու հավատարմության: Իհարկե, Աստված կարող էր ձեռքի մեկ շարժումով կարգավորել ամեն բան և վերացնել բոլոր մոլորությունները, սակայն կարևոր է հասկանալ, որ այն  ինչ պիտի անի մարդն, Աստված երբեք նրա փոխարեն դա չի կատարի: Փոխարենը Աստված մարդուն արարել է Իր պատկերով և նմանությամբ, և մշտապես պատրաստ է նրան զորակից լինել հավատքի ճանապարհին:

 

Եթե Աստված ամենինչ կատարեր մարդու փոխարեն, այնժամ մարդը կվերածվեր միայն բարձրագույն ուժի գործադրումից օգտվող մի կույր, անբանական և կամազուրկ էակի, ինչի արդյունքում նա կկորցներ ամենից կարևոր բանը՝ հոգևոր կամքի ուժը, որը ծնում է նվիրում ու պայքար, ինչն էլ մեզ մոտեցում է Աստծուն և արդարցնում մեր Մարդ կոչումը:

 

Աստված մարդուն շնորհեց ազատություն ու բանականություն̀ իմաստությամբ օգտագործելու իր ազատությունը: Սակայն ինչպես գիտենք մարդը չկարողացավ իմաստությամբ օգտագործել իր ազատությունը, ինչի արդյունքում զրկվեց ամեն ինչից:

 

Տերն աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, քանզի ադամական մեղքն ու դրա հետևանքները մեծագույն խարան էին թողել մարդկային ճակատագրին: 

 

Իսկ արդեն Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ մարդկային ազատությունն ու աստվածային իմաստությունը ներդաշնակված էին և միմյանց շարունակությունն էին, քանզի Հիսուս իր ազատությունն օգտագործեց մի միայն հանուն մարդկանց բարօրության և ընդդեմ չարի: Այստեղ պարզ երևում է աստվածային անսահման իմաստությունն ու սերը:

 

Եվ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի մարդկանց փոխարեն խաչվի և Իր վրա վերցնի նրանց բոլոր մեղքերը: 

 

Հայտնի է, որ այս ամենից հետո էլ մարդկությունը շարունակեց իր մեղավոր ընթացքը: Աստված, իհարկե, նախքան Միածին Որդուն այս աշխարհ ուղարկելը գիտեր այդ մասին: Պատճառը շատ պարզ է. Աստված այդպես վարվեց, որովհետև սիրում է մարդուն: Աստված հավատում է մարդուն, քանզի նրան ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ, և Աստված այդպես վարվեց, որպեսզի բոլոր մարդիկ, ովքեր կհավատան Իր Միածին Որդուն, վայելեն փրկության բերկրանքը:

 

Տերը մարդացավ, որպեսզի վերջապես մարդկությունը հասկանա Իր անսահման սերն ու ընդառաջ գնա Աստծուն: Տիեզերքի արարիչը մարդացավ հանուն մեզանից յուրաքանչյուրի, որպեսզի հավատալով ապաշխարենք, քավենք մեր մեղքերն ու ժառանգենք հավիտենական կյանքը:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-03-25
×