Հոգեգալստյան տոնը

Հոգեգալստյան տոնը

Հոգեգալստյան տոնը նշվել է դեռևս առաքելական շրջանից, և տոնի հոգևոր խորհրդի մեկնությունը գտնում ենք Ընդհանրական Եկեղեցու վաղ շրջանի հայրերի գործերում:

 

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության` յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին ու ոչ թե Աստծուն` հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար՝ Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի՝ հպարտությունից խուսափելու և աստվածային շնորհներն ի բարին օգտագործելու:

 

Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին ասաց, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն: Այս մասին Ղուկաս Ավետարանիչը գրում է. «Եվ ահա Ես ուղարկում եմ ձեզ Իմ Հոր խոստումը, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (ԻԴ 49):

 

Սուրբ Հոգու էջքի մասին «Գործք Առաքելոցում» հետևյալն է ասվում է. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս»: (Բ 1-4): Այդ օրը Երուսաղեմ քաղաքը լեցուն էր բարեպաշտ հրեաներով, որոնք եկել էին աշխարհի բոլոր երկրներից Պենտեկոստեի տոնին մասնակցելու համար ու նրանք ապշահար էին այն ամենով, ինչի ականատեսը եղան. ծագումով գալիլիացի առաքյալները, որ անկիրթ և անուսում մարդիկ էին, սկսեցին խոսել մի ուրիշ, բոլորովին այլ երկրի լեզվով: Բազմության մեջ կային տարբեր ազգեր ու նրանցից յուրաքանչյուրը, տարակուսած լսում էր իրեն հարազատ լեզվով Աստծո գործերի մասին պատմություններ ու փառաբանություններ: Բոլորը զարմացած հարցնում էին միմյանց. «Ի՞նչ է այս նշանակում»: Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Նոր գինուց հարբած են» (Գործք Առաքելոց 2:12-13):

 

Այդ օրը Սուրբ Հոգու զորությամբ գոտեպնդված Պետրոս առաքյալը քարոզեց հավաքված բազմության առջև ու շուրջ 3000 հոգի մկրտվելով միացան նորակազմ եկեղեցուն:

 

Աարարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-03-25
×