«Նույնպես և հավատը. եթե նա գործեր չունի, առանձին մեռած է» (Հակոբոս 2:17)
Երբեմն կարծում ենք, թե միայն հավատով ավարտված է որպես քրիստոնյա մեր առաքելությունը և մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ կապը՝ ասելով, թե հավատում եմ, ուրիշ էլ ինչպե՞ս պիտի վարվեմ: Մենք մտածում ենք, որ միայն մեր հավատն է, որ խոսում է մեր տեսակի, համոզմունքների ու Աստծուն մեր հավատարմության մասին: Միայն հավատով է, որ փրկվելու ենք, բժշկվելու, օրհնվելու: Այո՛, մեր այս տեսակետը ճիշտ կլինի, եթե այս արտահայտության մեջ «միայն» բառը փոխարինենք «նաև»-ով: Աստծո նկատմամբ մեր սերն ապացուցում է նաև մեր հավատը, սակայն ոչ միայն այն:
Մեր սիրո մասին վկայում է նաև մեր գործը՝ հատկապես մեր գործը` կատարված մեր խոսուն լռության մեջ:
Ի՞նչ է միայն հավատքն առանց գործերի:
Աստվածաշնչում այս մասին ասված է. «Նույնպես և հավատը. եթե նա գործեր չունի, առանձին մեռած է» (Հակոբոս 2:17): Եվ իսկապես, եթե ես հավատում եմ Աստծուն, սակայն առօրեական գործերում իսկ զլանում, հապաղում եմ օգնելու իմ մերձավորին, եթե հավատում եմ, սակայն վիրավորում եմ որևէ մեկին և չեմ զղջում, հավատում եմ, սակայն վնասում եմ մեկին, սպանում, գողանում կամ ստում, արդյո՞ք իմ հավատն իրական է: Այս դեպքում առավել ճիշտ կլինի հարցնելը, թե արդյոք իմ հավատը գոյություն ունի: Պատասխանն, անշուշտ, բացասական է: Անհնար է ունենալ հավատք, որն ապացուցված չլինի գործերով:
Մեր գործերը շատ ավելին են ասում մեր մասին, քան մեր լեզուն: Մենք ջանում ենք ներկայանալ խոսքերով, սակայն հաճախ չենք գիտակցում, թե որքան ավելին կարող ենք ցույց տալ լռությամբ ու գործով:
Աղոթենք, որ Տերը տա մեզ իմաստությունը հավատալու, լռելու ու գործելու: Թող մեր հավատքը լիարժեք դառնա գործով, և ոչ թե մեռնի` առանց հավատքն ու սերը հաստատող, խոսուն գործերի: Եվ թող որ մեր հավատքի մասին խոսենք ոչ թե մենք, այլ մեր գործերը: