Փոքր հաղթանակները կարևոր են, որովհետև դրանցից է հյուսվում մեծը։ Փոքր քայլերը կարևոր են, որովհետև չես էլ նկատի՝ ինչպես տեղ հասար փոքր քայլերով։ Բարձր գիտակցության շողարձակումները կարևոր են։ Երբ քեզ հասանելի են դառնում բանալիներ, երբ ոչ թե դու ես նայում երկնքին, այլ երկինքն է նայում քեզ և տեսնում է իրեն քո մեջ։
Երբեմն հայտնվում ես փակուղում կամ քեզ թվում է՝ փակուղում ես, և ոչ մի հաղթանակ ու շողարձակում քեզ չի «սպառնում»։ Հենց այդ ժամանակ պիտի բաց թողնես ինքդ քեզ ու աշակերտես Աստծուն։
Ես չեմ սիրում Աստծուն «անհանգստացնել» հարցերով, խնդրանքներով։ Համարում եմ, որ Նա ինձ բավարար չափով շնորհներ է ընծայել, որ արժանավայել կյանքով ապրեմ։ Եվ ամեն դեպքում հոգ է տանում իմ մասին՝ խնդրեմ դա, թե՝ ոչ։ Բայց երբեմն, երբ հայտնվում եմ փակուղում, անպայման խնդրում եմ Նրան ճանապարհ ցույց տալ, լույս սփռել, օգնել ինձ։ Օրեր առաջ էր, երբ հասկացա, որ շատ-շատ թունավոր սերմեր եմ ցանել ժամանակին։ Մի մասն ինքս եմ ցանել, մյուս մասն էլ թույլ եմ տվել, որ աշխարհը ցանի իմ այգում։ Ինչ-որ պահից ինձ համար բոլորովին պարզ էր՝ ես ամեն երկու րոպեն մեկ վատ բաների մասին եմ մտածում, վատ եմ մտածում և արտահայտվում մարդկանց մասին, երբեմն նույնիսկ՝ մտերիմներիս, անընդհատ սպասում եմ, որ շուտով մի վատ բան կպատահի, կասկածում եմ, չեմ վստահում։ Ենթադրում եմ՝ հետպատերազմական Հայաստանում շատերս ունենք այս խնդիրը։ Բացասական լուրերի հոսքը, թունոտ մեկնաբանությունները, մարդկանց տարբեր խմբերի միմյանց հայհոյելն ու հոշոտելը աղտոտում են մեր հոգու միջավայրը, և դրանցից անմասն մնալու համար առնվազն պետք է փակել սոցմեդիաներում բոլոր հաշիվներն և ուղևորվել Երևանից շա՛տ հեռու մի տեղ ու տանից առհասարակ դուրս չգալ: Քանի որ սա անել չեմ կարող, հասկացա, որ պիտի մշակեմ այգիս, մաքրեմ այն մոլախոտերից, խնամեմ, հոգ տանեմ իմ աշխարհի մասին։ Սկզբում կարծում էի՝ չի ստացվի, բայց Աստված ասաց՝ քեզ ուժ է տրված։ Որոշում կայացրի՝ ինչքան հնարավոր է կառավարել վատ մտածումներիս հոսքը, չմտածել, չխոսել վատ բաներ մարդկանց մասին, չտարվել նրանց աչքի շյուղերով՝ իմ աչքի գերանները թողած, և նաև թույլ չտալ, որ մարդիկ իմ ներկայությամբ վատ արտահայտվեն այլ մարդկանց մասին։ Ատելության, անհանդուրժողականության, անընդհատ վատը նկատելու այսչափ առատությունը երբեք բնորոշ չի եղել ինձ: Սա շատ խորթ մի բան է, որի մեջ եմ արդեն երկար ժամանակ։ Երբ գիտակցեցի, ընկալեցի՝ որն է խնդիրներիս հիմնական արմատը, ասես, մեկը եկավ ու բանալի դրեց ափիս մեջ, ու ես բացեցի իմ սեփական բանտախցի դուռը։ Ատելության բանտախցի, որի մեջ նետված ենք շատերս։ Սա առաջին փոքրիկ հաղթանակն էր իմ հանդեպ ու այն ամբողջ չարի, որ եկել ու բնակվել էր իմ այգում՝ տրորելով սիրո, ներումի, ըմբռնումի, հավատի, լավատեսության գրեթե բոլոր ծաղիկներս։
Մեզ ոչ մեկը չի փրկելու մեզնից բացի։ Բայց երբ ասում եմ՝ մենք, նկատի չունեմ միայն մարդուն։ Նկատի ունեմ ամեն մեկիս ներսում ապրող Աստծուն նաև, որովհետև Նա մեր մեջ է, մեզնից ամեն մեկի այգում։ Նա տեսնում է մոլախոտերը, մեր բոլոր չմշակված և անսեր հատվածները, չարությունից ու ատելությունից չորացած մեր ներսը։ Տեսնում է ու մեծ ցավ ապրում, որովհետև մենք դրա համար չենք ստեղծվել։ Մեր գոյության նպատակը միմյանց հայհոյելը, հոշոտելը չէ, ատելություն շնչել-արտաշնչելը չէ։
Մենք եկել ենք այս աշխարհ, որ մշակենք մեր այգին և այդ այգու բարիքները վայելենք ու տանք նաև այլոց, սեր տարածենք, կարեկից լինենք միմյանց հանդեպ, ընկածին բարձրացնենք, թույլին ներենք, մոլորվածին օգնենք։ Երբեմն ընկածը, թույլը, վնասվածը հենց մենք ենք։ Ու մենք պիտի այդժամ հիշենք փոքր հաղթանակների ու փոքր քայլերի մասին դեպի սեր, դեպի շողարձակում, դեպի Երկինք։
Հիմա ամեն օր, օրը մի քանի անգամ մտքումս կրկնում եմ սուրբ Ներսես Շնորհալու հանճարեղ շարականի առաջին տողերը, որոնք դեռ դպրոցից անգիր գիտեմ։ Որ լույս ծագի, առավոտի մաքուր լույս ծագի իմ մեջ, ու Խոսք բխի հոգուս մեջ՝ Աստծուն հաճելի Խոսք։ Եվ այդ Խոսքը մաքրի ու տանի այն ամբողջ ավելորդն ու անմաքուրը, որ հավաքել եմ իմ մեջ, իմ այգում։
Նույնը հորդորում եմ անել իմ սիրելի ընթերցողին։ Ու թող Աստված զորավիգ լինի մեզ այս գործում ևս։ Ամեն։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ