Մեզ համար շատ կարևոր է ոչ միյան գնահատել, այլ նաև վերապրել այս կույսերի վարքը, նրանց կատարած գործերը և սխրանքները:
Ս. Նունեն և Ս. Մանեն երկուսն էլ Հռիփսիմյանց կույսերի միաբանության անդամներ են եղել: Պատմությունից հայտնի է, որ Հռոմում գտնվող Ս. Պողոսի մենաստանում ապրող այս կույսերը լքեցին այն, քանի որ այնտեղ այլևս ապահով չէր և տեղափոխվեցին դեպի արևելք:
Այս 70 կույսերից միայն 37-ը հասան Այրարատ նահանգը, իսկ մնացածը տարբեր պատճառներով առանձնացան՝ աղոթական կյանքով ապրելու: Նրանց մեջ էին նաև Ս. Մանեն և Ս. Նունեն, ովքեր ևս չհասան Այրարատ նահանգ: Ս. Մանեն մնաց Դարանաղյաց գավառում և նվիրվեց Աստծուն: Ասում են, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ցանկացավ մեկուսանալ և աղոթական կյանք վարել, եկավ այն նույն քարանձավը, որտեղ Ս. Մանեն էր ապրում: Ու հենց այդ պահին, Մանեն ներսից ձայն է տալիս՝ ասելով գնա 3 օրից կգաս: Եվ պատմում են, երբ Ս. Գ. Լուսավորիչը 3 օրից եկավ, կույսն արդեն ննջել էր:
Ս. Նունեի մասին տեղեկանում ենք, որ այդ ժամանակահատվածում նա տեղափոխել է Վրաստան և այնտեղ սկսել քարոզել քրիստոնեություն:
Ս. Նունեի կերպարը շատերին է ոգեշնչել և պատահական չէ, որ վրացական միջավայրում այն ամենասիրված սրբերից մեկն է: Սակայն, Ս. Նունեի կերպարը ավելի ամբողջական է դառնում, երբ մենք դիտարկում ենք նրան որպես Աստվածամորը կրկնող, և Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի շարունակությունը վրացական հողում իբրև նոր ճյուղ, նոր ծլարձակում ապահովող մի գեղեցիկ վկայություն, որ կատարեց Նա:
Այժմ, երբ մենք տեսնում ենք զանազան աշխարհիկ տոներ, որտեղ մարդիկ շնորհավորում են միմյանց, շատ կարևոր է որպեսզի կարողանանք մեր կյանք վերադարձնել այն գեղեցիկ ավանդույթը, որ մեր հայրերն ունեին. ուստի այն աղջիկները, ովքեր այս անունների կրողն են տոնի օրը ստանան շնորհավորանքներ և իրենց կյանքում, որպես լավագույն օրինակ ունենան հենց այս սրբերի կյանքն ու գործը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին