Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի

Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի

«Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի Նավակատիքի տոնն էրձմեռ էր։ Հիսուսը շրջում էր տաճարի մեջ՝ Սողոմոնի սրահում։ Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանեսեթե դու ես Քրիստոսըհամարձակ ասա՛ մեզ»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեզ ասացիև ինձ չեք հավատումայն գործերըոր ես անում եմ իմ Հոր անունովդրանք վկայում են իմ մասին» (Հովհաննես 10.23-27)

 

Տաճարի Նավակատիկի տոնը հիշատակությունն էր՝ Հուդա Մակաբայեցու կողմից Երուսաղեմի ազատագրման և Տաճարի սրբագործման: Այս տոնն ուներ նաև այլ անվանում` Լույսի տոն: Հին ավանդույթի համաձայն, երբ Տաճարը սրբագործվեց, Տաճարի մեծ կանթեղը վառելու համար գտան չպղծված ընդամենը մեկ շիշ ձեթ: Այդ ձեթը կբավականացներ միայն մեկ օր, բայց հրաշքով այն վառվեց մեկ շաբաթ, մինչև, ըստ ծիսակարգի, պատրաստեցին կանթեղի ձեթը: Այս ավանդույթի համաձայն, հրեաները Նավակատիկի տոնին իրենց տան պատուհաններին 7 օր ճրագ են վառում:

 

Ամեն տան պատուհանին վառվող ճրագը սրբագործված Տաճարի հիշատակն էր: Այդ լույսը նաև յուրաքանչյու մարդու համար ընդգծում էր սեփական հոգու տաճարը սրբագործելու և լուսավորելու հրամայականը: Բայց քանի որ ձևապաշտությունն ավելի տարածված էր, և մարդիկ ավանդույթի միայն արտաքին կողմն էին պահում, Քրիստոս հայտարարեց. «Ես եմ լույսը»: Միայն Քրիստոս կարող է իրականում լուսավորել մեր հոգու տաճարը:

 

Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է: Աստծո ողորմությամբ հաստատվեց Հայոց Եկեղեցին և Տիրոջ լույսով վառվեց Լուսավորչի անմար կանթեղը մեր խորաններում: Հոգևոր կյանքի ու պայքարի իմաստն այդ կանթեղից մեր հոգու տաճարը լուսավորելն է և մեր կյանքը սրբագործելը: Այդ կանթեղը վառ է Ս. Լուսավորչի բարեխոսությամբ ու նորոգվում է ամեն հայի ապաշխարության արցունքներով:

 

Հայոց հավատքի կանթեղը չպետք է մարի: Մեր կյանքի մարտահրավերները երբեմն այնքան են զորանում, իսկ մենք՝ անզոր դառնում, որ այսօր այդ կանթեղը մարման շեմին է: Այդ լույսը չի վառվում մեր տներում, մեր հասարակության մեջ. մեր կյանքում այն հազիվ ենք նշմարում, քանի որ պակասել են ապաշխարության արցունքները:

 

Միածնաէջ տեսիլքով հաստատված Հայ Եկեղեցին աստվածային ողորմության ու լույսի թանձրացումն է այս հողի վրա` մեզ հրավիրելով ապաշխարության: Այստեղից է սկսվում մեր հոգևոր կյանքը՝ Մկրտությամբ, Դրոշմով, Հաղորդությամբ...

 

Մկրտությամբ մաքրագործվում ենք, Դրոշմով ստանում ենք Ս. Հոգու շնորհներ, Հաղորդությամբ միանում ենք Քրիստոսին՝ բարիք գործելու և սիրով ապրելու առաքելությամբ։

 

Հնարավոր է, որ այս ճանապարհից շեղվենք։ Բայց եկեղեցին մեզ տալիս է կրկին սկսելու հնարավորություն։ Ինչպես երեխան, երբ սկսում է քայլել սովորել, նախ բռնում է ծնողի ձեռքը։ Առաջին քայլը անելուց հետո ձեռքը բաց է թողնում և ընկնում, սակայն նորից ծնողի ձեռքը բռնելով ոտքի է կանգնում։ Քայլել սովորելու համար այլ տարբերակ չկա։ Իսկ մենք այսօր սայթաքել ենք ու, փոխանակ ուժ գտնելու և ոտքի կանգնելու, փորձում ենք սողալով առաջ գնալ:

 

Եթե սայթաքել ենք, Աստծո տաճարի դռները բաց են բոլորիս առաջ. այստեղ կկարողանանք Աստծո ձեռքը բռնել, ոտքի կանգնել և ամեն բան նորից սկսել։  Այստեղ այն Լույսն է, որը մեզ փրկության ճանապարհն է ցույց տալիս:

 

Գուցե տեսականորեն հասկանում ենք, որ փրկությունը եկեղեցում է, բայց մինչ եկեղեցի գալը, մեր քայլերը դեպի Աստված ուղղելն՝ ավելի շատ հարցեր ենք տալիս, քան ապրում ու պայքարում: Հարց տալն այս դեպքում չարածն արդարացնելու տարբերակ է, ոչ թե պատասխան փնտրելու:  Հրեաներն էլ հարցնում էին Հիսուսին. «Եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: Տերն Իր ներկայությամբ ամեն օր պատասխանում է մեր այդ հարցին̀ Իր գործերով ու Խոսքով:

 

Մենք էլ ունենք շատ հարցեր և ակնակալում ենք, որ Աստված այդ հարցերին կոնկրետ պատասխաններ տա: Մտածում ենք, որ եթե ունենանք կոնկրետ պատասխաններ, ավելի հեշտ կլինի. կկարողանանք հստակ ձևակերպումներ տալ մեր կյանքի ընթացքին: Բայց արդյո՞ք հնարավոր է հստակ ձևակերպումներով միայն առաջնորդվել, իսկ ազատությո՞ւնը: Մի՞թե այդ ձևակերպումները չեն սահմանափակի մեր ազատությունը: Մի՞թե այդ ձևակերպումները չեն ստվերի Լույսը: Քրիստոս գուցե շատ հաճախ մարդկանց հարցերին հստակ պատասխաններ չտվեց, սակայն խոսեց պարզ: Տիրոջը հասկանալու համար մեզ պետք են ոչ թե հստակ պատասխաններ, այլ ներքին ազատություն՝ այդ պարզ իրողություններն ապրելու:

 

Քրիստոս մեզ ընդամենը սովորեցրեց. «Սիրե՛ք միմյանց»: Սրանից ավելի պարզ ինչպե՞ս խոսեր: Իսկ մեք դեռ շարունակում ենք «հստակեցնել», հարցեր տալ՝ «ո՞ւմ», «ինչքա՞ն», «ինչպե՞ս է դա հնարավոր» և այլն:

 

Սիրելինե՛ր, եկեղեցին և՛ տուն է, և՛ ճանապարհ է: Տուն է, քանի որ այստեղ հանդիպում ենք Աստծուն, այստեղ բնակվում է Աստված: Ճանապարհ է, քանի որ այստեղ փոխակերպվում ենք՝ խավարից գնալով դեպի լույս, մեղքից՝ դեպի մաքրագործում: Աստծուն տեսնելու և դեպի Լույսը գնալու ճանապարհին կարևոր է հավատարմությունը: Սա այն արժեքն է, որը կօգնի մեզ ամուր մնալու մեր առաքելության մեջ: Իսկ մեր առաքելությունը ոչ թե հանուն Աստծո ինչ-որ բան անելն է, այլ Աստծո ներկայության մեջ ապրելը: Մենք ենք կենդանի քարը այս եկեղեցու, իսկ սերն ու հավատարմությունն այն շաղախն է, որ մեզ դարձնում է միասնական, ամուր ու հաստատուն: Ապրենք այնպես, որ Աստծո տունը պայծառանա մեր հավատքի գործերով և Լուսավորչի կանթեղի լույսն է՛լ ավելի բորբոքվի մեր ապաշխարությամբ. ամեն:

 

Եսայի քհն. Արթենյան

  • 2022-03-25
×