Գ. Լուսավորչի վիրապից ելքը լոկ պատմական եղելություն չպետք է դիտել կամ պարզ հիշատակության արժանի իրողություն: Մենք պետք է փորձենք ընկալել տոնի հոգևոր իմաստը, հակառակ դեպքում այն մեր հոգուն չի տա որևէ նոր նկարագիր, ձգտում ու պայքարելու տենչ: 14 տարի Ս. Լուսավորչի շուրթերից առ Աստված բարձրացող աղոթքով մահվան գուբը դարձավ դեպի փրկություն առաջնորդող լույսի ճառագմանակունք:
Ս. Գրիգոր Լուսավորիչն ամենքից շատ չարչարանք կրողն է, ամենասրբակենցաղ մարդը ում ավանդը Հայ Առաքելական Եկեղեցու համար եղել է անփոխարինելի: Մեկ խոսքով` Հայ Եկեղեցու մեծագույն գործիչն ու ավետարանիչն է:
Ս. Գրիգոր Լուսավորչի աղոթքների շնորհիվ Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ երկնքից երկիր իջավ, այս անգամ մեր ազգի համար և մեզ ցույց տվեց Մայր Տաճարի կառուցման տեղը:
Նրա շնորհիվ քրիստոնեությունը տարածվեց Հայաստան աշխարհում: Այն դարձավ Հայոց պետական կրոն, որով էլ հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբալույս կերպարը իր հրաշքներով լի վարքով, անգնահատելի ժառանգություն է համայն քրիստոնյա աշխարհի և մասնավորապես հայ քրիստոնյաների համար, քանի որ այն ճշմարիտ հավատի, նվիրումի, պատմություն է, կյանքի ճանապարհ, որին կոչված է յուրաքանչյուր քրիստոնյա: Այն ներշնչանքի անսպառ աղբյուր է, պայքարելու համար հրաշալի օրինակ: Ու վերջապես Վիրապից ելնելու տոնն այն փառահեղ հաղթության պատմությունն է, որ միմիայն ճշմարիտ ու ամենակալ Աստծով է հնարավոր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին