«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18)
Մեր կյանքի ամեն շրջադարձային փուլում էլ ստեղծվում են իրավիճակներ, երբ պետք է կատարենք քայլեր: Հենց այդ քայլերից է կախված մեր հետագա կյանքը, կենսակերպը: Սակայն նույն փուլում, կատարվելիք քայլերին զուգահեռ, մեզ այցելում է նաև վախը: Եվ մենք սկսում ենք վախենալ մեր կատարած քայլերի համար, ինչպես նաև խուսափել գործելուց՝ վախենալով բացասական հետևանքներից: Մենք վախենում ենք՝ գիտակցելով, որ մեր նպատակն արդար է, իսկ ճանապարհը՝ ճիշտ:
Այս պահերին է, որ դիմում ենք Աստծուն՝ երկխոսությամբ: Եվ մեր արդար նպատակների ճանապարհներին՝ Տիրոջ պատասխանը մշտապես հուսադրող է. «Մի՛ վախեցիր»:
Ի՞նչը կարող է ավելի շատ թև տալ քրիստոնյային, քան այն, որ Տերը մշտապես ուղեկից է նրան: Ինչպե՞ս է հնարավոր ավելի հաստատակամ լինել, եթե ոչ Տիրոջ ներկայությամբ:
Քրիստոս խաչվեց մեր գործած մեղքերի համար և մեր կողքին եղավ, երբ իսկապես մեղավոր էինք: Այժմ, մեր կյանքի փոքրիկ որոշումները կայացնելիս և արդար նպատակ ունենալով՝ առավել ևս Նա բռնում է մեր ձեռքը՝ ասելով, որ մեր կողքին է: Հենց այսպիսով է, որ ավելի ենք քաջալերվում և ձեռնարկում արդար քայլեր:
Իմացած լինենք, որ մեր Տիրոջ՝ մշտական ներկայությունը մեր կյանքում պիտի արդարացնենք բարի մտքերով ու գործերով: Որ պիտի անդադար շնորհակալ լինենք այն բանի համար, որ Տերն ասում է. «Ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18): Նրա մշտական ներկայությունը մեր կյանքում արժևորում ենք մեր աղոթքներով, երախտագիտությամբ ու որ կարևորն է՝ գործով՝ անսահման սիրով: Այդպես արժանանում ենք մշտապես լսելուն երանելի արտահայտությունը՝ «մի՛ վախեցիր»: