Հոլանդական երգչախումբը կատարում է հայկական հոգևոր երգեր

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոլանդական երգչախումբը կատարում է հայկական հոգևոր երգեր

Հոլանդական երգչախումբը կատարում է հայկական հոգևոր երգեր

Ապրիլի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում Հոլանդիայից ժամանած «Կռունկ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ինգրիդ Ֆան Ռոյ) կատարեց «Սուրբ-Սուրբ» շարականը: Ապա եկեղեցու բակում շարունակեց ելույթը` հայ ժողովրդական երգերի կատարումներով:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահան Օրդոյանը ողջունեց նրանց ու շնորհակալություն հայտնեց հայկական մշակույթի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի համար:


Հոլանդական այս խմբում ոչ մի հայ չկա. հոգևոր ու աշխարհիկ երգերի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է իրենց մոտ տարիներ առաջ ելույթ ունեցած մի հայ երգչի կատարումներն ունկնդրելով: Նրանք Հայաստանում են տուրիստական այցով, սակայն առիթն օգտագործել են իրենց արվեստը հայերին ներկայացնելու համար: Նրանց ուղեկցում է հոլանդաբնակ Լուսինե Բունիաթովան: Վերջինս մասիսցի անապահով ընտանիքների երեխաների համար նվերների փաթեթներ էր պատրաստել, որոնք հանձնեց եկեղեցու բակում:


Եկեղեցու բակում տեղադրված` Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ հոլանդացիները հարգանքի տուրք մատուցեցին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-04-30
×