«Նմանեալ Մովսէսի Տէր Վարդապետ, բերելով զգիր օրինաց ի Հայաստան աշխարհ, որով լուսաւորեցան ազգ որդւոց Թորգոմայ»:
Շարական
Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը Թարգմանչանց տոնն է, ովքեր Աստծո միտքը մեր կյանքի մեջ ցանեցին, եդեմական խնկաբույր ծաղիկներով զարդարեցին այն` երկրի վրա երկնային ճշմարտությունը թարգմանելով այնպիսի գրով, որով հավատքը և ապրումը մարդկանց կյանքի մեջ դառնում են կենդանություն ու զորություն: Ահա այս մեծ առաքելության ռահվիրանների` սուրբ Մեսրոպ Մաշտոցի և սուրբ Սահակ Պարթևի հիշատակության օրն է ամփոփված «Թարգմանչաց» կոչվող վեհասքանչ տոնի մեջ:
Սեփական գիրն ունենալու ձգտումը դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: ժամանակաշրջանը մեզ համար կրկին օրհասական էր: Հայաստանը կռվախնձոր էր դարձել Հռոմի ու Տիզբոնի միջև: Մեր քրիստոնյա ժողովուրդը, չունենալով սեփական գիր, չուներ նաև հոգևոր ու աշխարհիկ անկախ իշխանություն:
Ահա այդպիսի տագնապալից օրեր էր ապրում Հայաստանը, երբ Մեսրոպ վարդապետը, Տիրոջ նախախնամությամբ՝ ստանալով Սուրբ Հոգու շնորհները, ստեղծեց հայոց այբուբենը` ունենալով որպես աջակից սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի տան վերջին ներկայացուցչին` Սահակ Հայրապետին, ով իր 52-ամյա (387-439 թթ.) հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Մաշտոցի հետ լծվում է Հայոց Եկեղեցու պայծառացման առաքելությանը:
Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ գյուտը ոչ միայն ժողովրդին փրկեց ֆիզիկական ոչնչացումից, այլև հոգեբանական հզոր ազդակ հանդիսացավ՝ հայությանը ներշնչելով ազգային գիտակցության, արժանապատվության ոգին, ինքնահաստատման մղելով մեզ իբրև ազգ, իբրև ժողովուրդ: Մաշտոցը, լինելով նախկին զինվորական, Կորյունի խոսքերով` «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը», ստեղծեց երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորներից բաղկացած մի ամբողջ «զորք»:
Հայ գիրը ստեղծվեց Աստծո խոսքը թարգմանելու համար: Մեր գրականությունը սկսվեց Աստվածաշունչ Մատյանի բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ» (Առակաց Ա 2): Հայոց գրի մեջ ասես արտացոլված լինի երկնքի ու երկրի միացումը` Սուրբ Գրքի զորությամբ: Հայոց այբուբենը նման է ամենահաղթ բանակի, որ դարերի ընթացքում հաղթել է մահվան բազում վտանգների, որոնք սպառնացել են հայ ժողովրդին:
Շարականագիրը մեր եռամեծ և սրբանուն վարդապետին համեմատում է Հին Ուխտի Մովսես մարգարեի հետ։ Եթե վերջինս Սինա լեռան վրա Աստծուց ստացավ Օրենքի գիրքը՝ տասնաբանյա պատվիրանները, որոնցով իսրայելացիների համար բացվեց կյանքի մի նոր ուղի, ապա սուրբ Մեսրոպը հայ ժողովրդին պարգևեց հայոց այբուբենը, որը դարերի ընթացքում դարձավ հայ մարդու հոգեմտավոր կյանքի անխորտակելի զենքը:
Սուրբ թարգմանիչ վարդապետներն իրենց աներեր հավատքով, նախանձախնդրությամբ և առաքելության բարձր գիտակցությամբ ապահովեցին մեր ժողովրդի հոգևոր և մշակութային վերազարթոնքը, կարողացան դառնալ հայ դպրոցի և հայախոսության անմար ջահակիրները:
Մեսրոպ Մաշտոցը, աղոթքով, պահքով և անքուն գիշերներ անցկացնելով, տքնեց և աստվածային օգնականությամբ հեղինակեց հայոց գրերը` հայի մտածողությունը ամրագրելու, զարգացնելու, վեհացնելու միջոցը:
Հայոց պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայ գրերի գյուտն է` մեր ինքնության պահպանման բանալին, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը:
Արդ, ուրեմն ամուր ու անսասան պահենք հայոց խոսքն ու գիրը` յուրաքանչյուր տառ ընդունելով որպես մեր իսկ գոյությունը պահպանող հայ զինվոր: Փառաբանենք Աստծուն Իր կողմից մեզ տրված այս մեծագույն պարգևի համար և մեր աղոթքներում հայցենք բարեխոսությունը սուրբ Մեսրոպի և սուրբ Սահակի, որպեսզի այսօր էլ երկնքից հասնեն փրկության օրհասական դրության մեջ հայտնված հայ ժողովրդին, լինենք նրանց հավատարիմ և արժանի` մեր ապրած կյանքով ու գործուն վարքով:
«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին` հետևո՛ղ եղեք նրանց հավատին» (Եբրայեցիս ԺԳ 7-8):
Պատրաստեց
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ