Երբ առիթ ենք ունենում խոսելու ազգային գաղափարախոսության, մշակույթի և պատմության մասին, հպարտությամբ վկայակոչում ենք մեր երախտավորներին, որոնց շնորհիվ խորհում ու խոսում ենք հայերեն: Որչափ ազգեր, առավել հզոր և մեծաթիվ, պատմության գիրկն անցան, քանի որ ձուլվեցին այլոց, հրաժարվեցին իրենց ինքնությունից: Մենք շարունակում ենք ապրել և արարել: Այս ամենի համար երախտապարտ ենք նրանց, ում ջանքերով արարվեց հայոց եդեմաբույր այբուբենը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց և սուրբ Սահակ Պարթև…
Ի՞նչը պատճառ դարձավ գրերի գյուտի ներշնչանքին, ի՞նչ հզոր աղբյուր էր թաքուն ոռոգում մեծն Մաշտոցի հոգու այգեստանը… Իր իսկ վկայությամբ՝ սերն առ Աստված և մերձավորները, քանի որ ասում է. «Տրտո՛ւմ եմ ես, և անպակա՛ս է սրտիս ցավը եղբայրներիս և ազգակիցներիս տգիտության համարե: Հիրավի ցավում էր նա այն տխուր իրողության համար, որ հայոց տաճարներում Ավետարանն ընթերցվում է ասորերենով կամ եբրայերենով, իսկ հայ մարդը չի կարողանում այն կարդալ և խորամուխ լինել արարչագործության գաղտնիքներում և լոկ փշրանքներ է ճաշակում այն ճոխ սեղանից, որի մոտ նստելու հրավերքը բոլորիս է արված: Ահա այս մտայնությամբ էլ երանելի Մաշտոց վարդապետը դիմեց Սահակ Պարթև կաթողիկոսին, իսկ վերջինս էլ՝ ժամանակի գահակալ Վռամշապուհ արքային: Խանդավառված սրբերի հայոց այբուբեն արարելու բարի փափագով՝ արքան գումար տրամադրեց սուրբ Մաշտոցին, որպեսզի շրջի Միջագետքի երկրներում և, ուսումնասիրելով նրանց տառերը, գրեր ստեղծի նաև հայոց համար: Երկար դեգերումներից հետո տուն էր դառնում Մաշտոց վարդապետը, քանի որ իր ուսումնասիրած և ոչ մի ժողովրդի մոտ նա չտեսավ մեր լեզվին համահունչ գրեր, իսկ արդեն իսկ գործածվող դանիելյան նշանագրերը (ստեղծված Դանիել վարդապետի կողմից) բավարար չէին հայերենի բոլոր բարբառները գրավոր կերպով արտահայտելու համար: Վերադարձին, երբ Սամոսատ քաղաքում էր, տրտում իր ձեռնունայն վիճակից, սովորականի պես աղոթում էր, երբ հանկարծ մի լուսեղեն Աջ իջավ երկնքից և արարեց հայոց գրերը աստվածատուր զորությամբ՝ Ա-ից մինչև Ք:
Առնելով Տիրոջ մեծ պարգևն իր հետ՝ սուրբը վերադարձավ հայրենիք, ուր և արժանացավ արքունիքի և ողջ ժողովրդի խանդավառ ընդունելությանը: Ապա շտապով հանձն առավ դպրոցներ հիմնելու և հայ մանուկներին գրավոր մայրենին ուսուցանելու պատասխանատու գործը: Բայց նախ և առաջ կատարեց Աստվածաշունչ Մատյանի թարգմանությունը ասորերենից, որ հապճեպ թարգմանություն էր, քանի որ ասորական բնագիրն իր գեղարվեստական ոճով էապես զիջում էր հունարեն բնօրինակին: Ուստի ասորական բնօրինակի հայերեն թարգմանության վրա մեկ տարի աշխատելուց և ավարտից 13 տարի անց՝ 432-433 թթ. իր աշակերտների հետ միասին կատարեց հունարեն բնօրինակի թարգմանությունը, որոնց շուրջ 13 տարի ուղարկել էր Հունաստան՝ հունարենի մեջ հմտանալու համար: Աստվածաշնչի հունարեն բնագրի հայերեն թարգմանությունը կոչվեց «թարգմանությունների թագուհիե, քանի որ լավագույնն էր բոլոր թարգմանություններից:
Ամեն տարի Հայոց եկեղեցու կողմից հավուր պատշաճի հիշատակվում է Թարգմանչաց տոնը, ներառելով նաև բոլոր այն սրբերին, որոնք թարգմանության երանելի գործը կատարեցին՝ ի փառս Աստծո: Խնդրենք նրանց բարեխոսությունը. Եզնիկ Կողբացի, Կորյուն, Հովսեփ Հողոցմեցի, Սիմեոն Երևանցի…
Պատրաստեց
Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆԸ