Անցյալի հիշողությունները, երբեմն շատ են խանգարում ներկան գնահատելու և արժանավայել ապրելու համար: Այն բոլոր հիշողությունները, որոնք մեզ հետ տանում ենք ապագա, և փորձում ամեն կերպ կառչած մնալ այդ ամենին, ստիպում է շատ անգամներ չգնահատել ու չտեսնել կյանքը` իր լավագույն կողմերով: Բայց համաձայնեք, այն լավագույնը, որ մնացել է անցյալում, երբեք չպետք է մոռանալ ու անտեսել:
Ի վերջո, մարդը ապրում է հենց այնտեղ, որտեղ իր հույզերն ու զգացմունքներն են: Այսինքն ՝ նա ապրում է այնտեղ, որտեղ իրադարձություններն առաջացնում են ամենավառ զգացմունքները:
Եթե ամենամեծ հույզերը առաջ են բերում անցյալի որոշ իրադարձությունների հիշողություններ, դա նշանակում է, որ մարդը չի թողել իրավիճակը, նա դեռ ապրում է այդ ժամանակահատվածում և կրկին ու կրկին ապրում է նրանով, ինչ պատահել է իր հետ շատ տարիներ առաջ: Կապ չունի դրանք լավ իրադարձություններ էին, թե վատ: Գլխավորն այն է, որ ներկան անցյալով ապրելով ՝ զրկում ենք մեզ այն լավից, որն այժմ գտնվում է մեր կյանքում:
Եվ ընդունեք, որ եթե ապրում ենք անցյալում, ուրեմն ոչ թե անցյալն է մեզ պահում, այլ մենք ինքներս ենք դրան պահում և չենք ուզում բաց թողնել:
Բոլորս էլ գործում ենք սխալներ, սայթաքում, բայց շատ կարևոր է գիտակցել, որ կատարվածից ընդամենը հարկավոր է դասեր քաղել, իսկ հիշողությունները թողել այնտեղ՝ հեռավոր անցյալում ու ապրել ներկայով՝ ամեն ժամ Աստծուն ապավինելով: Ու մի շատ կարևոր հանգամանք, որ պետք է բոլորս հասկանանք, Աստծու հետ ապրել պետք է ոչ միայն նեղության պահին, այլ բոլոր ժամանակներում՝ անկախ իրավիճակից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին