Հրաշքը մարդկային կյանքում մշտապես եղել է Աստծո անսահման սիրո դրսևորումն ու ապացույցը մարդու հանդեպ: Կա կարծիք, որ Աստծո հրաշքները մարդկային կյանքում տեղի են ունենում պատահական և չսպասված պահերին:
Այո՛, հնարավոր է, սակայն կարևոր է նշել, որ պատահականը ու անսպասելին ամենևին չեն նշանակում̀ հենց այնպես: Սա նշանակում է, որ, ճիշտ է, մարդկային կյանքում աստվածային հրաշքները տեղի են ունենում հանկարծակի և անսպասելի, սակայն նախքան դրա կատարումը մենք պետք է կարողանանք արժանի լինել դրան: Արժանի լինել մեր խոնարհությամբ, սիրով, և որ ամենակարևորն է՝ հավատքով: Հրաշքը կկատարվի անսպասելի, սակայն այն կլինի ոչ թե պատահականություն, այլ իբրև աստվածային պարգև՝ մեր անկեղծ հավատքի, սիրո և դրա շնորհիվ կատարված բոլոր արարքների համար:
Հրաշքների վերաբերյալ հաջորդ տարածված հարցն այն է, թե արդյոք գոյություն ունի հրաշք ժամանակակից աշխարհում: Թերևս սա ամենից անիմաստ և անտրամաբանական հարցերից է, քանզի Աստված վեր է ժամանակից և գոյություն ունի միշտ, հետևաբար՝ նրա կատարած հրաշքները նույնպես եղել են, կան և կլինեն հավիտյան՝ անկախ ժամանակից և տարածությունից:
Խոսելով հրաշքների մասին՝ կարևոր է նաև նշել, որ այսօր շատերն են սպասում որևէ հրաշքի, որպեսզի սկսեն հավատալ Աստծուն: Սակայն այս դեպքում չափազանց կարևոր է նշել, որ իրականում հրաշքն է ծնվում հավատքից, այլ ոչ թե հավատքը՝ հրաշքից:
Շատերին է հետաքրքրում նաև, թե ինչպես և ինչ եղանակով են տեղի ունենում աստվածային հրաշքները: Իրականում հրաշքների կատարումն ու դրա կերպերը մարդկային կյանքում կարող են լինել չափազանց տարբեր: Այն կարող է լինել անսպասելի բուժում որևէ անբուժելի հիվանդությունից, կարող է լինել որևէ անելանելի իրավիճակից անսպասելի ինչ-որ մի ելք և այլն:
Հրաշքները մարդ և Աստված հոգևոր կապի և աստվածային սիրո ամենամեծ օրհնությունն են դեպի մեզ, որը տեսնել կարելի է միայն հոգու աչքերով և զգալ՝ միայն հոգու զգայարաններով:
Արմեն Չաքմիշյան