Հիսուս Քրիստոսի հանրային ծառայության ավարտը Գալիլյայում

Հիսուս Քրիստոսի հանրային ծառայության ավարտը Գալիլյայում

Գալիլեայում տեղի են ունենում երկու կարևոր իրադարձություններ, որոնցից առաջինը խուլ ու համրի բժշկումն է: Իսկ Գալիլեայի լճի ամենահարավային ափին տեղի է ունենում Փրկչի հրաշքներից ևս մեկը, որը Նա կատարեց բազմահազարանոց ամբոխի առջև:

 

Այսպիսով՝ խուլ ու համրին բժշկելուց հետո Տերը երկրորդ անգամ մարդկանց կերակրում է հացով, սակայն այս անգամ չորս հազար մարդկանց յոթ հացով և մի քանի ձկով: Եվ ինչպես հինգ հացով հինգ հազար մարդուն կերակրելու, այնպես էլ յոթ հացով չորս հազարին կերակրելու հրաշքները ապշեցնում են բոլոր ականատեսներին:

 

Այս ամենից հետո Հիսուս նավակով կտրում անցնում է Գեթսեմանիի լիճը` հասնելով Դաղմանունայի սահմանները: Պետք է իմանալ, որ երկու դեպքերում էլ խոսքը միևնույն վայրի՝ Մագթաղ քաղաքին հարող շրջանի մասին է:

 

Եվ հենց այստեղ է, որ տեղի է ունենում Հիսուսի հանդիպումը օրենսգետների, փարիսեցիների և սադուկեցիների հետ, ովքեր հանդես էին գալիս իբրև այն ժամանակի Իսրայելի ժողովրդի հոգևոր առաջնորդներ: Պետք է նշել, որ փարիսեցիներն ու սադուկեցիներն միմյանց հետ ունեին որոշ ընդհարումներ և անհամաձայնություններ, սակայն նրանք երկուսն էլ հավասարապես պայքարում էին Հիսուսի դեմ և միահամուռ կերպով մեղադրում նրան հայրենական ավանդույթներից շեղվելու մեջ:

 

Իսկ այս ամենից հետո ավելի ուշ Հիսուս այցելում է Գեթսեմանիի լճի արևելյան ափին գտնվող Բեթսայիդա քաղաքը, որտեղ բժշկում է մի կույրի, ապա ուղևորվում Հյուսիսային Պաղեստինի մայրաքաղաք՝ Փիլիպյան Կեսարիա, որտեղ դիմելով աշակերտներին՝ հարցնում է. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին» Եվ աշակերտներն ասում են. «Մեկը, թե՝ Հովհաննես Մկրտիչը, և ուրիշները՝ Եղիան, իսկ ոմանք, թե՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»: Եվ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (Մատթ. 16:13-16):

 

Այս հատվածը հանդիսանում է ավետարանական ամենահանգուցային դրվագներից մեկը, քանզի Սիմոն Պետրոսն ասես բոլորի անունից վկայում է, որ Հիսուս ոչ թե պարզապես հյուսնի որդի է, ոչ թե պարզապես իմաստուն կամ հրաշալի ուսուցիչ, այլ՝ Աստծո ճշմարիտ Որդի, Մեսիա, Մարդկային ցեղի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսը:

 

Եվ ի պատասխան այս ամենին Հիսուս նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16: 17-18):

 

Եվ այստեղ Տերն առաջին անգամ հայտնում է, որ ինքը այդ հավատի վեմի վրա կհաստատի Իր եկեղեցին, որտեղ Նրա հետևորդները միաբանված կլինեն սիրով և իրեն կդավանեն որպես Աստծո Որդու:

 

Եվ հենց այդ ապագա տիեզերական համայնքի առաջին անդամները պետք է դառնային Քրիստոսի աշակերտներն ու առաքյալները:

 

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-03-25
×