«Ուխտե բառն ունի մի քանի իմաստ: Ուխտ է կոչվում սեփական անձը կուսակրոնությամբ Աստծու ծառայությանը նվիրած հոգևորականների միաբանությունը որևէ վանքում: Ուխտ է անհատի կողմից Աստծուն տրված խոստումը՝ որևէ նպատակի իրագործման համար: Ուխտի առաջին և մեծագույն օրինակն Աստծու ուխտն է մարդկության հետ, որը կնքվեց Համաշխարհային ջրհեղեղից հետո. «Ահա Ես ուխտ եմ դնում ձեզ հետ, ձեզնից հետո եկող սերունդների հետ: …Ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս: …Իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ: Եվ դա թող լինի Իմ ու ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշանըե (Ծննդոց Թ 9, 11, 13): Տիրոջ կողմից ուխտի կանոններ տրվել են դեռևս Մովսես մարգարեի միջոցով. «Այն տղամարդը կամ կինը, որ Տիրոջը նվիրվելու մեծ ուխտ է անում, պետք է հրաժարվի գինուց և ոգելից խմիչքից: … Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պետք է լինի Տիրոջ համարե (Թվեր Զ 8): Սուրբ Գիրքը պատվիրում է նաև հետևալը. «Եթե ուխտ ես անում քո Տեր Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածը պահանջելով պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ: Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ: Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛ւյշ եղիր, որ անես այնպես, ինչպես որ ուխտել ես քո Տեր Աստծունե (Բ Օրինաց ԻԳ 21-23):
Հայոց, ինչպես նաև Ընդհանրական եկեղեցու համար հավիտենական ուխտ է Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծու կնքած ուխտը մարդկության հետ` մարդկության փրկության համար, որն իրագործվեց Գողգոթայի վրա Հիսուսի խաչելությամբ և Նրա Կենարար Արյան հեղմամբ: Այդպիսով, Հիսուս Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը և վերջ դրեց արյունոտ զոհաբերությանը, իսկ Վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին հռչակեց Իր Մարմնի և Արյան խորհրդանիշներ. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համարե (Մատթեոս ԻԶ 28): Հովհան Մանդակունի Հայրապետի հայտնի կանոններից մեկում ևս ասվում է, որ ուխտ անելը և չկատարելը մեծ մեղք է:
«Ուխտե բառը գործածվում է նաև «ուխտագնացությունե իմաստով: Նվիրական սրբավայրեր ուխտագնացություն կատարելը բոլոր ժամանակներում և տարբեր կրոններում եղել է մարդու հոգևոր զգացումների դրսևորման ձևերից մեկը: Այն նաև քրիստոնյաների հոգևոր-բարեպաշտական կյանքի անքակտելի մաս է։ Քրիստոնեական ուխտագնացությունը ձևավորվել է վաղ շրջանում, երբ քրիստոնյաները Հիսուսի կյանքի նվիրական վայրերը տեսնելու ակնկալիքով գնացել են Տերունի սրբավայրեր՝ Բեթղեհեմ, Գողգոթա և այլն:
Ավանդական կենցաղում ամեն հայի համար, անկախ գտնվելու վայրից, բաղձալի է եղել երեք նվիրական ուխտագնացություն՝ Սուրբ Հարության օրը լինել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, Մյուռոնօրհնեքին՝ Սուրբ Էջմիածնում, Վարդավառին՝ Մշո Սուրբ Կարապետ վանքում: Դեպի այս վանք կատարվող ուխտագնացությունը նախևառաջ ընկալվել է որպես հայրենասիրության դրսևորում: Այս ուխտից առաջ յոթ տարի շարունակ Համբարձումից (կամ Հոգեգալստից) մինչև Վարդավառ պահել են «Սուրբ Կարապետիե կամ «Օխտն անվանե պահքը, ապա գնացել են Մշո Գլակա կամ Իննակնյա վանք` այցելելու Հովհաննես Մկրտչի մատուռ-գերեզմանին: Երուսաղեմից վերադարձած ուխտավորը կոչվել է «մահտեսիե:
Հայոց աշխարհը հարուստ է ուխտավայրերով, որոնք ընդհանուր առմամբ կարելի է տիպաբանել հետևյալ կերպ. կանոնական սրբավայրեր և սրբություններ, որոնք ի սպաս են դրվել Հայոց Եկեղեցու եկեղեցաշինական ավանդույթներին հետևողությամբ և օծված-սրբագործված են, ինչպես՝ վանք, եկեղեցի, մատուռ, խաչքար: Երկրորդ խումբը՝ ոչ կանոնական՝ ժողովրդի կողմից սրբացված շինություններ են, սրբազան բովանդակությամբ գրվածքներ, առարկաներ, ծառեր, աղբյուրներ, սուրբ համարվող գերեզմաններ, լառնագագաթներ, քարանձավատիպ ուխտավայր-սրբատեղիներ, քարակույտեր և այլն: Ոչ կանոնական սրբատեղի-ուխտավայրերի մի առանձին խումբ կարելի է համարել համալիր սրբատեղի-ուխտավայրերը, որոնք բազմաբաղադրիչ են և ընդգրկում են սրբազան համարվող մի քանի տարր, օրինակ՝ մատուռ, ծառ, քար և այլն: Կան նաև այնպիսի համալիր ուխտավայր-սրբատեղիներ, որոնք բաղկացած են կանոնական և ոչ կանոնական տարրերից։ Դրանցում հիմնական վանական համալիրի կամ եկեղեցու կողքին կան ժողովրդական քրիստոնեությունից ծնունդ առած տարրերի դրսևորումներ՝ բուժիչ համարվող ջուր, «երազանքիե ծառ, որից մարդիկ իրենց պատկանող որևէ իր են կապում, «երազանքիե պատ, որի վրայի անցքերի մեջ հավատացյալները, որոշակի հեռավորության վրա կանգնելով, քար են գցում և խորշի մեջ ընկնելու դեպքում ակնկալում երազանքի իրականացում։
Ուխտագնացության առանցքում աներկբա հավատն է առ Աստված, իսկ ուխտագնացության ավանդույթի պահպանումը հայրենի սրբավայրերը կանգուն պահելու, աղոթքով զորացնելու և ազգային պատմությունն ու քրիստոնեական ինքնությունն ամրապնդելու անկյունաքարերից է:
Պատրաստեց
Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ