«Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա» (Հովհաննես 12:46)
Ամեն անգամ, երբ մեր խոսքերում հիշատակում ենք Քրիստոսին, առաջիններից, որ Նրա մասին ասում ենք, այն է, որ Նա է Լույսը։ Աստծո ներկայությունը մեր կյանքում, այո՛, մշտապես եղել է լույսը, լուսավորը, իսկ դեպի Տերը ձգտումը՝ ձգտում դեպի Լույսը։ Անգամ Քրիստոս Ինքն է մեզ ասում այդ մասին աստվածաշնչյան այս տողերում, թե «ես որպես լույս եկա աշխարհ»։
Այս զուգորդումը մշտապես մեր մտքերում է որպես հույս ու ապավեն։ Մեր հոգևոր կյանքի բարդ ընթացքի մեջ մշտապես հույս ունենք հանդիպել Լույսին, Նրան ունենալ որպես մեզ ուղեկից։ Սակայն մեր բազում թյուրըմբռնումների հետևանքով հաճախ ոչ թե ուրախանում ենք, ոչ թե մեր հոգիները բաց պահում աստվածային լույսի առաջ, այլ մտածում՝ուրիշ է՞լ ինչպես գտնեմ իմ մխիթարությունը։
Այդպիսով աչքաթող ենք անում աստվածային լույսն ու փորձում գտնել այլ ճանապարհներ՝ տարվելով այլ ուղղություններով, ընկնելով մոլորությունների մեջ։
Այդ ուղղություններն իրականում «գրավիչ են», լավ փաթեթավորված՝ նման գեղեցիկ տեսքով կոնֆետի, որը չափազանց վնասակար է ու ոչ օգտակար։ Մենք գայթակղվում ենք դրանով՝ չմտածելով, որ հայտնվում ենք ծուղակում։
Հաճախ մենք էլ չենք հասկանում, թե ինչպես ենք հայտնվել այդ հոգևոր ծուղակներում և ինչպես է ստացվել, որ գտնվում ենք թմբիրի մեջ՝ առանց գիտակցելու։ Քարոզչության զո՞հ ենք, թե՞ անհավատ, մոլորվա՞ծ ենք, թե՞ մոլորեցնող։ Արդյո՞ք մեր հոգիները, գտնվելով խորը թմբիրի մեջ, հարմարվել են չարին, մեղքին, կուրացել՝ աստվածային լույսը չնկատելու աստիճան։
Չարը, սակայն, երկար կյանք չունի։ Եվ ուրախալի է, որ մեր կյանքում մշտապես թմբիրին հաջորդում է արթնացման պահը, երբ բացվում են մեր աչքերն իրականի՝ Աստծո լույսի առաջ, և ի զորու ենք լինում վերջապես արթնանալով տեսնել այն ու քայլել՝ Լույսին ընդառաջ։ Այդ լույսի ներքո ամեն բան թվում է հաղթահարելի, լուծելի։ Աստվածային լույսը մոտեցնում է մարդուն առ Տերը, դարձի բերում մոլորյալներին, անբուժելի թվացող կուրացումից բուժում հիվանդներին։
Մենք՝ որպես քրիստոնյաներ, որ արդեն տեսել ենք Աստծո լույսն ու պահպանում ենք այն մեր հոգիներում, ամեն օր փառաբանենք Աստծուն՝ մեզ տրված այդ շնորհի համար։ Մշտապես նկատենք իրական Լույսը։ Չշեղվենք իրական, ճշմարիտ ուղուց՝ մշտապես ձգտելով դեպի Լույսը, չէ՞ որ հենց այդ Լույսն է մեր փրկությունը։