Հիսուս նախապես զգուշացնում է, որ շատ հաճախ Իրեն հետևող մարդիկ պետք է պատրաստ լինեն անարգվելու, ծաղրվելու և տառապանքի ենթարկվելու: Իհարկե, այս ամենը չափազանց դառն ու դժվարին է, սակայն սա է այն ճանապարհը, որը տանում է քրիստոնյային դեպի Երկնքի արքայություն, և սա է այն ճանապարհը, որի միջով անցել է հենց Ինքը՝ Հիսուս:
Այսօր շատերն են հարցնում, թե ինչ նկատի ուներ Հիսուս ասելով՝ ուրացիր քո անձը և արի իմ ետևից: Սա նշանակում է, որ մենք մշտապես սովոր ենք հոգալ միայն սեփական բարօրության համար, վեր դասել և հաշվի առնել միայն սեփական զգացմունքերն ու ամենինչ անել միայն՝ հանուն սեփական «Ես»-ի :
Իսկ հանուն Քրիստոսի և մեր հավատքի անհրաժեշտ է զոհաբերել սեփական «Ես»-ի ցանկություններն ու բարեկեցությունը, և գնալ Տիրոջ ետևից։ Սրան պիտի պատրաստ լինի յուրաքանչյուր քրիստոնյա, որովհետև հոգևոր կյանքի ամենամեծ բարիքն ու օրհնությունը Հիսուսին հետևելն ու Նրան արժանի լինելն է:
Եվ եթե կարողանանք այսպես վարվել, ապա իրապես երանելի կլինենք, քանզի Հիսուս ասում է. «Ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, այն կգտնի» (Մատթ. 16.25) :
Քրիստոս այստեղ նաև խոսում է այն հոգևոր բարձրագույն գիտակցության մասին, որին հասնելով՝ քրիստոնյան հասկանում է, որ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երբևէ չհոգաց՝ հանուն սեփական բարօրության և փառավորության, այլ անմնացորդ ծառայեց միայն իրեն շրջապատող մարդկանց:
Եվ այսքանից հետո մենք, եթե մեզ համարում ենք քրիստոնյա, պարտավոր ենք նաև նկատել մեր մերձավորի ցավն, ու կարեկից լինել նրան՝ այսկերպ նմանվելով մեր Երկնավոր Հորը:
Արմեն Չաքմիշյան