Նոյան տապանը մանրանկարիչների պատկերացմամբ

Նոյան տապանը մանրանկարիչների պատկերացմամբ

Հայկական ձեռագրերում Նոյան տապանի պատկերագրական տիպերի մասին շատ անգամներ ենք հանդիպում, սակայն կան հարցեր, որոնք ավելի խորը ուսումնասիրման առարկա պետք է դարձնել: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Ղամեքը 188 տարեկանում ծնեց Նոյին և շատ մեծ հույսեր կապեց նրա հետ, իսկ Նոյը 500 տարեկանում երեք որդիներ ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին: Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, այնքան շատ էին մարդկանց չարագործությունները, որ Աստված զղջաց, որ կյանք է տվել նրանց և որոշեց Իր ստեղծած էակներին ջնջել երկրի երեսից՝ ջրհեղեղի միջոցով: Սակայն մեկ մարդ կար, ում Աստված վստահեց և արդար համարեց: Նոյն էր: Նրան հանձնարարեց մեծ տապան պատրաստել, որտեղ պետք է տեղ գտնեին Նոյն ու իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր կենդանիներից ու թռչուններից մեկական զույգ, որպեսզի այդ ջրհեղեղից հետո կյանքը ծաղկեցնելու և միջավայր ստեղծելու համար լինի ամեն ինչ:

 

Տերը Նոյին պատվիրեց, թե ինչպես կառուցի տապանը.

 

«Արդ, դու քեզ համար փայտից տապան կշինես: Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու դրսից կուպրով կծեփես… թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն՝ լայնությունը, և երեսուն կանգուն՝ բարձրությունը: Տապանն աստիճանաբար նեղացնելով կշինես՝ այնպես, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կանես. ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա տապանը» (Ծննդոց Զ 14-16):

 

Ջրհեղեղը ոչնչացրեց կենդանի արարածներին, իսկ տապանի մեջ գտնվողները ողջ մնացին: Տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Աստված օրհնեց Նոյին ու նրա հետ եկող սերունդներին, նաև համերաշխության ուխտ հաստատեց Նոյի և նրա սերնդի հետ՝ խոստանալով այլևս ջրհեղեղով չպատժել մարդկանց:

 

Միջնադարյան հայ մանրանկարիչները եկեղեցածիսական մատյաններում բազմաթիվ անգամներ պատկերել են Նոյան տապանի պատմությունը: Նշենք, որ ուշագրավ է Համիթի Սուրբ Սարգիս եկեղեցու գրչատան շնորհալի նկարիչ Հովհաննեսի ընդօրինակած «Գավազանագրքում» զետեղված Նոյան տապանի գծապատկերները: Դրանք թվով չորսն են և ունեն հետևյալ ձևերը. տապանի առաջին գծապատկերն ունի վեց բաժանմունք. ա) բնակության մարդկանց և թռչնոց, բ) բնակություն բարեկամ անասնոց, գ) բնակություն թշնամի անասնոց (այս բաժնում է նաև տապանի մուտքը), դ) կերակրարան պտղոց և խոտոց, ե) տեղի գարշության աղբից, զ) քամոց, ջրոց: Տապանի հաջորդ գծապատկերներն ունեն 5 բաժանմունք, որտեղ ջուրը և աղբը միասին են:

 

Յուրովի են պատկերված նաև տապանի բնակիչներին ներկայացնող պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում:

Երզնկայի 1362 թ. «Ճաշոց»-ում նկարված տապանն ունի հետևյալ հորինվածքը. ծածկի տակ երկու փոքր թռչուններ են, որոնք, ըստ իս, հավանաբար ագռավ ու աղավնի են: Վերևից, առաջին հարկաբաժնում թռչուններ են՝ յուրաքանչյուր տեսակից մեկական զույգ: Տապանի կենտրոնում շրջանակի մեջ պատկերված է Նոյն իր կնոջ հետ, իսկ ստորին մասը երկու մասի է բաժանված, որը ձևավորված  և պատկերված է ընտանի և վայրի կենդանիներից մեկական օրինակ:

 

Մարկոս Պատկերահանի 1651 թ. Կ.Պոլսում ընդօրինակված «Հայսմավուրք»-ում Նոյան տապանի հորինվածքը նույնպես եզակի է: Այստեղ պատկերված տապանն իր արտաքին տեսքով հիշեցնում է, որ սովորական նավ չէ, այլ Աստծո պատվիրածը: Տապանի մոտ կանգնած Նոյը ձեռքերը վեր է պարզել, որտեղ պատկերված է Աստված: Այստեղ նաև ներկայացված է կենդանիների երթը: Նրանք ուղղված են դեպի տապանի մուտքը՝ ստեղծելով ինքնատիպ, գեղարվեստորեն հագեցած տեսարան:

 

Պատրաստեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

  • 2022-03-25
×