Հաճախ դրսևորում ենք հոգևոր թուլություններ՝ խախտում եք մեզ տրված պատգամները, վարում ոչ աստվածահաճո կենցաղ, վարվում մարդկանց հետ այնպես, ինչպես հարիր չէ քրիստոնյային և կամ էլ ունենում ենք ոչ բարի մտքեր: Մեր չար մտքերն ու արարքներն իրականում աստվածահաճո չեն. չէ՞ որ Աստված մշտապես ցանականում է, որ ձգտենք կատարյալին և բարիք գործենք: Այս բոլոր բացասական արարքները մեզ հեռացնում են Աստծուց, և սկսում ենք կարծել, թե մեր հավատը պակասել է:
Այսպես, մեր աղոթքներում դիմում ենք Տիրոջն այնպես, ինչպես աշակերտները դիմեցին՝ ասելով. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկաս 17:5): Հույս ունենք, թե Տերն իսկապես կավելացնի մեր հավատը, սակայն Նա աստվածաշնչյան դրվագում պատասխանում է աշակերտներին, այդպիսով և մեր այս նույն խնդրանքին՝ ասելով. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ «Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ», նա՛ իսկ կհնազանդվի ձեզ» (Ղուկաս 17:6):
Մեր հավատն իրականում չի ավելանում կամ պակասում. այն կա՛մ կա, կա՛մ չկա: Եվ խոսքն այստեղ Տիրոջ նկատմամբ վստահություն ունենալու և Նրա կողմից որպես շնորհ մեզ ընձեռնված հավատը պահպանելու մասին է: Աստված չի ասում՝ այս մեկն ավելի շատ է հավատում, իսկ մյուսը՝ պակաս: Աստված միայն տեսնում է նրանց, ովքեր հավատում են, և նրանց, ովքեր չեն հավատում:
Մեր հավատը ոչ թե պետք է ավելացնել, այլ հաստատել: Ինչպե՞ս: Մեր բարի գործերով, մտքերով ու խոսքերով: Մեղք գործելու պարագայում՝ ապաշխարելու մեր կարողությամբ, զղջալու հնարավորությամբ և աղոթելու ցանկությամբ:
Հավատն իր գոյությամբ արդեն իսկ անսահման է: Եվ երբ Քրիստոս խոսում է հավատի ուժի մասին, հենց սա է դնում ասվածի հիմքում: Հավատն է այն հիմքը, որից սկսում ենք աստվածճանաչողության մեր ուղին: Հավատն այն լույսն է, որով լուսավորում ենք դեպի Աստված տանող մեր ճամփան:
Ուստի՝ պիտի զգոն ու զգույշ լինենք մեր հավատի հանդեպ և ջանանք պահպանել, անգամ եթե այն միայն մանանեխի հատիկի չափ է: