Փրկչի մահը խաչափայտի վրա

Փրկչի մահը խաչափայտի վրա

Գողգոթայում Փրկչի հետ խաչվեցին նաև երկու ավազակները: Չարագործներից մեկը հայհոյում էր Նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր Ինքդ Քեզ և մեզ»: Այդպես էր արտահայտվում Փրկչի ձախ կողմում խաչված անխոհեմ ավազակի ցավը:

 

Փոխարենը աջ կողմում խաչվածն, ընդհակառակը, նրան սաստելով պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ նա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. 23.40): Նա,դիմելով Փրկչին, ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս ասաց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.40-43):

 

Եթե Հիսուսի առաքյալներն ու աշակերտները Նրա հետ անցկացրել էին մի ամբողջ կյանք, տեսել Նրա բազում հրաշքները և դավանում էին Հիսուսին որպես Աստծո Որդու, ինչը հասկանալի և պարզ էր, ապա իր վերջին ժամին Քրիստոսի կողքին պատահմամբ հայտնված ավազակի դավանությունն իրապես հրաշալի օրինակ էր: Այս պարագայում գործում էր մի միայն անվերապահ հավատքը, որը վեր է ցանկացած տրամաբանական փաստարկից:

 

Հիսուս  խաչի վրա կրում էր կրկնակի տառապանք: Առաջինը՝ բարոյական, քանզի Նա տառապում էր մարդկանց համար, ովքեր հայհոյում և անարգում էին Իրեն, և ապա ֆիզիկական, քանզի ցավն անտանելի էր: Հիսուսի «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» արտահայտությունը վկայում է հենց այդ անմարդկային տառապանքի մասին, որի ժամանակ նաև ունենում է Աստծուց լքվածության զգացում: Սակայն չէ՞ որ Քրիստոս Ինքը Աստված է և Աստծո Որդի: Եվ մի՞թե Աստված կամավոր հրաժարվում է ինքն իրենից՝ ընտրելով խաչված ծառայի վիճակը:

 

Եվ շատ հաճախ այսօր մարդիկ անտանելի վշտի, ցավի, անարդարության և տառապանքի ժամանակ հուսահատ բացականչում են, թե «ո՞ւր ես Տե՛ր» կամ ասում.«Եթե Աստված լիներ, այսպիսի բան թույլ չէր տա»: Սակայն այս պարագայում պետք է նշել, որ Աստված կամավոր իջավ մարդկային ցավի և տառապանքի անդունդը՝ դրանով իսկ դառնալով մարդկային վշտի մասնակիցը:

 

Ուրեմն՝ այս ամենից հետո որևէ մեկը պարզապես իրավունք չունի մտածելու, որ Աստված լքել է իրեն, քանզի Աստված միշտ մեզ հետ է, որովհետև Նրա Միածին Որդին, անցնելով Աստծո կողմից լքվածության, տառապանքի և մահվան միջով,  և ամբողջությամբ կրելով մարդկային վիշտը, քանդեց Աստծո և մարդու միջև գոյացած անջրպետը:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-03-25
×