Եթե բարկանա՞մ

Եթե բարկանա՞մ

«Թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր` բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակ. 1:19-20)։ Սուրբ Գրքում տեղ գտած այս հատվածը կարծես անտեսված է մնում մեր՝ քրիստոնյաներիս կողմից, երբ ընկնում ենք տարբեր իրավիճակների մեջ, որոնց լուծման ճանապարհին անմասն չենք մնում բարկությունից։ Հաճախ անգամ փորձում ենք արդարացնել մեր բարկությունը՝ մեկնաբանելով այն որպես անխուսափելի մի երևույթ։ Ո՞րն է, սակայն, իրականությունը։

 

Բարկությունը համարվում է յոթ մահացու մեղքերից մեկը։ Աստվածաշնչում էլ առաջինն այս մեղքը գործեց Կայենը՝ իր եղբոր՝ Աբելի նկատմամբ։ Թե ինչի արժանացավ նա Աստծուց, հայտնի է բոլորին։ Բարկությունը քրիստոնյայի համար համարվում է մահացու մեղք, եթե չի քավվում ապաշխարությամբ։ Մինչդեռ ի՞նչ ենք անում մենք։ Արդարացնում ենք մեր բարկությունը՝ վայրկյան անգամ չզղջալով։

 

Հաճախակի բարկությունը խոսում է այն մասին, որ մարդ լայնախոհ չէ և դժվարանում է լիարժեք պատկերացնել իրավիճակը, լուծումներ փնտրել։ Բարկությունը հեռացնում է մեզ մի շարք շնորհներից, որ ստացել ենք Աստծուց՝ ներողամտություն, մեծահոգություն և այլն։ Լինելով գրավիչ թակարդ ցանկացած խնդրի պարագայում՝ այն կործանում է մեզ՝ թողնելով միայնակ մեր խնդիրների ու մեղքերի հետ։

 

«Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- գրում է Մանդակունին։ Երբ մի պահ հիշենք մեզ՝ բարկացած իրավիճակներում, կտեսնենք, թե որքան ենք հեռանում ճշմարտությունից, ստեղծում հնարովի պատմություններ, հորինված իրականություն, որով էլ զայրացնում ենք ինքներս մեզ։ Մինչդեռ կարող էինք, առանց լրացուցիչ խնդիրներ ստեղծելու, ճիշտ ընկալել իրականությունն ու լուծումներ գտնել։

 

Այնուամենայնիվ, գոյություն ունի նաև արդարացված բարկություն, որը ոչ թե ծնում է չարիք, այլ չարիքի դեմ է։ Աստվածաշնչյան մի շարք դրվագներում տեսնում ենք, թե ինչպես են չարիք գործելով՝ արժանանում Աստծո բարկությանը, որը նպատակ ունի ոչ թե պատժելու ու կործանելու, այլ բարձրացնելու ու փրկելու։

 

Ուստի՝ մենք էլ, ապաշխարելով մեր գործած անտեղի բարկության համար, փորձենք մեր հոգիները լցնել դրա հակադիր առաքինությամբ՝ հեզությամբ․ «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ․ 11։29),- ասում է Քրիստոս։ Ինչպես նաև ինը երանիներում հիշատակելով հեզերին՝ ասում է․ «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթ․ 5։5)։ Հեզությամբ է, որ հաղթելու ենք ոչ միայն բարկությանը, այլ հարթելու ենք մեր ուղին՝ որպես իրական քրիստոնյաներ։ Հեզությամբ է, որ մեր հոգին լցվելու է աստվածային լույսով՝ ջանալով մոտենալ Աստծուն և աստվածայինին։ 

 
  • 2022-03-25
×